«Շնորհակալ եմ, որ նրանց նման ծնողներ ունեմ». Լիլիթ Մարտիրոսյանը՝ 33-ամյակը չնշելու պատճառի, երազանքների և նպատակների մասին
Մոդել, գեղեցկության տարբեր մրցույթների մասնակից Լիլիթ Մարտիրոսյանը օրերս նշել է իր 33-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթն ասաց, որ օրը սկսել է ընտանիքի հետ սրճելով:
«Իհարկե, ընտանիքիս անդամները նաև կեսգիշերին էին շնորհավորել ինձ: Սիրում եմ ծննդյանս օրը ծնողներիս հետ անցկացնել, որովհետև այն ավելի շատ իրենց օրն եմ համարում, ամեն րոպե շնորհակալ եմ, որ նրանց նման ծնողներ ունեմ: Նրանք դժվար տարիներին մեզ մեծացրել են, հնարավորինս ամեն ինչ տվել, որպեսզի մենք լավ մարդ մեծանանք և ունենանք այն, ինչ ունենք հիմա: Քանի որ ամռանը կորցրեցի տատիկիս, խնջույք ունենալու տրամադրություն և ցանկություն չունեի: Նրա հետ շատ կապված էի, ծանր եմ տանում կորուստը, չէի կարող հոգեպես տրամադրվել ուրախ խնջույքի: Գյումրիում ընտանիքիս անդամների հետ ուղղակի ճաշել ենք, առանձնահատուկ ոչինչ չենք կազմակերպել»,- պատմեց նա:

Թեև խնջույք չի եղել, Լիլիթի խոսքով՝ ընտանիքի անդամները նվերների տեսքով անակնկալներ են մատուցել, միաժամանակ, նա շեշտեց, որ իր համար ամենակարևոր նվերը նրանց առողջությունն է:
«Նաև ընկերներիս ու բարեկամներիս կողմից եմ ծաղիկներ ստացել: Ծաղիկներ շատ եմ սիրում, դրանք ինձ հետաքրքրիր էներգիա են տալիս: Առհասարակ, նվերներիս մասին բարձրաձայնել չեմ սիրում, շատ են հարցնում՝ նվերներ տա՞լ, թե՞ ստանալ եմ սիրում: Կարծում եմ՝ ճիշտն այդ երկուսի բալանսն է, պետք է և՛ ստանաս, և՛ նվիրես: Երբ ինձ հարազատ մարդու ինչ-որ նվերով ուրախացնում եմ, տեսնում նրա էմոցիաները, նույն ապրումներն եմ ունենում, որոնք կունենայի նվեր ստանալիս: Ինձ համար նվերի արժեքն ընդհանրապես կարևոր չէ, մատերիալիստ չեմ, ես սիրում եմ հոգևոր արժեքներ, ինձ համար վերաբերմունքն է կարևոր: Վերաբերմունքը ոչ մի առնչություն չունի նվերի արժեքի հետ»,- նշեց նա:
Մոդելն այս տարի դարձել է 33 տարեկան: Նա ընդգծեց, որ ամեն տարիք իր գեղեցկությունն ունի: «Ամեն ինչ գիտակցությունից է գալիս, թե ինչպե՞ս ես քեզ զգում և ներքին աշխարհդ սնուցում, որովհետև այդ ամենն ազդում է մարդու արտաքնի և ինքնազգացողության վրա: Ներքին բովանդակության վրա պետք է շատ աշխատել, բարի լինել, հետաքրքիր, մոտիվացիոն գրքեր շատ կարդալ, որպեսզի կարողանաս ճիշտ գնահատել յուրաքանչյուր րոպեն, շնորհակալ լինելու զգացում զարգացնել ներսումդ ու ամեն օրվա համար շնորհակալ լինել: Բոլորս էլ դժվարություններ ունենք, առանց դրանց հետաքրքիր չէր լինի, բայց դրանց հետ մեկտեղ պետք է վայելել ու գնահատել ունեցվածքդ, թեկուզ մանրուքները, որոնք, իրականում, մանրուքներ չեն»,- շեշտեց նա:

Ըստ մոդելի՝ տորթի մոմերը փչելու պահին ինչ-որ բան մտապահելու վրա չի կենտրոնանում: «Կարծում եմ՝ երազանքներ ու նպատակներ պետք է մտապահել ամեն րոպե, որովհետև, երբեմն, մենք խճճվում ենք խնդիրներով ու մոռանում ձգտելու մասին: Մեր միտքը շատ հզոր է, ինչ ծրագրում ենք և երազում մտքում, դառնում է իրական: Իմ նպատակներն ու երազանքները կատարվում են, այդ առումով ինձ բախտավոր մարդ եմ համարում: Նպատակներիս բնույթը չեմ տարանջատում, ուղղակի հասկանում եմ՝ կյանքի որ հատվածում ինչ նպատակի ուղղությամբ պետք է աշխատեմ: Առհասարակ, պետք է գիտակցել՝ որ տարիքում ինչ նպատակ է պետք: Ես գրում եմ նպատակներս և դա, հիմնականում, անում եմ տարեվերջին: Հետո կարդում եմ, տեսնում՝ որոնք են կատարվել, որոնց ուղղությամբ դեռ պետք է աշխատեմ,- ասաց նա, ապա, անդրադառնալով անձնական կյանքի հետ կապված նպատակներին, նշեց՝ ընտրյալ չունի, բայց չի կարծում, որ դա կապված է կայացած լինելու հետ,- Յուրաքանչյուր մարդ ունի իր երկրորդ կեսը, և նա մի օր հայտնվում է: Շատ ավելի հետաքրքիր է լինում, երբ դու կայացած ես, միմյանց մոտիվացնելով, ուժ տալով, հետաքրքիր ու նոր կետից եք սկսում կյանքը: Երբ աղջիկն ունի իր հետաքրքրությունները, շատ գովելի ու լավ է»:











