Հայաստանի առաջին հարսանիքների կազմակերպիչը համախմբում է ոլորտի մասնագետներին
2019 թվականին Հայաստանում գործարկվել է «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն : Գաղափարի հեղինակը Գայանե Խոջայանն է: Նա առաջինն էր Հայաստանում, ով հիմնեց ընկերություն, որը կազմակերպում է հարսանյաց հանդիսությունները սկզբից մինչև վերջ: «Prestige Wedding Planner»-ի անցած ճանապարհից, դժվարություններից, նաև «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ի մասին ավելի մանրամասն խոսել ենք ծրագրի հեղինակ Գայանե Խոջայանի հետ:
- Դուք առաջինն էիք, ով Հայաստանում փոխեց մտածելակերպ, հիմա մարդիկ դիմում են Հարսանիք Պլանավորողին հարսանիքը կազմակերպելու համար, ի՞նչից սկսվեց ամեն ինչ:
- Ամեն ինչ սկսվեց 2 մոմակալից: Դանդաղ քայլերով, բայց աշխատանքի հանդեպ մեծ սիրով ես ստեղծեցի «Prestige Wedding Planner» ընկերությունը, որը հիմա գործում է արդեն 8 տարի: Գործելու առաջին տարիներին ծառայություններն անվճար էին, ես դա արել եմ հասարակությունում կարծրատիպ փոխելու համար: Ինձ հաջողվեց ապացուցել, որ Հարսանիք Պլանավորողին դիմելով կարելի է տնտեսել գումար, կազմակերպել ամեն ինչ դասակարգված, առանց նյարդայնանալու: Մասնագետը ճիշտ ուղղություն կտա՝ թե ինչպես ծախսել բյուջեն, որ լուսանկարչին ընտրել, որտեղ դիմահարդարվել, հարսանյաց հագուստը որտեղից ձեռք բերել: Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հարսանիքն անխոչընդոտ ու հիշարժան դարձնելու համար: Մենք բաց ենք գործակցության համար, աշխատում ենք բոլորի հետ: Իհարկե, ունենք հավատարիմ գործընկերներ: «Prestige Wedding Planner»-ում ամենակարևորը հաճախորդի գնահատականն է, գործընկերներ ընտրելիս նաև դա ենք հաշվի առնում. մեկ-երկու վատ արձագանք և մենք դադարում ենք նրանց հետ աշխատել: Եվ ամենակարևորը «Prestige Wedding Planner»-ում ոչինչ չեն պարտադրում, ներկայացնում ենք առավելություններն ու թերությունները, հաշվարկում ենք բյուջեն, իսկ ընտրում է հաճախորդը:

–Հայաստանում Դուք վերափոխել եք հարսանեկան ծառայություններ մատուցող ընկերությունների ոլորտը, «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն ի՞նչ առաքելություն ունի։
– 2019 սեպտեմբերից հիմնադրվեց ասոցիացիան, որն առաջին անգամ համախմբեց միջոցառումների կազմակերպման ոլորտի բոլոր առաջատար ներկայացուցիչներին՝ շոու բիզնեսի, ֆոտո-վիդեո նկարահանողներին, դիզայներներին, հանդիսավարներին և այլն: Ստեղծվել է թիմ՝ առաջատար մասնագետներով, որոնք նպատակ ունեն ինչպես աջակցել ոլորտ նոր մուտք գործած ընկերություններին, այնպես էլ զարգացնել ոլորտը, կիսվել փորձով և համապատասխանեցնել այն միջազգային ստանդարտներին: Սա ոլորտը համախմբելու առաջին փորձն է Հայաստանում: «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն ունի 9 անդամից բաղկացած հանձնաժողով՝ կազմի մեջ ընդգրկված են Էդուարդ Բալակչյանը, Ագա Քանքանյանը, Վահե Մելքոնյանը և ոլորտում գործունեություն ծավալող այլ առաջատարներ: Ասոցիացիայի միջոցով մեր անդամները կարող են մասնակցել միջազգային նախագծերին: Իմ փորձով հասկացել եմ, թե որքան կարևոր է փորձի փոխանակումը: Մեզ անդամագրված են ռեստորաններ, հանդիսավարներ, նկարահանողներ, դիզայներներ, ֆլորիստներ, հարսի զգեստներ առաջարկող կազմակերպություններ, երաժիշտներ և այլն: Անդամագրության համար ասոցիացիան բաց է, չկա որևէ ֆինանսական պարտավորություն, այս ամենն արվում է բացառապես ոլորտը զարգացնելու համար: Նաև ծրագրում ենք կազմակերպել մրցանակաբաշխություններ, որը ոլորտում կիրառելի պրակտիկա է արտասահմանում:

