«Մեծ մարդու պես է մտածում». Յանա Դանիելյանը` դստեր ծննդյան խնջույքի փոխարեն նրա սենյակը վերանորոգելու, բակային խաղերին չմասնակցելու պատճառի և նրան ընտրության հնարավորություն տալու մասին
Հաղորդավար-ամուսիններ Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը` Ադելը, այսօր նշում է 9-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Յանան պատմել է կեսգիշերին անակնկալի, օրվա ծրագրերի, Ադելի նախասիրությունների մասին:
«Կեսգիշերին ընտանիքով իմ ծնողների տանն էինք, ծնունդը դեռ չէր սկսվել, երբ մայրս տորթով եկավ շնորհավորելու: Հետո ես ու Սուրենը տորթով, մոմերով շնորհավորեցինք մեր աղջկան։ Կեսգիշերից հետո հյուր եկավ սկեսուրս ու տորթով շնորհավորեց Ադելին: Նա շատ ուրախացավ, քանի որ ունեցավ երեք տորթ: Այսօր ոչ մի միջոցառում չենք կազմակերպելու, քանի որ այն, ինչ Ադելն էր ծրագրել կազմակերպել, արտակարգ իրավիճակի պայմաններում հնարավոր չէր: Նա մեծ խնջույք էր ցանկանում, որին ներկա կլինեին իր ընկերները, քույրիկները, եղբայրները, հարազատները»,-ասաց Յանան:

Ծննդյան խնջույքի փոխարեն ծնողները որոշել են հոբելյարի ննջասենյակը վերանորոգել: «Մոտ մեկ տարի է` մտածում ենք, թե ինչպես վերանորոգել, ինչ կահույք ընտրել։ Շատ մեծ էր մեր զարմանքը, երբ Ադելը որոշեց սենյակը ոչ թե վառ, աչքի ընկնող, այ պաստելային գույնի մեջ ներկել: Ադելն ասաց, որ թե՛ սենյակը, թե՛ կահույքը բաց կապուչինոյի երանգի մեջ է ցանկանում տեսնել: Նա շատ խաղալիքներ ուներ սենյակում, բայց ասաց, որ դրանց մեծ մասը տեղափոխենք, մի խոսքով` մեծի սենյակ է դառնում: Միգուցե շուտ չէ այսպիսի մտածողության համար, ճիշտ ժամանակն է»:
Յանայի խոսքով` Ադելը միշտ երկար է մտածել ինչ-որ բան անելուց առաջ: «Փոքրուց նրան հնարավորություն եմ տվել իր հետ կապված որոշումներն ինքնուրույն կայացնել: Մի քանի տարի առաջ խոսակցություն ունեցանք, որի ժամանակ խորհուրդ տվեցի`երկար մտածել, եթե ունի ընտրելու հնարավորություն, որպեսզի ընտրի ամենաճիշտ տարբերակը: Փաստորեն` դրանից հետո Ադելն այդպես է ապրում, գիտի, որ իր ընտրությունից շատ բան է կախված, մեծ մարդու պես է մտածում: Նա դա ստիպված չի անում, նրան դուր է գալիս այդպես ապրել,-ասաց Յանան և պարզաբանեց, որ ինքն էլ Ադելի տարիքում այդպիսին է եղել:- Իհարկե, անհնար է իմ մանկությունն ու Ադելի մանկությունը համեմատել, քանի որ հիմա կան անսահմանափակ ինֆորմացիա, հնարավորություններ, այլ հետաքրքրություններ, բայց ես էլ Ադելի տարիքում բավականին ինքնուրույն, կազմակերպված երեխա եմ եղել, միայն ժամանակների տարբերությունն է»:

Ըստ Յանայի` ի տարբերություն իր հասակակից շատ երեխաների` Ադելը սմարթֆոններից կախվածություն չունի, թեև օրվա ընթացքում որոշ ժամանակ անկացնում է համացանցում: «Նրա հետաքրքրությունները տարբերվում են իր հասակակից այլ երեխաների հետաքրքրություններից: Ադելը հետաքրքրվում է տիեզերքով, աստղերով, վավերագրական ֆիլմեր է դիտում մոլորակների մասին: Մենք չենք ուղղորդում նրան, ազատ ենք թողնում ընտրության հարցում, ինքն է ընտրում` ինչ դիտել: Այսպես մասնագիտության ընտրության և այլ հարցերում հեշտ կկողմնորոշվի»:
Յանան նաև ասաց, որ Ադելը բակային խաղերին չի մասնակցում. «Հարցն այն չէ,, որ մենք թույլ չենք տալիս, պարզապես բակային խաղերն իրենը չեն: Նույնիսկ, երբ ինչ-որ տեղ ենք գնում, որտեղ շատ երեխաներ կան, նա առանձնանում է իր հետաքրքրությունների հետ: Պետք է ասեմ, որ ոչ թե հասարակությունից է առանձնանում, այլ գտնում է իր հետաքրքրությունն ու մյուս փոքրիկներին մասնակից դարձնում դրանց»:

Հարցին, թե ինչո՞ւ նույն սկզբունքով բակի երեխաներին մասնակից չի դարձնում իր հետաքրքրություններին, Յանան պատասխանեց. «Դա չի էլ քննարկվել: Գուցե նրանից է, որ մեր բակում շատ երեխաներ չկան, բայց Ադելը բակ իջնելու ցանկություն չի էլ ունեցել: Ես էլ եմ այդպիսին եղել, չեմ խաղացել բակում: Այս առումով գուցե ինձ է նման: Չեմ կարծում, որ դա թերություն է կամ բարդույթ»:
Սեպտեմբերին Ադելը չորրորդ դասարան կգնա, կարանտինային օրերի ընթացքում, ինչպես բոլորը, այնպես էլ Ադելը դասերին օնլայն է մասնակցել: «Մենք օնլայն դասերից գոհ ենք, քանի որ հիմնական առարկաները` մաթեմատիկան, մայրենին ավելի լավ է ըմբռնել, քան երբ գնում էր դպրոց: Եթե դասարանում կարող են այլ երեխաներ խանգարել, ապա տանը խանգարող ոչինչ չկա: Նախկինում դասերից հետո Ադելը հավելյալ պարապմունքների էր հաճախում, իսկ հիմա տեսնում եմ, որ հասցնում է առանց դրանց էլ: Նույնը չեմ կարող ասել, օրինակ, ֆիզկուլտուրայի մասին, որն ակտիվություն է պահանջում»:



Մարիամ Խաչատրյան







