«Երբեք այսքան մեծ հաճույք չէի ստացել հանդիսատեսի ծիծաղից»․ «Կապիր ինձ մահճակալին»․ 16+ ներկայացման պրեմիերան և հյուրերը
«Կապիր ինձ մահճակալին»․ 16+ այս ներկայացման մասին մեր ընթերցողներին պատմել էինք դեռևս մեկ տարի առաջ, սակայն պրեմիերան նախորդ գարնանը 2 անգամ հետաձգվեց համավարակի պատճառով, հետո արդեն պատերազմ էր։ 2020–ից հետո Հայաստանում քիչ–քիչ վերականգնվում է մշակութային կյանքը։ Երեկ, ի վերջո, կայացավ ներկայացման առաջնախաղը։
Tert.am Life–ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։
Անդրանիկ Հարությունյանի, Լևոն Հարությունյանի, Արա Սարգսյանի, Մխիթար Ավետիսյանի, Լիա Զախարյանի, Անի Պետրոսյանի և Սաթենիկ Հազարյանի մասնակցությամբ կատակերգությունը բեմադրել է ռեժիսոր Կարո Բալյանը։ Հիմքում ֆրանսիացի հեղինակ Րաֆֆի Շարթի պիեսն է։ Ֆրանսիական տարբերակում «Կապիր ինձ ջեռուցման համակարգին» անվանումը հայերենում փոխակերպվել է «Կապիր ինձ մահճակալին» տարբերակի։

Առաջին ներկայացման տոմսերը սպառված էին, ինչը ոգևորիչ էր ստեղծագործական կազմի համար։
Առաջնախաղից հետո Tert.am Life–ի հետ զրույցում Կարոն ասաց, որ, ինչպես միշտ, ինքը դժգոհ է։ Պարզվում է՝ ռեժիսորը միշտ դժգոհ է մնում ներկայացումներից՝ անկախ նրանից առաջի՞նն է, երկրո՞րդը, թե՞ երրորդը։
«Թատրոնը կենդանի արվեստ է, միշտ շեղումներ լինում են։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Շատ բաներ են շեղվել նախատեսվածից։ Ոչ մի ներկայացում մյուսի պես չի ընթանում։ Չեմ հիշում էդպիսի բան, որ ներկայացումից հետո ես գոհ լինեմ»,– ասաց ռեժիսորն ու նկատեց, որ այսպես բոլորի տրամադրությունը փչացնում է:)

Այնուամենայնիվ, կար մի փաստ, որը ոգևորել էր Կարոյին՝ հանդիսատեսի ծիծաղը․ «Հանդիսատեսը, ինչպես հասկանում եմ, գոհ էր։ Սկզբից մինչև վերջ ծիծաղում էին, ինչն արդեն ինչ–որ ցուցանիշ է։ Հենց այս շրջանում այդ ծիծաղն ամենակարևորն էր։ Երբեք այսքան մեծ հաճույք չէի ստացել հանդիսատեսի ծիծաղից, ինչպես հիմա։ Երբ տեսնում եմ՝ մարդիկ ծիծաղում են, հասկանում եմ՝ ուրեմն գոնե մի փոքր կտրվել են առօրյա հոգսերից»,– նկատեց նա։
Ներկայացումը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կլինի նաև այսօր, իսկ հաջորդը մարտին է։











































Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







