«Առաջարկների պակաս չեմ ունեցել». Միլենա Վարդանյանի նոր կերպարը, ոճափոխությունն ու լռության պատճառը

15:34 • 23.06.20

Դերասանուհի Միլենա Վարդանյանը զբաղվածություն ունի «La casa de papa» վեբ սերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ տևական ժամանակ չնկարահանվելու ընթացքում առաջարկների պակաս չի ունեցել, բայց մերժել է դրանք:

«Առաջարկվող կերպարները ինձ դուր չեն եկել: Կարևոր է, որ կերպարն ինձ հետաքրքրի, հնարավորություն տա ցուցադրել դերասանական հմտություններս, նորը բացահայտի իմ մեջ: Որոշեցի սպասել այնպիսի նախագծի, որն ինձ կհետաքրքրի: «Լա կասա դե պապա»-ում նկարահանվելու առաջարկը ստացել եմ դերասան Անդրանիկ Հարությունյանից, ասաց, որ իրենց ռուսերենին հրաշալի տիրապետող դերասանուհի է պետք»:

Միլենայի հերոսուհին, երեք եղբայրներից մեկի՝ Ալիկի ընկերուհին է, ով Հայաստան է եկել Ռուսաստանից. «Իմ հերոսուհին`Նատաշա Գագարինան, ինձնից շատ տարբեր է, լրիվ այլ վարք, տեսք ունի, սիրում է խմել: Միակ բանը, որն ընհանուր է իմ ու Նատաշայի միջև` լավատեսությունն է: Ես էլ շատ դրական մարդ եմ ու փորձում եմ ցանկացած իրավիճակում լավը մտածել»:

Դերասանուհին նախագծի համար նաև համարձակ ոճափոխության է դիմել. «Այս նախագծում լրիվ այլ կերպարում եմ, կրում եմ կարմիր կեղծամ: Իրականում այդ գույնով չէի ներկի մազերս, քանի որ աչքերիս շականակագույն երանգի հետ գեղեցիկ չէր լինի, իսկ սերիալում կանաչ լինզաներ եմ դնում, որոնց հետ մազերի գույնը շատ գեղեցիկ է դիտվում»:

Միլենան նկատեց, որ իր կերպարի հետ կապված մեկնաբանությունները դրական են, ինչից շատ է ուրախանում. «Հաճելի է, որ այս դժվարին ժամանակներում կարողանում ենք մարդկանց դրական էներգիա փոխանցել»:





Մարիամ Խաչատրյան

«Առաջարկների պակաս չեմ ունեցել». Միլենա Վարդանյանի նոր կերպարը, ոճափոխությունն ու լռության պատճառը