«38-ն ինձնից խլեց հորս». Իրինա Թովմասյանը՝ 39-ամյակը նշելու տարբերակի, 1 ամիս առաջ հորը կորցնելու և երազանքների մասին

17:31 • 04.02.21

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն այսօր նշում է 39-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան պատմել է օրվա ծրագրերի, նախորդ տարում ունեցած կորուստների, փոխվելու և պարզ իրավիճակներից ուրախանալու մասին:

Նրա խոսքով՝ օրը շատ լավ է սկսել: «Երեխաներիս դեռ չեմ տեսել: Երեկ նրանց դայակի ծննդյան օրն էր, գնացել էին շնորհավորելու։ Թեև նա հիմա մեզ մոտ չի աշխատում, շատ կապված է երեխաների հետ։ Երեկոյան մտածում էի՝ ինչ լավ կլինի, եթե մնան իր մոտ, ես ու ամուսինս տանը մենակ լինենք, այդ պահին մեր դայակ-տատիկը զանգեց ու ասաց՝ կլինի՞ երեխաները մնան: Հիմա սպասում եմ նրանց, ոգևորված կգան տուն: Հետո գնալու եմ աշխատանքի։ Երեկոյան փոքր հավաքույթ է լինելու, նույնիսկ չեմ որոշել՝ ի՞նչ եմ հագնելու, հատուկ ոչինչ չի լինելու, խանութից տորթ կգնեմ ու կգնամ հանդիպման վայր»,- ասաց նա:

Ըստ Իրինայի՝ ապրում է երազանքներով, բայց իրատես մարդ է, անիրական երազանքներ չի ունենում: «Երազանքներ չունեցող մարդը շատ դժբախտ է, ես ապրում եմ իրատեսական երազանքներով: Եթե դրանք չեն կատարվում, հասկանում եմ, որ այդպես էլ կարող է լինել, բայց երազանքներս ինձ առաջ շարժվելու ուժ են տալիս: Երազում եմ, որ երեխաներս առողջ լինեն, ճիշտ մասնագիտություն ընտրեն: Երազում եմ հայտնվել այն հյուրատանը, որտեղ անցած տարի հանգստացել էինք, նստել բուխարու մոտ, հետո պատշգամբ դուրս գալ: Ես նման պարզ բաների մասին եմ երազում, որոնք կարող եմ հեշտ իրականացնել: Այս տարվանից, հիմնականում, խաղաղություն, համավարակի նահանջում եմ սպասում. նախորդ տարվա իրադարձություններից հետո բոլորս շատ վախեցած ենք»,- նշեց նա:

Անդրադառնալով իր տարիքին՝ գեղեցկուհու տիտղոսակիրն ասաց, որ, երբեմն, մոռանում է այն: «Ամուսինս հաճախ է ասում, որ կարծես այն նույն աղջիկը լինեմ, ում տարիներ առաջ հանդիպել է, իսկ այդ ժամանակ ես 23 տարեկան էի, երևի, հոգով ինձ այդքան էլ զգում եմ: Չէի ցանկանա նույնիսկ մեկ տարի հետ տալ իմ կյանքից, որովհետև այդ տարիներն իմ ապրած տարիներն են, իմ հարստությունը, զգացմունքները, երջանկությունը: Վստահ եմ՝ սիրելու եմ նույնիսկ իմ կնճիռները, ինձ՝ որպես տատիկ: Զարմանում եմ, երբ մարդիկ բացասական են ընկալում տարիքը, վախենում մեծանալուց, ծերանալուց: Դա բնական գործընթաց է, որից չես կարող խուսափել, բոլորս էլ պետք է ծերանանք, բայց մեր ընտրությունն է՝ այդ ընթացքում տարիքից նեղսրտե՞նք, թե փորձենք հնարավորինս երջանիկ կյանք ունենալ»,- ընդգծեց նա:

