Արցախցի երեխաների համար կազմակերպված միջոցառման հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

12:42 • 14.10.20

Հյուրասիրություն, խաղավարներ, մուլտհերոսներ, փուչիկներ և հայտնի հյուրեր. արցախցի երեխաների առօրյան Երևանում հետաքրքիր դարձնելու համար երեկ «Թովմասյան» հիմնադրամն ու «Dvin music hall»-ը տոն էին կազմակերպել նրանց համար։ Երեխաների հետ հանդիպման էին եկել Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Սարո Թովմասյանը, Սոնա Ռուբենյանը, Յանա Հովհաննիսյանը, Յանա Գրիգորյանը, Լիդուշիկը, Միլյա Հովհաննիսյանը, «Սոֆի Դևոյան» հոգու և պարի թատրոնի երեխաները, «Արևիկ» անսամբլը, միջոցառման հանդիսավարներն էին դերասանուհի Շողեր Թովմասյանն ու դերասան Հայկ Պետրոսյանը: Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու լուսանկարել հետաքրքիր դրվագները:

Հիմնադրամի հանրային կապերի ղեկավար Էլեն Կարապետյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառումը կազմակերպել են մի քանի օրվա ընթացքում:

«Պատերազմի առաջին օրերից շաբաթական երկու անգամ մեզ մոտ գրանցված ընտանիքներին սնունդ ենք տրամադրում: Անընդհատ շփվելով ու կապվելով նրանց հետ` տեսնում էինք, որ տրամադրություն չունեն, հուսահատ են, երեխաների մի մասը հոգեբանական ծանր վիճակում են: Որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլցնի երեխաների օրը, իսկ ծնողները գոնե մի փոքր կկտրվեն իրենց հոգսերից»,-ասաց նա` նշելով, որ սկզբում նախատեսել են հրավիրել 150 հոգու, հետո  թիվը դարձել է 300 և ավելի:

Մուլտհերոսների հետ մի լավ զվարճանալուց հետո, երեխաների տրամադրությունն ավելի բարձրացավ, երբ նրանց այցի եկավ երգչուհի Սոնա Ռուբենյանը: Նրան մեծ ոգևորությամբ դիմավորելուց հետո, երեխաները միաձայն պնդում էին` ուզում են լսել «Լուսին» երգը: Սոնան առանց երաժշտության երգեց «Լուսին»-ը,  նրան միացան արցախցի փոքրիկները: Նրանք վերհիշեցին անցած տարի Ստեփանակերտում Սոնայի և Գարիկի համերգը, Սոնան էլ խոստացավ` հաջորդ հանդիպումը Արցախում է լինելու:

«Այս օրերին շատ հանդիպումներ են եղել Արցախից եկած ընտանիքների հետ: Այս պահին բոլորիս գլխում միայն խաղաղության մասին մտքերն են: Երբեք այսքան խորը չենք հասկացել այդ բառի իմաստը: Իհարկե, Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ շատ ծանր օրեր ապրեցինք, բայց հիմա այլ է: Երբ փոքր էինք ու խաղաղություն մաղթանքն էինք լսում մեծերից, ինչ-որ բան հասկանում էինք, բայց երբ մաշկիդ վրա ես զգում այդ ամենը, գիտակցում ես` մեր և բոլոր երկրներում պետք է խաղաղություն լինի: Արցախցի այս փոքրիկ հրաշքները պետք է միայն ճանապարհորդության համար հեռանան իրենց քաղաքից, գյուղից»,-մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:

Սոնայի հետ լուսանկարվելուց ու նրան հրաժեշտ տալուց հետո խոսափողը վերցրեց 12-ամյա Էդուրադը ու երգեց «Դե ժպտա» երգը: Ընկերները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրան:

Մուլտհերոսների հետ ակտիվ խաղացող 4 ամյա Մհերը, նրա մայրն ու մորաքույրը սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտից են եկել Երևան: Մհերի հայրը, պապիկը, քեռիները հիմա սահմանին են: Մորքայուրը` Ջուլիետան, ասում է` Երևանում իրենց լավ են զգում, բայց իրենց տունն են կարոտել. «Կարոտում ենք Արցախը, դժվար է տնից հեռու գտնվել: Անընդհատ մտքով սահմանին ենք, բայց նմանատիպ միջոցառումները գոնե մի քանի րոպեով թույլ են տալիս ցրվել, չմտածել տեղի ունեցածի մասին»:

9-ամյա Յուլյան էլ ոչ իր կամքով, բայց թողել է 4-րդ դասարանը, սիրելի առարկաները` ռուսաց լեզուն, մաթեմատիկան, տեխնոլոգիան ու նկարչությունը ու փորձում է հարմարվել Երևանի կյանքին:

«Լավ քաղաք է, բայց Արցախն ինձ համար ավելի լավն է, Ստեփանակերտն է իմ տունը: Այստեղ դեռ ընկերներ չունեմ, իսկ Ստեփանակերտում շատ ընկերներ ունեմ, ամենամոտ ընկերուհիս Ալեքսանդրան է,-պատմեց Յուլյան ու միանգամից տխրեց, երբ մորաքույրը սկսեց խոսել պատերազմի մասին,-Այդ պատերազմի պատճառով ենք եկել այստեղ` թողնելով մեր հայրենի քաղաքը: Հայրս էլ մնացել է այնտեղ, սահմանին է, նրան, ընկերներիս շատ եմ կարոտում»:

Երեկոյի ավարտին երեխաները շրջան կազմեցին` դիմավորելու վերևից իջնող նվերները: Խմբակային լուսանկարից հետո Էդուարդը, Մհերը, Յուլյան ու մյուս երեխաները, որոնց երեկ միավորում էր ոչ միայն արցախցի էին, այլ նաև խաղաղություն ցանկացող աչքերն ու կարոտը, հրաժեշտ տվեցին միմյանց` հաջորդ անգամ Արցախում հանդիպելու հույսով:

Մարիամ Խաչատրյան

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Արցախցի երեխաների համար կազմակերպված միջոցառման հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները