«Մարդիկ սխալ պատկերացում ունեն վիրուսի մասին». Գոռ Համբարձումյանը` կորոնավիրուսով վարակվելու և բուժման ընթացքի մասին

15:54 • 13.06.20

Դերասան Գոռ Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով, բայց իրեն լավ է զգում: Դերասանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ չգիտի` ումից է վարակվել, բայց միշտ հետևել է պարետատան կանոններին ու դիմակ կրել:

«Մոտ հինգ օր առաջ երկու օր ոչ բարձր ջերմություն ունեցա, հետո նաև հոտի, համի զգացողության կորուստ: Երեկ հանձնեցի թեստը, այսօր դրական պատասխան ստացա: Քանի որ թոքերս ախտահարված չեն, տնային բուժման մեջ եմ: Առանձնապես դեղեր էլ չեմ խմում, հիմնականում վիտամիններ են: Մենակ չեմ, ընտանիքիս անդամների հետ եմ: Բոլորս տանն ենք ու տնից դուրս չենք գալու: Բացի ինձնից ոչ ոք վարակված չէ: Չնայած ծնողներս տարիքով են` բարձր իմունիտետ ունեն: Այն վիտամինները, որոնք ես եմ օգտագործում, իրենք էլ են խմում»,-ասաց նա:

Գոռի խոսքով` կորոնավիրուսը հարբուխից ոչնչով չի տարբերվում և սարսափելի ոչինչ իր դեպքում չկա. «Ուղղակի պետք է մեծերի, խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց հանդեպ ուշադիր լինենք, որ նրանց չվնասենք: Ինքս թեթև եմ տանում ամեն ինչ: Եթե վիճակս ծանր լիներ, գուցե հոգեպես չհաղթահարեի վարակվելու հանգամանքը, բայց քանի որ ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չկա: Հիմա նույնիսկ ջերմություն չունեմ, գրիպային վիճակ է, ինձ լավ եմ զգում: Երկու-երեք օրից վարակման շրջանը կանցնի, բայց դեռ մի քանի օր մեկուսացած կմնամ»:

Դերասանը նշեց, որ վիրուսի հանդեպ մարդկանց վերաբերմունքը շատ սխալ է. «Մարդիկ կուլիսային խոսակցություններ են լսում և կարծիք կազմում: Փաստն այն է, որ կորոնավիրուս կա, ես էլ վարակված եմ: Անկախ նրանից` այս վիրուսն ինչպես է առաջացել, պետք է ուշադիր լինել ու հետևել կառավարության հորդորներին»:

Հարցին, թե այս օրերի ընթացքում նշանածի` դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հետ շփում ունեցե՞լ է, Գոռը պատասխանեց. «Այս շրջանում ոչ մեկի հետ չեմ շփվել, հետևաբար` ոչ մեկին չեմ վարակել»:




Մարիամ Խաչատրյան

«Մարդիկ սխալ պատկերացում ունեն վիրուսի մասին». Գոռ Համբարձումյանը` կորոնավիրուսով վարակվելու և բուժման ընթացքի մասին