Հայ-ուկրաինական Samuum խումբը՝ բրիտանական մեդիայի ուշադրության կենտրոնում․ խմբի դեբյուտային տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում
Լուսինե Քոչարյանին լսարանը կհիշի ուկրաինական «Голос» հեռուստաշոուից, որի ժամանակ «Սարերի հովին մեռնեմ» կատարումը Youtube-ում 6,4 մլն դիտում ունեցավ և հայտնիություն բերեց։ «Blue» խմբից Սայմոն Ուեբբը նրան համեմատեց Թոնի Բրեքսթոնի հետ։
Լուսինեն, սակայն,, չգնաց դեպի փոփ, ստեղծեց «Սամում» նախագիծը՝ մարտահրավեր նետելով մերձարևելյան մշակույթին։ Արևմտյան մամուլը միանգամից ուշադրություն դարձրեց խմբի կոնցեպտին։ Հեղինակավոր DIY MAG (London)-ը, հուլիսյան համարում հրապարակեց Samuum-ի պոստերը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացավ բրիտանական լեգենդար CLASH magazine-ի կայքում․ այստեղ իրենց պրեմիերան են ունեցել այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ James Blake-ը, The XX-ը, Stormzy-ը, King Krule-ը, Future-ը։ Երգին անդրադարձել են նաև բրիտանական «Chimeo» և «Yorkshire Times» ամսագրերը՝ երգին տալով 5 բալ հնարավոր 5-ից։ Լուսինեին համեմատել են այնպիսի աստղերի հետ, ինչպիսին են՝ M.I.A-ն, Cristal Castles-ն։

«Մարիա» երգով Անդրանիկն ու Լուսինեն փորձում են բացահայտել մերձարևելյան մշակույթի կորցկած երեսը, միևնույն ժամանակ, սա աջակցություն է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կանանց ազատագրական շարժումներին։
«Մերձավոր Արևելքն անվերադարձ փոխվել է, նրա հետ նաև մենթալիտետն ու մերձարևելյան աղջկա մտածելակերպը,- ասում է Լուսինեն,- Ես ինձ հայկական, մերձավոր արևելքի մշակույթի մի մասն եմ համարում, շատ եմ սիրում իմ արմատները։ Բայց չեմ վախենում խոսել նաև մեր մշակույթի «մութ անկյունների» մասին։ Դա կարևոր է հենց նրա զարգացման համար»:
Հեղինակները «Մարիա» երգի տեքստով թրոլ են արել տոքսիկ ավանդույթները։ Պատմությունը պատմում է տեսահոլովակի հերոսուհին։ Նա թվարկում է այն ամենը, ինչի հետ պետք է հաշվի նստի իր հասարակությունում և շահի «հեզ աղջկա» տիտղոսը։

Թրեքի էներգիան ճնշված է։ Այն աստիճանաբար բացվում, ընդարձակվում և պայթում է վերջում։ Խմբի անդամների խոսքով՝ այն ձայնային մետաֆորա է, թե ինչքան փակ, կաշկանդված ու անազատ է իրեն զգացել մերձարևելյան կինը՝ ավանդույթներով պայմանավորված կաղապարների պատճառով։
Հեղինակներն ասում են՝ տեսահոլովակը՝ լրիվ հակառակը, հեգնանք, հղում Փարաջանովի, Կիորաստամիի, Խոդորովսկու 60-ականների և 70-ականների պսիխոդելիկ ֆիլմերին։ Տեսահոլովակում հերոսուհուն գողանում են, որպեսզի ամուսնացնեն։ Աղջկան դա չի զարմացնում, ավելին՝ նա անտարբեր է. չԷ՞ որ իր աշխարհում այս ամենն այնքա՜ն սովորական է։ Ագրեսիվ ավանդույթի հանդեպ զիջողականությունն էլ ստեղծում է տեսահոլովակի լարվածությունը։ «Մարիան»-ն սպասվող դեբյուտային ալբոմի առաջին սինգլն է։ 2020թ․ Samuum-ը պլանավորում է թողարկել ևս 2 տեսահոլովակ։ Ալբոմը հայկական էթնոէլեկտրոնիկ, փանք, փսիխոդելիք հիփ-հոփի խառնուրդ է լինելու։ Այս պայթուցիկ խառնուրդը Մերձավոր Արևելքի կնոջ համար վերջնականապես խորը շունչ քաշելու և իր ներքին ուժի ողջ պոտենցիալը դուրս թողնելու հնարավորություն է:







