«Հիմա կողքիս մնացել են ամենանկեղծ ու ազնիվ մարդիկ». Անելյա Գուբրյանը` 20-ամյակին մեծ խնջույք չկազմակերպելու, հիասթափությունների, նպատակների և ձեռքբերումների մասին

18:43 • 02.09.20

Դերասանուհի Անելյա Գուբրյանն այսօր նշում է ծննդյան 20-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան ասաց, որ օրը նշելու է հարազատների հետ` շատ նեղ շրջանակով:

«Երբեք չեմ մտածել, որ 20-ամյակիս կլինեմ այնպիսին, ինչպիսին հիմա եմ: Բոլորը մտածում են, որ հոբելյանական թիվ է և պետք է մեծ խնջույք կազմակերպել, բայց ես ծննդյան օրերս նշել չեմ սիրում: Այս տարի այնպես ստացվեց, որ որոշեցի քիչ մարդկանց հետ նշել, բայց դա համաճարակով պայմանավորված չէ, ինձ հետ կապ ունի: Վերջին մի քանի ամսվա ընթացքում ներքին ինքնամեկուսցման մեջ էի, սկսեցի ավելի ուշադիր լինել ինձ շրջապատող մարդկանց հանդեպ, թե ովքե՞ր են, ինչպե՞ս են ինձ վերաբերվում, ինչպե՞ս եմ ես նրանց վերաբերվում: Այսպես, շատ փոփոխություններ եղան` կապված մարդկային հարաբերությունների հետ»,-ասաց նա:

Անելյան ասաց, որ միշտ է շեշտել` ավելի լավ է քիչ, բայց ընտրված մարդիկ լինեն կողքին: «Հիմա կողքիս մնացել են ամենանկեղծ ու ազնիվ մարդիկ: Միշտ եմ քիչ ընկերներ ունեցել, բայց մեծանալուն զուգընթաց մարդկանց հանդեպ վերաբերմունքս փոխվել է: Ուզում եմ գնահատել իմ ցանկությունները, առաջինը ինձ դիտարկել, ոչ թե ուրիշներին: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով այդպես եմ ապրում, բայց ինչ-որ չափով նկատում եմ այդ ներքին փոփոխությունները, որոնք բարդ են տրվում»:

Դերասանուհու խոսքով` 19-ամյակն իր ամենազգացմունքային տարիքն էր, միարժամանակ շատ էմոցիաներ է ապրել, զգացել է խորը հիասթափություններ, դրական զգացմունքներ: «Դա, բնականաբար, թողեց իր հետքը: Շատ բան հասկացա, սովորեցի ու հիմա ինձ շատ լավ եմ զգում: 19-նն ինձ շատ սեր տվեց իմ անձնի հանդեպ, սկսեցի գնահատել ինքս ինձ, ուրախանալ ինձնով: 19-ում շատ սեր եմ զգացել` տարբեր մարդկանց կողմից, մի քանի խորը հիասթափություն եմ ունեցել, որոնք հաղթահարել եմ: Բացասական էմոցիաներ իմ մեջ չեմ պահում, բաց եմ թողնում: Հիասթափություններից հետո որոշ ժամանակ, բնականաբար, ապրումների մեջ եմ լինում, բայց դա իմ մեջ չեմ պահում: Հիմա թեթև եմ, հանգիստ ու ինքնավստահ»:

Ըստ Անելյայի` 19-ի ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են. «Նրանք հայտնվեցին և կորան իմ կյանքից: Շնորհակալ եմ նրանց և հայտնվելու, գնալու և մնալու համար: Գնալ ասելով կռիվներ ի նկատի չունեմ, ուղղակի կարգավիճակի փոփոխությունների մասին եմ խոսում: Ես հարոսւտ եմ իմ ընկերներով, հարազատներով, իմ ձեռքբերումը մարդիկ են»:

Անելյան նաև ասաց, որ երբ փոքր էր, 20-ը շատ մեծ թիվ էր իրեն թվում: «Մայրս իմ տարիքում արդեն ամուսնացած է եղել: Մտածում եմ` հիմա ես մե՞ծ եմ, թե՞ դեռ փոքր եմ:  Պատասխանատվության զգացում ունեմ, որովհետև 3-րդ տասնամյակն եմ սկսում, բայց հետո մտածում եմ` դեռ 20 տարեկան եմ, կհասցնեմ ամեն ինչ,-ասաց նա և հավելեց, որ իր կյանքում ամեն ինչ ճիշտ ժամանակին է լինում, հանկարծակի:-Նույնիսկ պահեր են լինում, որ մտածում եմ` ինչու՞ հիմա եղավ, բայց հետո հասկանում եմ` ճիշտ ժամանակին էր: Չեմ շտապում ինչ-որ տեղ կամ ինչ-որ բան անելու համար: Նույնիսկ ձախողումները նպաստում են, որ հաջողություններ լինեն իմ կյանքում»:

Մարիամ Խաչատրյան

«Հիմա կողքիս մնացել են ամենանկեղծ ու ազնիվ մարդիկ». Անելյա Գուբրյանը` 20-ամյակին մեծ խնջույք չկազմակերպելու, հիասթափությունների, նպատակների և ձեռքբերումների մասին