Իրինան նկատեց, որ այս տարի փոխվել է՝ պարզ իրավիճակներից երջանկանում է: «Ինձ համար այնքան ոչ նյութական, կարևոր բաներ կան: Երեկ առավոտյան արթնացել էի, երեխաներիս, ամուսնուս շնչառությունն էի լսում ու դրանից երջանկանում: Հնարավոր է՝ օրվա ընթացքում ինչ-որ երջանիկ պահ հիշեմ, դրանից ևս ուրախանամ: Օրինակ` օրեր առաջ հիշում էի, թե ինչպես էր մայրս երեխաներին ծիծաղեցնում: Ինձ համար անակնկալ ասվածը հենց այդ մթնոլորտն է՝ չնայած ամուսինս, քույրս, դուստրս՝ Մեգին, գործընկերներս ամեն տարի անակնկալներ են մատուցում ինձ, բայց այս տարի անակնկալներն այնքան էլ կարևոր չեն, չեմ սպասում այդ ամենին»,- ասաց նա:

2020-ի վերջին Իրինան կորցրեց հորը: Խոսելով իր կյանքի բարդ շրջանի մասին՝ Իրինան նշեց, որ հաղթահարել է այդ փուլը:

«38-ն ինձնից խլեց հորս, մեր ազգից խլեց շատ հայորդիներ, ամենավատ տարին էր, որ կարող էր լինել: Չնայած վատ տարվան՝ այս տարի մեծ հույսերով, երազանքներով եմ լցված, որովհետև ունեմ երեխաներ, ընտանիք, հարազատներ, պետք է շարունակենք հնարավորինս երջանիկ ապրել: Ես գտել եմ ապրելու ուժը, բնավորությամբ լավատես մարդ եմ, ինչը յուրաքանչյուր իրավիճակում ինձ օգնում է: Ամուսինս ևս շատ լավատես է, նույնիսկ երկուսիս համար բարդ իրավիճակներում նա ցույց չի տալիս, լավատեսորեն է մոտենում խնդրին, կատակներով փոխում իրավիճակը: Ամուսինս օգնեց, որ հաղթահարեմ հորս կորուստը, նա էր իմ միակ ուժը, որովհետև ես, մայրս, քույրս, Մեգին թուլացել էինք: Հորս հանդեպ կարոտը ոչ մի կերպ չեմ լրացնի, տարիների հետո այն ավելի է խորանալու, բայց պետք է շարունակեմ ապրել, ես էլ ուժեղ մարդ եմ»,- անկեղծացավ Իրինան:

Հոր մահից հետո՝ տարեսկզբին, Իրինան և Լուսինեն ընտանիքների հետ մեկնել էին հանգստի, ինչը քննադատությունների տեղիք տվեց: Իրինան ընդգծեց, որ հանգիստը վաղուց էին ամրագրել:

«Իմ և քրոջս ամուսինները համոզեցին, որ տոմսերը չվերադարձնենք ու մեկնենք, մեզ պետք էր այդ հանգիստը: Ցավալ-չցավալը հանգստի մեկնելով չէր որոշվում, ո՞վ կարող է իմանալ իմ ցավն ու ասել՝ ո՞րն է ինձ համար ճիշտ կամ սխալ: Սպասում էինք, որ պետք է քննադատություններ լինեն, բայց ես ոչ մի բացասական հաղորդագրություն չեմ ստացել: Քննադատողներ միշտ էլ կգտնվեն, ինձ համար կարևոր չէ, որովհետև ապրում եմ իմ երեխաների, ինձ համար, ոչ թե հասարակության: Մարդկանց կարծիքն ամբողջությամբ չեմ անտեսում, ամեն դեպքում, Հայաստանում ենք ապրում և շատ բաներ հաշվի ենք առնում, բայց դա չի նշանակում, որ հասարակության կարծիքի ճնշման տակ պետք է որոշումներ փոխենք»,- եզրափակեց նա։

«38-ն ինձնից խլեց հորս». Իրինա Թովմասյանը՝ 39-ամյակը նշելու տարբերակի, 1 ամիս առաջ հորը կորցնելու և երազանքների մասին