Թամար Կապրելյանի «Նվակ» երաժշտական նախագիծը կներկայացնի Կոմիտասի 5 ստեղծագործություն

19:10 • 16.04.20

Թամար Կապրելյանի հիմնադրած «Նվակ» երաժշտական նախագիծն Ապրիլի 24-ին կներկայացնի նոր ֆոլկ ալբոմ։

I cannot come out and play խորագրով ալբոմում զետեղված է Կոմիտասի 5 ստեղծագործություն։ Թամարը Tert.am Life-ին հայտնեց, որ այս աշխատանքն ի մի բերել և մոդեռն լուծումներ տալ իրեն օգնել են երաժիշտներ Միքայել Ոսկանյանն ու Սեպուհ Սիմոնյանը։

Մինչ այս «Նվակ»-ը ներկայացրել է ևս մի ալբոմ՝ Roses, որտեղ զետեղված էր 9 ստեղծագործություն։

Ամերիկահայ երգչուհին «Նվակ»-ը հիմնադրել է 2016 թվականին։ Այս նախագծով նա փորձում է հարթակ ստեղծել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար։

«Հայաստանում աշխատելն ինձ համար անձնական կարևորություն ունի։ Առաջին անգամ ես եղա այստեղ 2015-ին, երբ ընտրվեցի «Եվրատեսիլում» երկիրը ներկայացնող կազմում։ Այդ ընթացքում կրեատիվ փորձառություն ունեցա։ Ես ուզում եմ օգտագործել իմ հարթակն ու ձայնը լավ գործի համար՝ ներկայացնելու կանանց և աղջիկների ձայները»,- նշեց երգչուհին։

Թամարը հավելեց, որ գործունեության մեկնարկից 4 տարի անց «Նվակ»-ը համագործակցել է 1000-ից ավելի երիտասարդ երաժիշտների հետ Հայաստանից, Մալավիից և Իսրայելից։

Թամար Կապրելյանի «Նվակ» երաժշտական նախագիծը կներկայացնի Կոմիտասի 5 ստեղծագործություն