«Սա իմ կամքն է, հոգու և սրտի պարտքը». Սոնայի մենահամերգը՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված զինվորներին

13:45 • 15.03.21

1991 թվականից մինչև մեր օրերի երգեր. տևական դադարից հետո երգչուհի Սոնան «Քո հրեշտակը» խորագրով մենահամերգ ունեցավ, որը նվիրված էր Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված զինվորների հիշատակին: Հանդիսատեսի շարքերում ներկա էին միայն հրավիրատոմսերով եկած մարդիկ՝ Արցախյան երկրորդ և Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներ, վիրավորում ստացած զինվորներ: Ներկա էին դերասան Հայկ Չոմոյանը, ով Արցախյան պատերազմում ոտքերի շրջանում վիրավորում էր ստացել, երգիչ Արթուր Խաչենցը, ով մասնակցել էր Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներին:

Tert.am Life-ը ներկա է եղել Սոնայի մենահամերգին և ֆիքսել երեկոյի հիշարժան դրվագները:

«Սա իմ կամքն է, հոգու և սրտի պարտքը. Աստված ինձ տաղանդ է տվել, որը ես պետք է կիսեմ: Սա ստանդարտ համերգ, այլ զգացմունքային առումով տարբերվող է»,- համերգից առաջ ասաց Սոնան, ապա հավելեց,– Ոչ մի տոմս չի վաճառվել, եղել են միայն հրավիրատոմսեր: Սկզբում մտածում էի՝ զոհված զինվորների ընտանիքի անդամներին հրավիրել պետք չէ, բայց զանգել և ասել էին՝ ուզում ենք գալ Սոնայի համերգին»:

Տևական դադարից հետո սա Սոնայի առաջին մենահամերգն էր, երգչուհին ընդգծեց, որ այն հենց բարեգործական բնույթ պետք է կրեր:

«Այս տարի իմ ստեղծագործական գործունեության 30-ամյակն է, նախատեսում էինք համերգներ ունենալ Հայաստանում, Մոսկվայում, Արցախում, բայց... Այդ ամենից հետո համարում եմ, որ այս տարին բարեգործական համերգով պետք է սկսեի: Հիմա հայի ոգին պահպանելը շատ կարևոր է»,- ասաց նա:

Համերգի ընթացքում Սոնան կատարեց մոտ 30 երգ, նրան ձայնակցում էին բեքվոկալիստներ Տյոմը, Անահիտ Շահբազյանն ու Անահիտ Պետրոսյանը:

 

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

«Սա իմ կամքն է, հոգու և սրտի պարտքը». Սոնայի մենահամերգը՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված զինվորներին