«Փորձություն էր, որն ինձ ուժեղացրեց». Ժակը` 41-ամյակի առթիվ դստեր հուզիչ գրառման, հոգեպես 25 տարեկան լինելու, առողջական վիճակի և եթեր վերադառնալու ցանկության մասին
Հաղորդավար Հակոբ Պապիկյանը` Ժակը, այսօր նշում է ծննդյան 41-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Ժակն ասաց, որ արթնացել է շնորհակալ տրամադրությամբ:
«Առավոտից հեռախոսն անընդհատ զանգում է, նամակներ եմ ստանում ու դեռ օրվա սկիզբն է: Այդպիսի ուշադրությունը չի կարող չոգևորել: Շատ մեծ անակնկալներ չեն եղել, ես էլ չեմ սպասում, բայց աղջիկս շատ հուզիչ գրառմամբ շնորհավորել է գիշերը: Նա տեսանյութով ուղերձ էր պատրաստել ու ասում էր, որ ինձ ընկալում է նաև որպես եղբայր, ընկեր. դա կարող եմ որպես անակնկալ նշել: Երեկոյան մեր բակում բացօթյա փոքրիկ միջոցառում ենք կազմակերպել, նեղ շրջանակով կնշենք ծննդյանս օրը»,-ասաց նա:
Ժակն ասաց, որ իրեն հոգեպես դեռ 25 տարեկան է զգում: «Ամեն մարդ հոգեպես ինչ-որ տարիքի վրա կանգ է առնում, բայց, շատերի պես, ես էլ մեծացող թվերից վախենում եմ: Հուսով եմ` իմ ֆիզիկական տարիքն այնքան էլ նկատելի չէ: Ուղղակի ժամանակը կանգնեցնելու տարբերակ չկա, պետք է գնահատել կյանքի ամեն րոպեն: Ես երիտասարդ շատ ընկերներ ու երաժշտական, դրական լիցքեր փոխանցող աշխատանք ունեմ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ինձ վրա: Երբ սիրելի ու, հատկապես, ստեղծագործական աշխատանք ես կատարում, տարիքդ չես զգում»,-նշեց նա:

Հաղորդավարն ինքն իրեն այս տարի ոգևորություն մաղթեց` ստեղծագործելու, արարելու, ապրելու համար: «Վերջերս այդ ոգևորությունը փոքրիկ փորձարկման ենթարկվեց, բայց արդեն վերադառնում է: Առողջական վիճակս բարելավման ճանապարհին է, ինձ լավ եմ զգում, փորձություն էր, որն ինձ հոգեպես ուժեղացրեց»:
Ժակի խոսքով` չնայած այս պահին արձակուրդի մեջ է, բայց մինչև արձակուրդը ռադիոյում նաև վիդեո նախագծեր են իրականացրել: «Այդ ձևաչափն ունենք, բայց եթերը սկսում եմ կամաց-կամաց կարոտել: Եթեր վերադառնալու ցանկություն ունեմ, ուղղակի պատրաստ չեմ ամեն բան անել,-ասաց նա և ընդգծեց, որ իր ամենամեծ ձեռքբերումներից է սիրելի աշխատանքը:-Մարդիկ ինձ ընկալում են որպես բարի, խաղաղ, լավ մարդ: Ունեմ աշխատանք, ընտանիք, երեխաներ, կնոջս հետ համատեղ կյանքի 20 տարվա պատմություն, ընկերներ, որոնց ձեռք եմ բերել տարբեր նախագծերից: Այս ամենն իմ ձեռքբերումներն են»:


Մարիամ Խաչատրյան







