«Եկել է ժամանակը, որ Ռաֆոյից վրեժ լուծեմ». Վարդան Սարգսյանը Ռաֆայել Երանոսյանի հետ կներկայացնի «Խենթ, խենթ, խենթ» երգը
Հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը և դերասան Ռաֆայել Երանոսյանն անակնկալ ունեն իրենց երկրպագուների համար. նրանք նոր գործիքավորմամբ կներկայացնեն «Խենթ, խենթ, խենթ» ստեղծագործությունը, որի հիման վրա հումորային հոլովակը շուտով կնկարահանվի:
Tert.am Life-ը Վարդանի հետ զրուցել է Ռաֆայելի հետ համագործակցության նախապատմության, «Կարգին հաղորդման» հայտնի սքեթչի մասին:
Վարդանն ասաց, որ համագործակցության առաջարկն ինքն է արել, դեռ 2019-ին են քննարկել մանրամասներն ու ձայնագրել երգը. «Շնորհիվ Ռաֆոյի` երգը լայն տարածում գտավ դեռ 10 տարի առաջ: Հետաքրքիրն այն է, որ մինչև հիմա շատերը գիտեն այն: Խոսքերը նույնն են, իսկ ակումբային երաժշտությունը դարձրել ենք 6/8 ձևաչափում: Այդպես արեցինք, որպեսզի դառնա հայկական խնջույքների երգ: Գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, բայց դեռ չենք նկարահանել: Ամեն ինչ պատրաստ էր, մարտին մեկնելու էինք Շրի Լանկա` նկարահանումների, բայց կորոնավիրուսը խախտեց մեր պլանները: Մի քանի օր առաջ Ռաֆայելի հետ այլընտրանքային տարբերակներ էինք քննարկում: Եթե հունիսին սահմանները չբացվեն, հոլովակը Հայաստանում կնկարահանենք: Հայաստանում նկարահանման սյուժեն դեռ չենք քննարկել, բայց հաստատ հումորային լուծքւմ կտանք»:
Խոսելով Շրի Լանկայում նկարահանման սյուժեի մասին` Վարդանն ասաց, որ գաղափարի հեղինակներն ինքը, Ռաֆայելը և Արենն են։ «Սյուժեի մեջ կա հայտնի սքեթչի գաղափարը: Եկել է ժամանակը, որ Ռաֆոյից վրեժ լուծեմ (ծիծաղում է,-հեղ.): Եթե ստացվի գնալ Շրի Լանկա, հոլովակում կնկարահանվեն նաև տեղի բնակիչները, որոնք նոր գույն կտան հոլովակին»,- ասաց նա և հավելեց, որ թեև հումորային սքեթչը երգին ճանաչում բերեց, այնուամենայնիվ, ինքը կարծում է, որ եթե այն լսվող չլիներ, այդպիսի տարածում չէր ունենա։
Վարդանի հետ խոսեցինք նաև այն մասին, որ ժամանակին շատերն իր անձի հետ կապված էլ էին հումորներ անում, իրեն այլ կերպ էին ընկալում։ «Շնորհակալ եմ Ռաֆայելին, Մկրտիչ Արզումանյանին և Հայկ Մարությանին, որ տարիներ առաջ անդրադարձան իմ երգին: Պետք է նշեմ, որ ինչքան էլ երգը տարածում գտավ, սքեթչից հետո մարդիկ այլ կարծիք ունեին իմ մասին, ինձ այլ կերպ էին ընկալել: Քանի որ «Խենթ, խենթ, խենթ»-ից հետո երկար տարիներ այլ տեսահոլովակ չունեի, մարդիկ, սքեթչը դիտելով, ինձ այդպիսին էին պատկերացնում: Այն ժամանակվա համար իմ հագուստը շատ ոճային էր, հիմա, բնականաբար, կարող է ծիծաղ առաջացնել: Վստահ եմ, բոլորս էլ ունենք հին լուսանկարներ, որոնք հիմա ծիծաղ են առաջացնում: Այսօր մարդիկ ինձ բացահայտել են ճիշտ կողմից ու այլ կերպ են ընկալում»,- ասաց նա։
Վարդանի խոսքով` երբևէ չի նեղսրտել այն հումորային ալիքից, որ եղել է իր անձի շուրջ. «Ես բնավորությամբ շատ դրական մարդ եմ ու ամեն ինչին հումորով եմ վերաբերում: Ռաֆայելին վաղուց եմ ճանաչում, նույնիսկ, երբ սքեթչը չկար, մեր հանդիպումների ժամանակ միշտ իմ և Մայքլ Ջեքսոնի նմանակումն էր անում»:


Մարիամ Խաչատրյան