– Ինչպիսի՞ն պետք է լինի Հարսանիք Պլանավորողը։
– Նախ պետք է ունենա համապատասխան կրթություն, լինի դիզայներ, ոճաբան, կազմի ճիշտ ժամանակացույց, լինի կազմակերպիչ: Սա մասնագիտությունների փունջ է: Հարսանիք Պլանավորողի մասնագիտությունը աշխարհում թոփ 5 սթրեսային մասնագիտությունների ցանկում է, հրշեջների ու վիրաբույժների կողքին: Հայկական շուկան ուսումնասիրելով հասկացա, որ մեզ մոտ ոլորտը թերի էր, մենք չունեինք կրթական հաստատություն, որտեղ կարելի էր մասնագիտական գիտելիք ստանալ և դառնալ պրոֆեսիոնալ հարսանյաց հանդիսությունների կազմակերպիչ: Ես այդ բացը լրացրի արտասահմանում վերապատրաստումներին մասնակցելով: Հավաքելով գիտելիքների և փորձի մեծ բազա՝ առաջին անգամ Հայաստանում 2016 թվականին սկսեցի կազմակերպել «Prestige Trainings»-ի արդեն իսկ մեծ ճանաչում վայելող դասընթացները, որի ընթացքում ձեռք բերած փորձս փոխանցեցի Հայաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից ժամանած ուսանողներին: Մինչև 2019 թվականը մենք ունեցանք մոտ 90 շրջանավարտ: «Prestige Trainings»-ը տևում է 2 ամիս: Առաջին փուլում սովորում են ֆլորիստիկա, Wedding Design, Wedding Planning: Հաջորդ փուլը ինձ հետ պրակտիկ դասընթացներն են: Միջազգային ստանդարտներին համապատասխան գիտելիքներ ստացած շրջանավարտների մեծ մասը հիմնել է սեփական ընկերությունը և գործունեություն ծավալել, իսկ մյուս մասն աշխատում է տարբեր ընկերություններում թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում են, Գերմանիայում կամ ՌԴ-ում:
– Դուք կարևոր եք համարում կրթությունը, ի՞նչ վերապատրաստումներ եք անցել Դուք։
– Փորձի փոխանակման նպատակով 10-ից ավելի երկիր եմ գնացել, այնտեղ ներկայացրել եմ Հայաստանը, վերապատրաստվել եմ, ստացել նոր գիտելիքներ ու վերադարձել՝ ոլորտը զարգացնելու: Առաջին վերապատրաստումս եղել է Karen Tran-ի մոտ, դրան հաջորդել է Preston Bailey, Design Lab Experience, Yulia Shakirova, Andrey Fomin, Kevin Lee, David Tuttera, Daniel Ost և այլն: Անցել եմ մոտ 14 վերապատրաստում աշխարհում առաջատար մասնագետների մոտ: Իմ լավագույն ձեռքբերումներից կարող եմ նշել աշխարհահռչակ Daniel Ost-ի ակադեմիայի դիպլոմի ստացումը: Ակադեմիան բացվեց 2020 թվականին, և ես առաջին շրջանավարտներից էի: Այժմ ունեմ որակավորում մի մարդու կողմից, ով համարվում է ոլորտի բացառիկ մասնագետ և ճանաչված է որպես ֆլորիստիկայի մշակույթի արևելքն ու արևմուտքը միավորող վարպետ: Նա համարվում է ոլորտի Վան Գոգ:

