Մաշկի խնամք, սեր, սպորտ․ գեղեցիկ լինելու 5 խորհուրդ Տոմա Պետրոսյանից
Դերասանուհի Տոմա Պետրոսյանն իր արտաքինի հետ կապված բարդույթներ չի ունեցել։ Դերասանուհին ժպիտով նշեց, որ գիտի` նիհար է, սակայն դա երբեք բարդութավորվելու պատճառ չի դարձել իր համար։
Tert.am Life-ի ընթերցողի համար Տոման առանձնացրել է գեղեցիկ լինելու իր 5 խորհուրդ։
Նրա խոսքով՝ ցանկացած բան, որը կապված է մարդու ընկալման հետ՝ խիստ անհատական է և բացառություն չէ նաև գեղեցիկը տեսնելն ու գեղեցիկ կամ տգեղ համարելը։
«Բարդույթներ չունեմ և չեմ էլ ունեցել։ Գիտեմ որ նիհար եմ, սակայն դա, չեմ կարծում, բարդույթավորվելու պատճառ է։ Գեղեցկությունը խիստ սուբյեկտիվ ընկալվող բան է, որը միշտ մարդու ներքին զգայական դաշտի արտացոլումն է լինում։ Կան արժեքներ, որոնք գեղեցիկ են և կգեղեցկացնեն յուրաքանչյուր մարդու։ Եթե ինքս իմ պատկերացրած գեղեցիկի մասին խոսեմ, ապապետք է թվեմ մի շարք ներքին հատկություններ»,-ասաց դերասանուհին։
Անդրադառնալով հինգ խորհուրդներին՝ Տոման ասաց․
1. Շպարով չքնելը, կարծում եմ, ամենակարևոր բաներից մեկն է, որն անմիջապես կապված է մարդու խնամքի հետ։ Չգիտեմ ինչու առաջինը դա մտքիս եկավ։ Որքան էլ գերզբաղված առօրյա ունենանք կամ հոգնած լինենք, քնելուց առաջ անպայման պետք է հեռացնել շպարը։ Առհասարակ քնելուց առաջ մաշկը լավ խնամքի կարիք է ունենում։ Եթե օրվա ընթացքում զբաղվածությունը մեծ է, մինչև քնելը կարող ենք ժամանակ տրամադրել դրան, մի քանի րոպեն հաստատ չի խանգարի։
2. Սպորտն ու մարզվելը առողջ ու խնամված լինելու կարևորագույն կետերից են։ Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է՝ և՛ ներքին տեսանկյունից է լավ, և՛ արտաքին։ Կարևոր է, թե մենք ներքուստ ինչպես ենք զգում մեզ։
3. Մարդուն գեղեցկացնում են բարության ու երախտագիտության զգացողությունները։ Շնորհակալ լինելու կարողությունը միանգամից արտացոլվում է դեմքին, բարությունն էլ չի կարող իր արտացոլումը չունենալ մարդու դիմագծերի վրա։
4. Ընթերցանությունը պակաս կարևոր նախապայման չէ։ Ես վստահ էմ, որ ընթերցող աչքերը յուրահատուկ փայլն են ունենում։ Կարող ենք հոգեպես հանգստանալ, երբ ընթերցում ենք, ինչը կերևա մեր դիմագծերի վրա։
5. Սերը․․․ Առհասարակ սիրելն ու սիրով լցված լինելը։ Դա շատ գեղեցիկ զգացմունք է և մարդուն էլ շատ է գեղեցկացնում։









