«Համակարգչում բացված հերթական ֆայլը ոչ թե նյութ, այլ գիրք դարձավ»․ լուրերի մեկնաբան Մարիաննա Հակոբյանը ներկայացրեց իր «Կասկադ 6․15» գիրքը
Լրագրողական ցանկացած պատմություն կարող է գիրք դառնալ․ այս համոզմունքն ունի «Կասկադ 6․15» գրքի հեղինակ, լրագրող, լուրերի մեկնաբան Մարիաննա Հակոբյանը։ Երեկ կայացավ լրագրողի առաջին գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Արտակ Վարդանյանը, Սերգեյ Սարգսյանը, Էրիկ Անթառանյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Մալյանը և այլք։
Հեղինակը նախկինում ներկա է եղել գրքերի բազմաթիվ շնորհանդեսների, բայց այս անգամ նկատելիորեն հուզված էր։ Մարիաննան նախ նշեց, որ միշտ սիրել է ներկա գտնվել գրքերի շնորհանդեսների, սպասել դրանց ավարտին, որպեսզի մոտենա և զրուցի հեղինակների հետ, որպես լրագրող «հարցախեղդ» անի։ Քանի որ մասնագիտության բերումով գիտեր, թե ինչ հարցեր են իրեն տալու, առաջ ընկավ լրագրողներից և պատասխանեց՝ ինչո՞ւ որոշեց գրել գիրքն ու ինչի՞ մասին է այն։

«Մտածում էի այս երկու հարցի շուրջ՝ արդյոք ավելի կարևոր է այն, թե ինչի մասին է գիրքը, քան այն, թե ինչպես է այն գրված։ Գրքերը ես համամետում եմ չամիչով փլավի հետ։ Սյուժեն բրինձն է, յուրահատուկ մտքերն ու արտահայտությունները՝ չամիչները։ Ես հենց այդ չամիչներն եմ սիրում, որովհետև գիրքն ընթերցելուց հետո, հաճախ ոչ թե սյուժեն ես հիշում, այլ տպավորիչ արտահայտությունները։ Մենք ընտրում և հիշում ենք այն արտահայտությունները, որոնք բավարարում են մեր համոզմունքները,- ասաց նա և հավելեց, որ միշտ հետաքրքիր պատմություններ փնտրող լրագրող է,- Ինքնաբերաբար հայտնվում եմ այդ պատմությունների մեջ, այս անգամ համակարգչում բացված հերթական ֆայլը ոչ թե նյութ, այլ գիրք դարձավ։ Գիրքը սիրո մասին է, որովհետև մեր կյանքում ամեն ինչ պտտվում է սիրո շուրջ, նաև անդրադառնում է փիլիսոփայական մի շարք հարցերի»։
«Կասկադ 6․15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում երջանիկ լինելու ճանապարհը։ Հոգեբանական անցումներով և հումորով գրված վեպում մեր իրականությունն ու կյանքը գծագրվում են հակասական, բայց համակրելի կերպարներով և երևանյան ծանոթ պատկերներով։
Մարիաննայի խոսքով՝ գրքի տպագրման ընթացքը շատ հետաքրքիր է եղել, իսկ ավարտը, ինչպես բոլոր ավարտները, իր հետ տխրություն է բերել։ «Մի տեսակ դատարկություն կա, պետք է նոր սպասում հորինել։ Հիմա մեր առօրյան շատ է խառնված, հենց գրքերն են, որ պետք է օգնեն մեզ իրականությունից կտրվել, դրական լիցքեր ստանալ»,- նշեց նա։



























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