– Ի՞նչ բացառիկ սեմինար կարող եք մտաբերել, որին մասնակցել եք:
– Մի քանիսն են այդպիսի: Առաջինը նշեմ 2017թ-ի կոնգրեսը, երբ ինձ հրավիրեցին «Destination Wedding Planners Congress»–ին: Միջոցառման մասնակցությունը հրավերով է: Հայաստանն առաջին անգամ ներկայացավ ոլորտի նման մասշտաբային իրադարձությանը, նաև տարածաշրջանում էինք առաջինը: 36 երկրի հարսանյաց հանդիսությունների ավելի քան 200 կազմակերպիչ ներկայացրին իրենց երկրում հարսանյաց հանդիսությունների կազմակերպման ոլորտի աշխատելաոճը, զարգացումները և տեսլականը: «Destination Wedding Planners Congress»–ին առաջին անգամ մասնակցեցի Թաիլանդում, հաջորդ տարիներին Մեքսիկայում, Իտալիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում: «Destination Wedding Planners Congress»-ը աջակցում է նաև տուրիզմի զարգացմանը: Կոնգրեսի շրջանակներում երկրների ներկայացուցիչները գնում են իրենց առաջարկով՝ ներկայացնելով 3 գնային փաթեթ օտարերկրացիներին՝ իրենց երկրներում պսակադրվելու համար: Զույգը օրինակ ցանկանում է ամուսնանալ պատմամշակութային երկրում և կոնգրեսը կապվում է իր՝ այդ երկրի ներկայացուցչի հետ: Հայաստանը 4 տարի շարունակ ներկայացրել եմ ես: Ձեռք են բերվել համագործակցության մեծ կապեր և մենք արդեն կազմակերպել ենք մի քանի զույգի պսակադրություն Հայաստանում: Տուրիզմից զատ սա նպաստում է միջազգային հարթակում Հայաստանի միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացմանը: Մասնակցել եմ նաև «Planners Extraordinaire» միջոցառմանը, որտեղ ամբողջ աշխարհից հրավիրվել էին լավագույն 30 հարսանիք պլանավորողներ: Սեմինարներից բացի 2018-ին Լոնդոնում LTG Awards մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել եմ «Wedding Specialist of the Year 2018» Եվրոպայի տարածաշրջանում: 2019-ին երկրորդ անգամ հաղթեցի նույն անվանակարգում «Wedding Specialist of the Year 2019»: Հիմա հարսանյաց հանդիսություններ կազմակերպելիս պահպանում եմ բացառապես միջազգային ստանդարտները: Այսօր մենք հասել ենք ի սկզբանե մեր առջև դրված նպատակներից մեկին․ մեծ միջոցառումներ կազմակերպելիս մարդիկ հիմա, անպայման, դիմում են մասնագետի:

– Ի՞նչ սպասել ապագայում։
- Մեծ հույս ունեմ, որ 2021 թվականին կիրագործեմ բոլոր չեղարկված ծրագրերը: Առաջինը լինելու գաղափարը շատ պատասխանատու է, և ես որոշել եմ նույն պատասխանատվությամբ շարունակել: 2020-ին հիմնվեց «Prestige Flowers» բրենդը: Ծրագիր կա ներմուծել էքսկլյուզիվ ծաղիկներ: Ծաղիկներն արվեստ են, և «Prestige Flowers»-ն առանձնացել է իր մոտեցմամբ և ոճով www.prestigeflowers.am: Հրավեր եմ ստացել մասնակցելու 2021 թվականին ամենամյա «Destination Wedding Planners Congress»-ին, որն անցկացվելու է Բալիում: Ես աշխատանքին վերաբերում եմ որպես արվեստ, իսկ արվեստի ներկայացուցիչը միշտ պետք է ստեղծագործի:
– Ի՞նչ կմաղթեք 2021-ին ամուսնանալ պատրաստվող զույգերին:
Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը և ցանկանալ առաջին հերթին խաղաղություն մեր երկրում և մեր հոգիներում: Իսկ մեր սիրելի զույգերին, որ ոչ մի արհավիրք չխոչընդոտի նրանց ծրագրերին 2021թ-ին: Սիրով ստեղծեն իրենց ընտանիքները խաղաղ, կայուն, հզոր հայրենիքում:։












Հեղինակ՝ Լուսինե Զարայելյան







