«X Ֆակտոր 4» և «Դեպի Եվրատեսիլ» մրցույթներից հայտնի «Ալտերնատիվ» խմբի նոր հոլովակն ու այս ընթացքում գումարը ծախսելու տարբերակը

19:22 • 04.06.20

«Ալտերնատիվ» փոփ-ռոք խումբը, որը հայտնի է «X ֆակտոր 4» և «Դեպի Եվրատեսիլ 2018» մրցույթներից, այս շրջանում ակտիվացրել է գործունեությունը։ Խումբը նոր երգ և հոլովակ է ներկայացրել:

Tert.am Life -ի հետ զրույցում խմբի վոկալիստ Սարգիս Բուռնազյանն ասաց, որ «Hold me» երգի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց ինքն է, գործիքավորումն արել են ամբողջ խմբով:

«Այն մեր խմբի ամենահին երգերից է, որն արխիվում էինք թողել: Որոշեցինք ձայնագրել, քանի որ գեղեցիկ է: Այս երգի հիմնական հաղորդագրությունն այն է, որ պետք չէ հետ վերադառնալ ու փորձել ինչ-որ բան փոխել, պետք է հետ նայել` միայն լավ պահերը վերապրելու համար»,- ասաց երգիչը:
Մինչև այս երգը տղաները ձայնագրել էին «Quarantine Anthem» երգը, որի հեղինակը ևս Սարգիսն է. «Երգում բարձրաձայնում եմ մարդկանց անկարգապահության խնդիրը պանդեմիայի օրերին: Սկզբում մտածում էինք, որ համացանցում կտեղադրենք ակուստիկ տարբերակը, բայց քանի որ երգը մեզ շատ էր դուր եկավ, որոշեցինք հոլովակ նկարահանել»,-ասաց նա:



Սարգսի խոսքով` ի տարբերություն այն մարդկանց, ովքեր իրենց գումարները այս օրերին ծախսում են ուտելիքների պաշարների վրա, իրենք ներդնում են նոր աշխատանքի համար. «Հոլովակը սյուժե չունի, նկարահանել ենք երգի ձայնագրման ընթացքը, օպերատորն Արմեն Միրաքյանն է, ռեժիսորը` եղբայրս` Կարապետ Բուռնազյանը: Ովքեր մեզ հետևում են, միայն դրական մեկնաբանություններ էին գրել: Հիմա բոլորը ընկճված են, տխուր, այս երգով նաև ցանկանում ենք ասել` նույնիսկ բարդ իրավիճակում պետք է պահել դրական տրամադրվածությունը»:

Անդրադառնալով այն փաստին, որ իրենց խումբը երգում է միայն անգլերեն երգեր, Սարգիսը նշեց, որ փորձում են այդ կերպ լսելի լինել նաև Հայաստանի սահմաններից դուրս. «Ճիշտ է, կա նաև հակառակ կողմը. երբ երգն անգլերեն է, Հայաստանում քիչ լսարան է ունենում, բայց ես ավելի լավ եմ կարողանում ինքնարտահայտվել անգլերենով»,- ասաց նա:



Մարիամ Խաչատրյան

«X Ֆակտոր 4» և «Դեպի Եվրատեսիլ» մրցույթներից հայտնի «Ալտերնատիվ» խմբի նոր հոլովակն ու այս ընթացքում գումարը ծախսելու տարբերակը