«Կայան կկատարի այդ երգը, թեև միշտ խուսափել եմ նրան շոու բիզնեսում տեսնել». Մանե Գրիգորյանի և դստեր` Կայայի նոր ֆոտոշարքն ու Արթուր Գրիգորիչի նվերը թոռնուհուն` նրա 8-ամյակի առթիվ
Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանի դուստրը` Կայան, օրերս դարձել է 8 տարեկան: Մանեն դստեր հետ նախատոնական լուսանկարահանման է մասնակցել, որն էլ տրամադրել է Tert.am Life-ին և ասել, որ թե՛ ինքը, թե՛ Կայան սիրում են լուսանկարվել:
«Շատ ֆոտոշարքերի ենք մասնակցում, բայց Կայայի հետ ֆոտոշարքերը, հիմնականում, դրսում ենք անում: Այս անգամ որոշեցինք ստուդիայում իրականացնել ֆոտոշարքը: Լուսանկարիչը Ռոբերտ Քոլոյանն է, ում հետ պայմանավորվածություն էի ձեռք բերել դեռ այն ժամանակ, երբ բանակում էր: Վերադարձավ ու ասաց, որ ֆոտոշարքը նվիրում է Կայային` ծննդյան օրվա առթիվ: Քանի որ արդեն երկու ամիս է ամառանոցում ենք, չենք էլ հասցրել գնումների գնալ, հագել ենք այն, ինչ ունեինք»,-ասաց Մանեն:
Նրա խոսքով` Կայան հայկական «Pics art» ծրագրով է հետաքրքրված, սիրում է նկարներ մշակել: «Իր աշխատանքները Ռոբին ցույց տվեց, ով Կայային շատ ոգևորեց: Աղջիկս լուսանկարչությամբ է հետաքրքրվում, երբ հանգստի ենք գնում, լուսանկարներիս մեծ մասն ինքն է անում: Գուցե հետագայում պրոֆեսիոնալ տեսախցիկ գնենք իր համար: Ռոբերտը խոստացել է Կայային մի քանի բան սովորեցնել»,-նշեց Մանեն:

Կայայի ցանկությամբ ծննդյան տոնը նշել են լողավազանում. ներկա են եղել նրա ընկերները: «Առավոտյան եղանակը շատ վատն էր, բայց երբ սկսեցինք հյուրերին դիմավորել, արևը դուրս եկավ, եղանակն էլ տաքացավ: Երեխաներն ամբողջ օրն անցկացրին լողավազանում,-ասաց Մանեն և ընդգծեց, որ թե՛ տորթը, թե՛ Կայայի շապիկը եղել են Տիկ-տոկի թեմայով, իսկ իր շորտերը 8 ամյա Կայան ինքնուրույն է գծագրել, ապա` փոխանցել դերձակին:-Քանի որ Կայան վերջին շրջանում Տիկ-տոկ հավելվածով է հետաքրքրված, որպես ծննդյան օրվա թեմա հենց դա ընտրեցինք: Հունվար ամսից գրանցված ենք հավելվածում, մեկ էջ ունենեք, որտեղ հետաքրքիր տեսանյութեր ենք տեղադրում»:
Խոսելով օնլայն դասերի մասին` Մանեն ասաց, որ սկզբում իրենց համար դժվար է եղել, չեն հարմարվել. «Միայն երկու-երեք շաբաթ հետո ամեն ինչ հունի մեջ ընկավ: Հիմա չենք պատկերացնում, թե նոր կանոններով ինչպես ենք սկսելու կիսամյակը, երբեմն մտածում ենք` օնլայն դասերն ավելի հարմար էին: Այժմ պատրաստվում ենք սեպտեմբերի մեկին, քանի որ Կայան գրականությունից քննություն ունի: Նա գերազանցիկ է, շատ խելացի է»:

Մանեն ասաց, որ մինչև կարանտինը Կայան լողով, գեղարվեստական մարմնամարզությամբ է զբաղվել: Նաև շատ գեղեցիկ նկարում է ու հատուկ նկարչական դասերի հաճախում:
«Երաժշտական դպրոցում փոխադրվեց 3-րդ դասարան, պապիկի հետ էլ պարապում են, նաև երգում է, ինչը հազվադեպ եմ ցուցադրում համացանցում, թողնում եմ իր որոշմանը: Հայրս ասում է, որ Կայան 100 տոկոսանոց լսողություն ունի ու մաքուր երգում է: Ես փորձում եմ չխորացնել դա, պահպանել իր բնությունը` չնայած հաճախում է Արթուր Գրիգորյան երգի ստուդիա, պապիկի կողմից էլ մի քանի երգ նվեր է ստացել: Հայտնի «Գույներ» երգը Կայայի համար էր գրված, որը երգեց Էրիկ Կարապետյանը, հետո` «Դուետրո»-ի փոքրիկները: Այս տարի իր ծննդյան օրը պապիկի կողմից երգ է նվեր ստացել, որի խոսքերը գրել է Անիտա Հախվերդյանը: Այդ երգը Կայան կկատարի ու չեմ բացառում, որ հետագայում հնարավոր է նաև տեսահոլովակ ունենա, բայց ես միշտ խուսափել եմ նրան շոու բիզնեսում տեսնել»,-ընգծեց Մանեն:



Մարիամ Խաչատրյան







