Yerevan music night-ը՝ Դիլիջանում. արտակարգ դրությունից ի վեր առաջին այսպիսի միջոցառման լուսանկարներն ու հայտնի հյուրերը

12:57 • 14.09.20

Yerevan music night-ը՝ Դիլիջանում. Երևանում ամեն տարի անցկացվող երաժշտական միջոցառումն այս տարի նոր երանգ ստացավ՝ տեղափոխվելով Դիլիջան: Միջոցառումն անունը չփոխեց՝ երևանյան երաժշտական տրամադրությունը փոխանցելով Դիլիջանին: Արտակարգ դրության սահմանումից հետո, սա, թերևս, ամենամեծ միջոցառումն էր, որը կազմակերպվել էր Հայաստանում:

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է ամենահետաքրքիր պահերը: Երաժշտական միջոցառմանը ելույթ ունեցան Գարիկն ու Սոնան, Արամ MP3-ն, Սրբուկը, «Կամի» բենդը:

Արտարակարգ դրության ամիսներից հետո, սա, թերևս, ամենամասշտաբային միջոցառումն էր: Հանդիսատեսը կարոտել էր սիրելի արտիստներին, արտիստները՝ հանդիսատեսին, և դա յուրահատուկ էներգիա էր ստեղծել Դիլիջանում:

Գարիկը նկատեց, որ բեմելից առաջ շատ հուզված էր, մտավախություն ուներ, որ մարդիկ նախկինի պես չուրախանան, բայց հակառակը ստացվեց. «Երկկողմանի շատ մեծ կարոտ կար, ինչը շատ կարևոր է: Փառք Աստծո, մարդիկ չեն կորցրել պարելու, ուրախանալու կարողությունը: Հենց բեմ բարձրացանք, զգացինք դա: Թեև առաջինն էինք ելույթ ունենալու, նույնիսկ կամաց-կամաց տաքանալու կարիք չկար: Մարդիկ արդեն պատրաստ էին պարելու, ուրախանալու»:

Արամն այս համերգը համեմատեց խիստ սննդակարգ պահելուց հետո ճոխ սեղանի շուրջ նստելու հետ և կատակեց, որ նույնիսկ մոռացել էր, թե ինչ է բարձրախոսը:

Շատերը նկատում էին, որ Դիլիջանում միջոցառումը շատ ավելի լավ անցավ և քննարկում հետագայում այն տարբեր մարզերում անցկացնելու հավանականությունը: Միջոցառման կազմակերպիչներից Արման Միտոյանին ևս այս քննարկումները չեն շրջանցել: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ մտածում են երաժշտական տոնը մարզային դարձնելու մասին:

«Ի սկզբանե, սա փոքրիկ միջոցառում էր Երևանում, որի հանդեպ հետաքրքրությունը մեզ ստիպեց ընդլայնել միջոցառման շրջանակը: Yerevan music night-ն այս տարի իրավիճակից ելնելով նոր ձևաչափ ստացավ, սակայն այնքան ջերմ ընդունվեց, որ մտածում ենք հաջորդիվ այն տարբեր մարզերում անցկացնելու մասին: Ինքներս էլ չէինք սպասում, որ միջոցառման հանդեպ այսպիսի հետաքրքրություն կլինի, այս թվով հյուրեր կունենանք: Երևի թե, դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ մարդիկ 6 ամիս տանն էին եղել ու կարոտել էին նման միջոցառումնորը»,- ասաց Արմանը:

Միջոցառումից հետո լայն քննարկումների արժանացավ փաստը, որ արտակարգ դրության պայմաններում նման մասշտաբով երեկույթ կազմակերպելը վտանգավոր էր: Արմանը շեշտեց, որ այս օրերին նման միջոցառու կազմակերպելը չափից ավելի պատասխանատու էր: Փորձել են հնարավորինս  պահպանել կանոնները: Բեմից էլ քանիցս հնչում էր հորդորը՝ դիմակ կրել, հակառակ դեպքում, միջոցառումը կդադարեցվի:

«Խմիչքի և սննդի կետերի մոտ մարդիկ դիմակները հանում էին սնվելու նպատակով, մյուս հատվածներում մարդիկ դիմակներով էին: Ոստիկանությունը բարձր մակարդակով հսկողություն էր իրականացնում: Երևի թե, միայն բեմի մոտ տարածքում կային մարդիկ, որոնք դիմակն իջեցրել էին, հիմնականում, պատանիներ էին, երևի թե, տեսնելով սիրելի արտիստներին, շատ էին ոգևորվել,- ասաց նա ապա անդրադարձավ համացանցում տարածվող քննարկումներին, թե 60 հոգուց ավելի քանակով միջոցառում կազմակերպել չի թույլատրվում: -Մենք էլ հետևել ենք սեպտեմբերի 11-ի՝ կառավարության որոշմանը, 60 հոգուց ոչ ավելի միջոցառում կազմակերպելը վերաբերում է ոչ տնտեսական գործունեություն ծավալողներին»:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Yerevan music night-ը՝ Դիլիջանում. արտակարգ դրությունից ի վեր առաջին այսպիսի միջոցառման լուսանկարներն ու հայտնի հյուրերը