3 բան, որ Անելյա Գուբրյանն առաջինը կանի կյանքի բնականոն ռիթմին վերադառնալուց հետո
Երևանում տեղաշարժի սահմանափակում այլևս չի գործում, սակայն շատ քաղաքացիներ դեռ չեն վերադարձել կյանքի նախկին ռիթմին: Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը շարունակում է առօրյան ավելի շատ տան պայմաններում կազմակերպել:
Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան առանձնացրեց 3 բան, որ արել է կարանտինի ընթացքում և 3 բան, որ պետք է, անպայման, իրագործի, հենց վերադառնա կյանքի բնականոն ռիթմին:
«Այս ընթացքում դասերս եմ արել հավուր պատշաճի, քանի որ մինչև կարանտինը ժամանակի սղության պատճառով ոչ միշտ էի հասցնում: Երկրորդը, ավելի շատ ժամանակ եմ տրամադրել զարդերի իմ բրենդին: Նոր մտահղացումներ ունեմ: Երրորդը ընտանիքիս հետ շփումն է՝ մենք աշխատավորների ընտանիք ենք, օրերով, շաբաթներով իրար չենք տեսնում: Իրար հետ շատ ժամանակ ենք անցկացրեցինք ու մեր ընտանեկան կապվածությունը նոր թափ առավ»,- ասաց դերասանուհին:

Անելյան շատ է կարոտում ընկերական հանդիպումները, հիշում է, որ նախորդ տարի այս օրերին Երևանի գինու օրերն էին, որոնք ինքը վայելում էր. «Ամենից անհամբեր սպասում եմ ընկերներիս հետ Սարյան փողոցում գինի խմելուն: Կարոտել եմ նաև ընկերներիս հետ երևանյան երեկոյան զբոսանքները: Հաջորդը պիտի, անպայման, իրագործեմ գործնական գաղափարներս, որովհետև ինձ այլևս հանգիստ չեն տալիս: Խոսքս իմ բրենդի զարգացման մասին է: Երրորդը նկարահանումներիս եմ անհամբեր սպասում: Օրվա 20 ժամը շարժի մեջ եղած մարդու համար տանը նստելը շատ դաժան է: Ես սովոր եմ նկարահանումների տեմպին: Հիմա 2 նոր նախագիծ ունեմ, որոնց մասին առայժմ խոսել չեմ կարող: Հուսով եմ՝ շուտով կվերսկսենք աշխատանքները»:
Անելյան կարանտինը շատ խիստ է պահել չի հանդիպել նույնիսկ շատ մտերիմ մարդկանց: Այս ընթացքում միայն մեկ նկարահանում է ունեցել՝ էպիզոդիկ դեր է խաղացել «Կինստագրամ» սիթքոմում: «Նկարահանման ժամանակ բոլոր նորմերը պահպանվում էին՝ ջերմաչափումից մինչև դիմակ կրել: Առհասարակ, դուրս չէի գալիս, որովհետև չէի ուզում: Խնդիրն այն չէր, որ վախենում էի, նույնիսկ ցանկություն չունեի: Առաջ դուրս էի գալիս, որ ընկերներիս տեսնեի կամ ինչ-որ գործ անեի, երբ այդ ամենը չկար, դուրս գալու իմաստ չէի գտնում»,- ասաց մոդելը:
Թե ամենից շատ ում է կարոտել, Անելյան նախընտրեց գաղտնի պահել, հարցին՝ խոսքը սիրելիի՞ մասին է, նա ծիծաղելով արձագանքեց, որ դա էլ կարող ենք չհրապարակել:









