Գիրք նվիրելու օրը՝ «Քառյակ մեդիայում»

12:13 • 20.02.21

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: «Քառյակ մեդիան» անմասն չէր մնացել տոնին և միջոցառում էր կազմակերպել թիմակիցների համար:

Տոնի առթիվ արդեն մի քանի օր է՝ ընկերությունում իրարանցում է: «Secret Santa» հայտնի խաղի ձևաչափով մեդիայի աշխատակիցները պատահականության սկզբունքով ընտրել էին իրենց գաղտնի գրքասերին, օրեր շարունակ ուսումնասիրել նրա հետաքրքրությունները՝ փորձելով աննկատ ճշտել թիմակցի ժանրային նախընտրությունը, որպեսզի նվերը հնարավորինս սպասված լինի: Երեկ կայացավ նվերների փոխանակումը։

Միջոցառումն անցկացվեց «Քառյակը կարդում է» խորագրով։ Այն վարում էին «ArmComedy» նախագծի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը, աշխատակիցներին սպասվում էր նաև գրքի թեմատիկայով պատրաստված քաղցր հյուրասիրություն:

«Հատկապես վերջին տարիներին գիրք կարդալու և նվիրելու մշակույթը շատ է զարգացել: Որոշեցինք նպաստել այդ զարգացմանն ու խաղ կազմակերպել, հատկապես, որ մեդիադաշտի ներկայացուցիչներն առավել գրքասեր են լինում։ Առհասարակ, փորձում ենք ստեղծարար մտքերով մոտիվացնել մեր թիմի անդամներին»,- ասաց «Քառյակ մեդիայի» օֆիս մենեջեր Արմինե Հակոյանը:

Նա հայտնեց, որ խաղից հետո նոր գաղափար է ծագել. «Քառյակ մեդիան» շուտով կունենա գրքի իր անկյունը․ «Որոշել ենք անկյուն ստեղծել, որտեղ կլինեն և՛ մասնագիտական, և՛ գեղարվեստական գրքեր: Կունենանք մեր փոքրիկ գրադարանը, որից կօգտվեն մեր աշխատակիցները»:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Գիրք նվիրելու օրը՝ «Քառյակ մեդիայում»