Իրինա Այվազյանն ու գաղտնի հերոսուհին՝ Գևորգ Մկրտչյանի նոր տեսահոլովակում
Երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, որի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել նոր աշխատանքի մանրամասները:
«Девочка с Инстаграма» կոչվող երգի երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, խոսքերի հեղինակն Անաստասիա Բրուխտին է: Հոլովակի ռեժիսորները Տիգրան Ավետիսյանն ու Դավիթ Ավագյանն են:
Երգը ռուսերեն է, բայց, Գևորգի խոսքով, տարբերվում է իր ռուսալեզու մյուս երգերից. «Նախորդ երկու երգերս սիրողական են եղել, կոմերցիոն բնույթ չեն կրել: Շատ կարծիքներ կան, որ իմ երգերը նման են իրար, այդ պատճառով որոշեցի այնպես անել, որ այս մեկը տարբերվի: Երգի լեզվի ընտրությունն արդարացված է, քանի որ փորձում ենք աշխատել նաև ռուսալեզու լսարանի համար»,- ասաց երգիչը:

Գևորգը նշեց, որ տեսահոլովակը նկարահանել են 24 ժամվա ընթացքում և վստահեցրեց, որ պարետատան սահմանած կանոնները չեն խախտել, հնարավորության դեպքում դիմակ են կրել: Պրեմիերան նախատեսում են հուլիսի 15-ին:
Անդրադառնալով տեսահոլովակի սյուժեին` երգիչն ասաց. «Տեսահոլովակը Ինստագրամ սոցիալական ցանցի խաբուսիկ լինելու մասին է: Ինստագրամի աղջիկները իրական կյանքում չեն համապատասխանում իրենց տեղադրած լուսանկարներին, իրականում նրանց տեսնելով` զարմանում ես: Հենց սա եմ հումորային տարբերակով ներկայացնում տեսահոլովակում»:
Տեսահոլովակում նկարահանվել է նաև Գևորգի ընկերուհին` դերասանուհի Իրինա Այվազյանը, բայց այս անգամ ոչ գլխավոր կերպարով. «Գլխավոր հերոսուհուն դեռ չեմ բացահայտի, բայց շատ հումորային կերպար է: Իրինան այս անգամ փոքր, բայց կարևոր կերպարում է հանդես եկել: Նա ևս նկարահանվեց, քանի որ հետևորդներս միշտ ասում են, որ առանց Իրինայի չպետք է տեսահոլովակ նկարահանեմ: Նրանց ցանկությունը հաշվի առա»:







Մարիամ Խաչատրյան







