Հրաչուհի Ութմազյանի անակնկալը Հակոբ Հակոբյանի 32-ամյակին

14:35 • 23.06.20

Երգիչ Հակոբ Հակոբյանն այսօր նշում է 32-ամյակը: Tert.am Life -ի հետ զրույցում հոբելյարն ասաց, որ օրը կեսգիշերին է սկսվել:

«Նկարահանումից հետո ինձ հետ էին Արմենն ու «Խաբկանք» հեռուստասերիալում Անիին մարմնավորող Միլենան: Եկանք մեր տուն ու ծնողներիս հետ նշեցինք ծնունդս: Գիշերը տեսազանգի միջոցով կապ հաստատեցինք արտերկրում ապրող բարեկամներիս հետ,-ասաց նա և հավելեց, որ ամեն տարիքի մեջ մի գեղեցիկ բան կա, որը փորձում է գտնել: -Ինչքան մեծանում ես, այնքան շատ բան ես հասկանում: Մի այսպիսի խոսք կա` երանի երիտասարդությունն իմանար, ծերությունն էլ կարողանար: Ինձ այս տարիքում շատ եմ սիրում, քանի որ քիչ եմ սխալվում»:

Հակոբին այսօր անակնկալ է մատուցել Հրաչուհի Ութմազյանը: «Առավոտյան ինձ զանգեցին ու ասացին, որ ինչ-որ կազմակերպություն փուչիկներ ու գիրք է ուղարկում ինձ: Սկզբում ինձ թվաց` բերում են, որ հետո ես տեղադրեմ Ինստագրամի սթորի բաժնում ու նշեմ իրենց, այդ պատճառով չէի ցանկանում, բայց շատ պնդեցին: Երբ բերեցին, բացիկից հասկացա, որ Հրաչուհի Ութմազյանի անակնկալն է, քանի որ գրված էր` «Հակոբիկ, քեզի համար փալոններ բերած եմ»: Այդ տողերը ներկայացումից մի հատված է»:

Երգիչը ծննդյան օրը կշարունակի Սևանում` ամենամոտ մարդկանց հետ. «Ծնողներս չեն գալու, նրանց հետ այս շրջանում քիչ եմ շփվում, չեմ համբուրում, քանի որ վախենում եմ վարակված լինել ու նրանց վարակել: Մի քանի ընկերներիս հետ ենք լինելու: «Խաբկանք»-ի անձնակազմն այսօր նկարահանման է: Սերիալի անձնակազմից այսօր միայն Միլենան է մեզ հետ լինելու, քանի որ նկարահանման չէ: Բացի այդ, եթե նրանք գային, թվաքանակով շատ կլինեինք: Մի առանձին օր նրանց հետ էլ կնշենք»:

Հակոբը սովորաբար բեմից բոլորին խորհուրդ է տալիս երազանքներ մտապահել, քանի որ դրանք կատարվելու սովորություն ունեն, իր խորհրդին առաջինն ինքն է հետևում. «Ինքս էլ միշտ մտապահում եմ երազանք, քանի որ իմ երազանքները կատարվում են: Այս տարի էլ բացառություն չի լինի, արդեն գիտեմ, թե ինչ երազանք եմ մտապահելու, բայց չեմ բացահայտի, մինչև կատարվի»:




Մարիամ Խաչատրյան

Հրաչուհի Ութմազյանի անակնկալը Հակոբ Հակոբյանի 32-ամյակին