«Մենք բախտավոր ենք, որ կարողացանք վերադառնալ ու տեսնել մեր սիրելիներին». Հայկ Պետրոսյանի երեկոյի հյուրերն ու հետաքրքիր դրվագները
Մտերմիկ մթնոլորտ, լսված ու չլսված երգեր. երկար դադարից հետո դերասան Հայկ Պետրոսյանը երեկ կրկին բեմում էր: Tert.am Life-ը ներկա է եղել Հայկի երեկոյին, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու զրուցել նրա հետ:
Երեկոյին ներկա էին Հայկի հայրը՝ դերասան Վարդան Պետրոսյանը, մայրը, սիրելին՝ Անին և այլք:
Դերասանն այս անգամ ներկայանում էր այլ ձևաչափով: Երեկոն ոչ թե սթենդափ ժանրի էր, այլ կազմված էր Հայկի հեղինակային և ոչ հեղինակային երգերից, որոնցից առաջ հնչում էին անձնական ու ոչ անձնական պատմություններ աշխարհը ցնցած կորոնավիրուսային համավարակի մասին, որը Հայկին ևս չի շրջանցել:

«Վերջին անգամ նման երեկո ունեցել էի անցած տարի, կորոնավիրուսի տարածվելուց և պատերազմից հետո սա առաջին ելույթն է: Եթե նախկինում երեկոյի մեծ մասը բաղկացած էր նաև կատակներից, այս անգամ մեծ մասամբ հեղինակային երգեր էին: Երբեմն, ավելի հեշտ է երգելով արտահայտվել, քան խոսելով: Ոգեշնչման աղբյուրներս տարբեր էին. կային և՛ անձնական, և՛ ընկերների հետ կապված պատմություններ, իսկ դրանք անձնական էին այնքանով, որ մինչև երգելն անցկացնում էի իմ միջով: Այդ երգելը գրելը, անշուշտ, բարդ է, ամեն բառը քո ներսից հանելով ապրումներ ես ունենում, մնացածը կատարման հարց է: Կան երգեր, որոնք անձնական, խորն ապրումներ են արթնացնում, բայց դրանք բեմի վրա պետք է զսպել: Երբ հանդիսատեսի առջև ես, գլխավոր նպատակը հուզվելը չէ, այլ հանդիսատեսին ապրեցնելը: Շարլ Ազնավուրի երգերից շատերը հուզական են, եթե ամեն երգի ժամանակ արտասվեր, ի՞նչ կստացվեր»,- ասաց դերասանը:
Հայկը երեկոյի ընթացքում խոսեց ու երգեց նաև պատերազմի մասին, որին մասնակցել է, իսկ երեկոյին ներկա էին նրա մարտական ընկերները: Նա ընդգծեց, որ պատերազմի ու ապրումների մասին պետք է խոսել, երգեր գրել, ֆիլմեր նկարահանել, որովհետև ցավը քո մեջ փակելով այն ավելի ես խորացնում:
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև ռոմանտիկ երգեր. Հայկն ասաց, որ ցանկացած զինվորի գրպանում կա սիրելի աղջկա, կնոջ լուսանկարը, իսկ կանայք հուզվում են, անհանգստանում, բայց դա փորձում են ցույց չտալ: «Մենք բախտավոր ենք, որ կարողացանք վերադառնալ ու տեսնել մեր սիրելիներին»,- նշեց նա:
Վերջում Հայկը խոստացավ՝ շուտով հանդիսատեսի հետ կհանդիպի ավելի մեծ բեմում:





















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







