«Ամբողջ անձնակազմը սկսեց ախտահանիչներով պարել»․ Նատալյա Եփրիկյանը՝«Երեկոյան Ուրգանտ» շոուի ժամամակ պատմել է Ջերմուկում «կարանտինային» հարսանիքի ու հայաստանյան օրերի մասին
Comedy Women-ի աստղ Նատալյա Եփրիկյանն ավելի քան մեկ ամիս է՝ Հայաստանում է։ Օրերս նա նշել է իր տարեդարձը, ինչի առթիվ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» շոուն հարցազրույց է արել նրա հետ։
Ուրգանտը տեսաձայնի միջոցով կապ է հաստատել այս օրերին Ջերմուկում գտնվող Եփրիկյանի հետ։ Զրույցը բավականին հետաքրքիր է սկվել։ Ի պատասխան Իվան Ուրգանտի հարցին, թե Եփրիկյանն իր տարեդարձը տնից հեռու է նշել՝ Նատալյան արձագանքել է․ «Ես տանն եմ՝ Հայաստանում»։
Եփրիկյանը պատմել է, թե ինչպես են անցնում օրերը Հայաստանում․ «Արդեն վաղուց Հայաստանում եմ։ Այստեղ էի եկել դեռ կարանտինից առաջ, որովհետև գործեր ունեի։ Ավելի ուշ պետք է մեկնեի Վրաստան, սակայն փակվեցին սահմանները՝ բացելով նոր հնարավորություններ։ Կարծում եմ՝ Հայաստանի մասին ես ամեն ինչ կարող եմ պատմել, ցույց տալ բոլոր քաղաքները։ Ես հիմա գտնվում եմ մի հրաշալի վայրում՝ Ջերմուկ անունով»։
Նատալյան խոստովանել է՝ 80-ից ավելի շարժման թերթիկ է լրացրել, որոնց վրա գրված է․ դեպի ուր՝ ջրվեժ, նպատակը՝ նայել ջրվեժին։
Նա զվարճալի մի դրվագ է պատմել, թե ինչպես է մեկուսացման ընթացքում հյուրանոցի սրահում հանդիպել հարսանիքի․ «Առավոտյան 9-ին սրահում հարսանիք էր։ Մեծաքանակ մարդիկ՝ թմբուկներ, հարսի քող, բարեկամներ։ Նրանք բոլորը երգում ու պարում էին։ Ամբողջ անձնակազմը ախտահանիչներով սկսեց պարել։ Վախեցնող էր, բայց չէին կարող չպարել»:
Եփրիկյանն այստեղ վայելում է իր հանգիստը։ Նա Ուրգանտին ասաց, որ դադարել է մտածել առհասարակ, ապա հավելեց․ «Բացի քեզանից ինձ ոչ ոք չի զանգահարել այս ընթացքում։ Ես բոլոր չզանգահարողներին հորդորում եմ շարունակել չզանգել»։







