«Տղամարդուն վայել վարքագիծ ունի». Նարե Համբարձումյանը` իր ու Արմենի որդու 1-ամյակի, ատամհատիկի ուշացման պատճառի և ընտանեկան կյանքի մասին

15:38 • 19.08.20

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար Արմեն Սարգսյանն ու հեռուստահաղորդավարուհի Նարե Համբարձումյանն այսօր նշում են իրենց որդու` Մարկի 1-ամյակը: Այդ առթիվ նրանք ընտանեկան ֆոտոշարքի են մասնակցել, որը Նարեն տրամադրել է Tert.am Life-ին և պատմել է, թե ինչպես են նշելու օրը, խոսել է իր ու Արմենի հարաբերությունների մասին:

Լուսանկարների հեղինակը Մերի Հայրապետյանն է: «Գեղեցիկ լուսանկարներ ունեցանք, բայց երեխաների հետ աշխատելը բարդ է: Լուսանկարահանման վերջում իմ էներգիան սպառվել էր, որովհետև Մարկը նոր միջավայրում էր, բարդ հարմարվեց: Մեկ լացում էր, մեկ ծիծաղում, բայց ամեն ինչ լավ ստացվեց»,-ասաց Նարեն:

Մարկի մեկամյակը ծնողները նշելու են քաղաքից դուրս, ծնունդն ամբողջությամբ «Ջունգլի» թեմատիկայով է, քանի որ Մարկը համաստեղությամբ առյուծ է: «Ճիշտ է, թեման ջունգլիներն են, բայց ամեն ինչ տարբերվող ու էլեգանտ է: Տորթը ևս թեմայի մեջ է, կենդանիներով է: Բացի ծննդյան օրվանից այսօր անցկացնելու ենք նաև ատամհատիկի արարողությունը: Արդեն 8 ատամիկ ունի, բայց, համաճարակային իրավիճակի պատճառով միայն հիմա ենք անելու արարողությունը»,-ասաց Նարեն:

Հեռուստահաղորդավարուհին ընդգծեց, որ գունավոր խաղալիքներ Մարկը չի սիրում, փոխարենը սիրում է հեռակառավարման վահանակ և հեռախոս` չնայած ծնողները փորձում են նրան հեռախոս չտալ. «Երբ մեր ձեռքում հեռախոս է տեսնում, վերցնում է: Կարծես ավելի լուրջ բաներով է հետաքրքրվում, տղամարդուն վայել վարքագիծ ունի, երբեմն շատ լուրջ դրսևորումներ եմ տեսնում իր կողմից ու հասկանում` իսկական տղամարդ է ծնվել: Հետաքրքիր ժամանակահատված է իր կյանքում, ուսումնասիրության փուլ է, բայց պետք է ասեմ, որ «չարուկ» երեխա չէ, ուղղակի ակտիվ է: Իր մեջ հավասարակշռություն ու հանգստություն էլ ունի, ինչով ինձ ու Արմենին է նման»:

Ըստ Նարեի` Մարկի ծնունդն իրենց կյանքում ամեն ինչ փոխել է, հազարապատկվել է սերը, լուսավորվել առօրյան, տունը: «Ես ու Արմենը միշտ դրականի կողմնակից ենք եղել, ու այս դեպքում Մարկը դրականով եկել է մեր կյանք: Երբ անտրամադիր ենք լինում, երկար չի տևում, քանի որ Մարկը մեզ լավ տրամադրություն է փոխանցում: Երեխայի ծննդից հետո սերը շատացել է, հարաբերություններն ամուր հիմք ունեն»:

Նարեի խոսքով` ծնող լինելը մեծ պատասխանատվություն է, ինչը զգացել է դեռ այն ժամանակ, երբ Մարկն իր կրծքի տակ էր: «Այդ պատասխանատվությունն ամեն օրվա, րոպեի ու վայրկյանի մեջ է: Պետք է հասցնես տալ հետևողականություն, ուշադրություն, սեր, ճիշտ դաստիարակություն, ինչը մինչ այս պահը ինձ մոտ լավ է ստացվել: Բայց երբ առաջին երեխան է, ամեն ինչ նոր է, բոլոր մայրիկների մոտ էլ վախեր են լինում: Ինձ մոտ մայրական բնազդը շուտ ձևավորվեց, վստահ էի, որ ամեն ինչ լավ եմ կարողանալու անել: Ցանկանում եմ, որ բոլոր աղջիկները զգան մայրանալու հրաշք բերկրանքը: Երբ ձեռքերիդ մեջ ես վերցնւմ երեխայիդ, հասկանում ես, որ դա է կյանքի գլխավոր արժեքը»,-ասաց նա` ընդգծելով, որ երեխայի խնամքի հարցում 100 տոկոսով վստահում է Արմենին:

Խոսելով վեճերի մասին` Նարեն նշեց, որ փոքր խնդիրներն այնքան չնչին բաներ են, քանի որ իրենց մոտ ամեն ինչ կայուն է: «Երեք տարվա ամուսիններ ենք ու չեմ հիշում մի դեպք, որ մեծ վեճ ունենանք ու իրարից նեղացած մնանք: Բնականաբար փոքրիկ տարակարծություններ լինում են, բայց շատ հազվադեպ: Չենք ֆիքսում, թե ով է ավելի շատ կամ քիչ զիջում, բայց սիրում ենք խնդրին արագ լուծում տալ: Կարծում եմ, եթե մեկ կողմը զիջեր ու դա փոխադարձ չլիներ, կնկատեինք, բայց նման բան չկա մեր հարաբերություններում,-ասաց նա` նշելով, որ հաճախ են միմյանց սեր խոստովանում ուշադրությամբ, գործերով։ -Ցույց ենք տալիս ու ապացուցում մեր սերն ամեն օր, բայց ձևական խոսքեր չենք սիրում»:

Մարիամ Խաչատրյան

«Տղամարդուն վայել վարքագիծ ունի». Նարե Համբարձումյանը` իր ու Արմենի որդու 1-ամյակի, ատամհատիկի ուշացման պատճառի և ընտանեկան կյանքի մասին