«Մեր գործունեությունը զրոյից ենք սկսում». X-Factor, «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից Տյոմը ակումբներում այլևս չերգելու պատճառի և նոր բենդի մասին
Երկար տարիներ ակումբներում հանդես գալուց հետո երիտասարդ երգիչներ Արտյոմ Հակոբյանը` Տյոմը, Էմմա Հովհաննիսյանը, Արևիկ Գրիգորյանը և Ջուլիետտա Գրիգորյանը որոշել են ունենալ իրենց առաձին` «On play» բենդը և մուտք գործել հայկական շոու բիզնես:
Tert.am Life-ի հետ զրույցում Տյոմը պատմեց ակումբային գործունեությունը թողնելու պատճառի, որպես բենդ իրենց առաջին համերգի և սպասվելիք նորությունների մասին:
Տյոմի խոսքով` ակումբային գործունեությունը թողնելն այնքան էլ հեշտ չէր. «Մեզնից յուրաքանչյուրն անցած ճանապարհ ունի, այս ասպարեզում նորեկ չենք, բայց հիմա մեր գործունեությունը, կարծես, զրոյից ենք սկսում: Երկար տարիներ ակումբային կյանք էինք վարում, բայց որոշեցինք նկարահանել հոլովակներ և մեծացնել մեր լսարանը»,-ասաց նա:
Պարզվում է` խումբը բավականին մեծ է. բացի չորս մենակատարը, խմբում են նաև երաժիշտներ Դավիթ Պարոնիկյանը, Արեգ Օրդյանը, Նարեկ Խեչումյանը, Ջանիկ Ջանոյանը, Դմիտրի Արզումանյանը, Դանիել Մելքոնյանը, DJ Beatmen-ը:
Տյոմն ասում է` խմբի կազմը շատ մեծ է, բայց դա արդարացված է, քանի որ որակյալ աշխատանք են ներկայացնում։ «Մեր ամեն քայլը փոխհամաձայնությամբ ենք անում: Երբ որոշում ենք նոր երգ կատարել, հավաքվում ենք, քննարկում: Մենք մեկ ընտանիք ենք, ոչ մի տարաձայնություն չենք ունենում, հեշտ ենք լեզու գտնում իրար հետ: Խմբում մարդիկ կան, որոնց ճանաչում եմ արդեն տասը տարի,- ասաց նա և հավելեց, որ բենդի անդամները կարող են հանդես գալ նաև որպես առանձին կատարողներ: - Արևիկ Գրիգորյանը մեկ այլ նախագծում էլ է հանդես գալիս: Մենք չունենք խմբի ղեկավար, չենք պատկանում որևէ կազմակերպության, ուղղակի հավաքվել ենք լավ գաղափարի շուրջ, միմյանց երբեք չենք սահմանափակելու»:
Ըստ երգչի` իրենց հիմնական ոճային ուղղությունը փոփն է, բայց երգացանկում այլ ոճերի երգեր էլ ունեն. «Ներկայացնելու ենք հայկական և համաշխարհային հիթեր, կունենանք նաև մեր հեղինակային երգերը: Երբ համաճարակային իրավիճակը մեղմանա, շատ նորություններ կլինեն, բայց փակագծերը բացել չեմ ցանկանում»:
Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում բենդն ունեցավ իրենց առաջին համերգը. «Համերգի նախորդ օրը շատ մեծ աջակցություն ստացանք թե՛ երգիչ-երգչուհիների, թե՛ մեր հանդիսատեսի կողմից: Չէինք լարվում, քանի որ միասին բազմիցս հանդես ենք եկել: Այս օրերին բոլորը տարածում էին մեր էջը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մեր կողքին են»:
Տյոմը նշեց, որ կորպորատիվ միջոցառումների ժամանակ նախկինում շատ են երգել, հիմա էլ կշարունակեն ներկայանալ` առանց երգացանկի ոճը փոխելու. «Մենք արդեն տարբերվում ենք, ունենք մեր ուրույն տեղը լսողների մոտ: Աշխատելու ենք ոչ թե գումարի, այլ որակյալ աշխատանք ներկայացնելու համար»:



Մարիամ Խաչատրյան







