«Եղել է՝ 1 ամսում 150-200 հազար դրամ եմ վաստակել Տիկ–տոկով». 16–ամյա տիկտոկեր Աշայվին` գումար աշխատելու միջոց գտնելու և բացասական մեկնաբանությունների մասին

17:31 • 03.02.21

Տիկ-տոկից լսարանին հայտնի 16-ամյա Աշոտ Այվազյանը կամ, ինչպես շատերն են նրան ճանաչում, «Աշայվի»-ն, իր իրական անվամբ Տիկ-տոկում չի գրանցվել, քանի որ մտածել է` Աշոտ անվամբ շատ օգտատերեր կան:

Tert.am Life-ը Աշայվիի հետ խոսել է Տիկ-տոկի հարթակը իր հումորային տեսանյութերով գրավելու և նպատակների մասին:

Նրա խոսքով` մոտ մեկ տարի է, ինչ Տիկ-տոկի էջ ունի: «Երբ նոր էի գրանցվել այդ հավելվածում, հասկացա, որ պետք է նմանակեմ այնպիսի մարդկանց, որոնց դեռ չեն նմանակել, այդ մարդիկ դերասանուհի Զառա Սահակյանը և ֆուդբլոգեր Հեղինեն էին: Հեղինեն նույնիսկ տեսել էր իմ տեսանյութերը, արձագանքել էր ու գրել, որ իր ցանկանում է ձայնասկավառակը նվիրել, քանի որ ինքը նաև երգչուհի է: Այդ ընթացքում նրա դուստրը` Լիլիթը, Հայաստանում էր: Հանդիպեցի նրան, փոխանակվեցինք նվերներով: Հաճախ եմ հիշում այդ օրը, քանի որ հետաքրքիր հանդիպում էր»,- պատմեց Աշոտը:

Տիկտոկերը նշեց, որ հետևորդներն ինքնըստինքյան են ավելացել, բայց կարծում է` լավ է մատուցել տեսանյութերը․ «Մարդիկ ինձ սիրում են հենց այդ երկու կերպարների շնորհիվ, այդ պատճառով հիմնականում նրանց եմ նմանակում, թրենդներ չեմ նկարահանում»:

Աշայվին նշեց, որ Հայաստանում մարդիկ անլուրջ են վերաբերվում Տիկ-տոկին, քանի որ կան հայհոյանքներ պարունակող տեսանյութեր: «Հայաստանում Տիկ-տոկը նմանվել է «օդնոկլասնիկի» կայքին, բայց ամբողջ աշխարհում Տիկ-տոկ-ը լուրջ է ընկալվում, քանի որ նաև գումար վաստակելու միջոց է: Տիկ-տոկի միջոցով բավականին գումար եմ վաստակում, ամենամեծ գումարը, որ վաստակել եմ մեկ ամսում 150-200 հազար դրամն է: Մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ իմ տարիքում աշխատել են՝ չմտածելով, որ Տիկ-տոկն էլ իմ աշխատանքն է,- ասաց նա և հավելեց, որ իր վաստակած գումարը ներդնում է էջի ակտիվության համար,- Գովազդներ եմ պատվիրում, հատուկ սարքեր եմ գնում նկարահանումների համար: Նաև սիրում եմ նվերներ մատուցել ու վաստակածս գումարը նաև նվերներ գնելու համար եմ օգտագործում»:

16-ամյա Աշոտը բնկատեց, որ բացասական մեկնաբանությունների շատ կամ քիչ լինելը կախված է տեսանյութից: «Բացասական մեկնաբանություններ շատ են լինում: Մարդիկ մեկնաբանում են, անցնում են իրենց առօրյա գործերին` կարծելով, որ դա ինչ-որ բան է փոխում իմ կյանքում, բայց չեմ պատրաստվում բացասական մեկնաբանությունների պատճառով փակել էջս: Ես հասկանում եմ, որ խնդիրը ոչ թե իմ, այլ մեկնաբանություն գրողների մեջ է: Իհարկե, սկզբնական շրջանում մի փոքր նեղսրտում էի բացասական բնույթի մեկնաբանություններից, բայց հիմա սովորել եմ այդ ամենին»,-ասաց նա:

Նա նաև նկատեց, որ մի քանի տարի առաջ ցանկություն ուներ, որ դրսում իրեն ճանաչեն, նկարվեն իր հետ. «Հիմա կնախընտրեի, որ այս ամենը չլիներ: Դրսում հաճախ գաղտնի նկարում են ինձ, ինչն այնքան էլ հաճելի չէ: Հիմա չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, այդ ամենը հաճախ խանգարում է: Պետք է միշտ պատրաստ լինես, որ դրսում քեզ ճանաչելու են, գաղտնի նկարեն»,-ասաց նա, ապա հավելեց, որ չի կարծում, թե տարիներ հետո կշարունակի Տիկ-տոկ նկարահանել, քանի որ քիչ-քիչ հոգնում է այդ ամենից։ Աշոտը մտադիր է ընտրել լեզվաբանի կամ հոգեբանի մասնագիտությունը:

Խոսելով իր ընտանիքի մասին` Աշայվին ասաց. «Ունեմ քույր և եղբայր: Քույրս ինձնից մեկ տարով է մեծ, իսկ ` երկու: Նրանք Տիկ-տոկում էջեր ունեն, բայց տեսանյութեր չեն նկարահանում, ինձ են հետևում: Մայրս ընկերուհիների հետ միշտ նայում է իմ տեսանյութերը, բայց չի միջամտում, նորմալ է վերաբերում այդ ամենին, քանի որ ես կեղծամ չեմ կրում, շրթներկ չեմ օգտագործում, նմանակում եմ միայն միմիկայի միջոցով: Ընդամենը մեկ անգամ է մայրս միջամտել իմ գործերին և ասել, որ ջնջեմ տեսանյութը, քանի որ օգտագործածս ձայնի մեջ ժարգոնային բառերը շատ էին: Ինքս էլ գիտակցեցի դա ու ջնջեցի տեսանյութը»,- եզրափակեց նա:

«Եղել է՝ 1 ամսում 150-200 հազար դրամ եմ վաստակել Տիկ–տոկով». 16–ամյա տիկտոկեր Աշայվին` գումար աշխատելու միջոց գտնելու և բացասական մեկնաբանությունների մասին