«Դա ամենաանսպասելի ու ցանկալի նվերն էր, որ կարող էի ստանալ»․ Գոշ Հակոբյանը՝ 23-ամյակի մեծ անակնկալի մասին
Դերասան Գոշ Հակոբյանն այսօր նշում է 23-ամյակը, ինչի առթիվ Tert.am Life-ը զրուցել է հոբելյարի հետ։
Գոշի խոսքով՝ տարեդարձը սիրում է, քանի որ ընկերներն իր օրն ուղղակի տոն են դարձնում։ Չնայած այս տարի անհամեմատ ավելի պասիվ օր է ունենալու, ամեն դեպքում, չի նեղվել։
«Ընդհանուր առմամբ, չեմ տխրել, որ այս տարի խիստ սահմանափակումներով եմ նշելու ծնունդս։ Տարեդարձի խորհուրդն ինձ համար միշտ նույնացվում է ընտանիքիս հետ,- ասաց Գոշն ու հավելեց, որ այս տարի տարեդարձի հետ կապված ծրագրեր է ունեցել,- Ամիսներ առաջ որոշել էի, որ շատ մեծ պետք է տոնեմ ծնունդս։ Ծրագրել էի մոտ 300 հյուր կանչել և հետաքրքիր ձևով կազմակերպել օրը։ Պատկերացնում էի, որ հրավիրելու եմ գործընկերներիս, ընկերներիս, բայց չստացվեց։ Երևի միակ նեղվելու պատճառն ինչ-որ չափով դա էր։ Ամեն դեպքում, այդպիսի մեծ տարեդարձ անպայման նշելու եմ, կարծում եմ, հաջորդ տարի կկարողանամ, իսկ այսօր կփորձեմ մտերիմ ընկերներիս ու ընտանիքիս հետ օրս հետաքրքիր կազմակերպել»։
Գոռը ժպիտով ասաց, որ ինքն անակնկալներ անել չի կարողանում, սակայն ընկերների հարցում բախտը բերել է։
«Շատ լավ ընկերներ ունեմ, որոնք կարողանում են այնպիսի անակնկալներ անել, որոնք մոռանալ չի լինի։ Այնպիսի անանկալներ ունեմ, որոնց մասին դեռ երկար կպատմեմ։ Մի քանի ամիս առաջ խոսքի մեջ ասել էի, որ երաժշտական գործիքներիցս մեկն ուզում եմ փոխել և նոր տարբերակը ձեռք բերել։ Պետք է իմ ունեցածը վաճառեի ու նորը գնեի։ Երեկ ինձ անակնկալի բերեցին՝ նվիրելով իմ սիրելի ապրանքանիշի ականջակալներ և երաժշտական այդ սարքը, որն ուզում էի, բայց դեռ չէի գնել։ Խոսքը DJ-ական պրոֆեսիոնալ սարքավորման մասին է։ Դա ամենաանսպասելի ու ցանկալի նվերն էր, որը կարող էի ստանալ»,-ասաց դերասանը։
Գոշի խոսքով՝ կեսգիշերի շնորհավորանքները չի կարևորում, կարևորում է ուշադրությունը, իսկ թե ով առաջինը կշնորհավորի, էական չէ։ Դերասանը ծիծաղելով հավելեց՝ առաջինը շնորհավորելու հարցում չեմպիոնները մայրիկն ու եղբայրն են։
Նա ասաց, որ տարեդարձի օրը շատ հետաքրքիր զգացողություններ է ունենում․ «Տարեդարձիս օրերին տխրում եմ։ Դա տարեդարձի կամ կողքից այլ հանգամանքների հետ կապված չէ, ուղղակի այդպես է լինում, որևէ բանով պայմանավորված չէ։ Իհարկե այնպես չէ, որ չեմ սիրում այդ օրը»։







