«Դստերս ասում էի` ձայնագրենք իրեն, չէր համաձայնում». Արփիի նոր տեսահոլովակի մանրամասներն ու դստեր երգը
Երգչուհի Արփին նոր տեսահոլովակ ունի, որի նկարահանումները տեղի են ունեցել օրեր առաջ: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ նոր աշխատանքի պրեմիերան չի ուշանա:
«Իմն ես» կոչվող երգին երգչուհու երկրպագուները ծանոթ են դեռ 2009 թվականից. երաժշտության հեղինակը Դեր Հովան է, խոսքերի հեղինակներն Արփին և Դավիթ Միրոյանն են: Արփին ասաց, որ վերցրել է երգի իր հատվածը և նախորդ տարի ձայնագրել է նոր գործիքավորմամբ։
«Այդ երգը ժամանակին բավականին հանրահայտ էր: Այն նորովի գործիքավորեց հենց Դեր Հովան, խոսքերի մեջ էլ փոխեցի ընդամենը մեկ բառ: Այդ փոքրիկ փոփոխության արդյունքում այն ավելի մանկական է դարձել»,- ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորն Արփիի և ամուսնու`թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանի ընկերներից մեկը` Մկրտիչ Խաչատրյանն է. «Ինձ համար ինչքան պարզ, այնքան գեղեցիկ տեսահոլովակ է: Քանի որ կակաչների, բնության ծաղկման շրջան է, որոշեցինք հոլովակը բնության գրկում` Ոսկեվազ գյուղի շրջակայքում նկարահանել: Տեղի բնակիչներն ասում էին, որ այս տարվա չափ առատ կակաչներ լինում են 7 տարին մեկ անգամ»:
Ըստ երգչուհու` հոլովակը սյուժետային գիծ չունի, նկարահանվել է նաև իր դուստրը` Արևիկը. «Պարզապես ես ու աղջիկս պսակ ենք գործում, ծաղիկ քաղում։ Մի փոքր հատված էլ Արևը Կոմիտասի «Կաքավիկ»-ն է երգում»:

Արփիի խոսքով` Արևիկի երգելու հատվածը վաղուց է ձայնագրել։ «Երկրորդ բալիկս նոր էր ծնվել, անընդհատ դստերս ասում էի` գնանք ստուդիա ու ձայնագրենք իրեն, բայց չէի կարողանում համոզել: Մի օր լսեցի, որ եղբոր օրորոցի մոտ երգում է «Կաքավիկ»-ը, խնդրեցի ևս մեկ անգամ երգել ու ձայնագրեցի: Այդ ժամանակ Արևիկը դեռ երկուսուկես տարեկան էր: Ուղարկեցի Դեր Հովային, փոքրիկ ուղղումներ արեց: Արևիկը մեր տանն անընդհատ լսել էր այդ երգը, չերգել ուղղակի չէր կարող: Հիմա 5 տարեկան է, ամբողջ օրը երգում է եղբոր, խոհանոցի, շերեփի մասին»,- ծիծաղելով պատմեց երգչուհին:
Արփիից հետաքրքրվեցինք` իր մեղեդային երգերը որքանո՞վ են պահանջված կորպորատիվ միջոցառումների ժամանակ։
«Ես դժգոհ չեմ: Բացի իմ անհատական կարիերան, բենդի հետ եմ երգում, բավականին պահանջված ենք, շատ առիթների ենք մասնակցում: Աստղաբաշխական գումարների հետևից չեմ ընկնում, ուղղակի սիրով եմ անում իմ գործը: «Մախմուր աղջիկ» երգը մինչև այսօր երգում եմ հարսիկի ավանդական պարի ժամանակ»,- եզրափակեց նա:



Մարիամ Խաչատրյան







