«Երեխաներս տարիքից շուտ չեն մեծացել». Գոհար Հարությունյանի դուստրերի տարեդարձի համատեղ խնջույքը, ընտրած տորթն ու շպարվելու ձգտումը
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանի ավագ դուստրը՝ Մելինեն, մարտի 30-ին դարձավ 13 տարեկան, իսկ մյուս դուստրը՝ Բիայնան, մարտի 3-ին դարձավ 12 տարեկան: Երեխաներն առաջին անգամ որոշել են երկուսի ծննդյան օրերը նշել մեկ օր՝ մարտի 4-ին:
Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին, ֆիքսել հետաքրքիր դրվագները և զրուցել Գոհարի հետ:
Ըստ մայրիկի՝ երեխաները շատ ուրախ օր են ունեցել: «Հավաքվել էին իրենց ամենամտերիմ ընկերները, խաղացին, լավ ժամանակ անցկացրին: Քանի որ Մելինեի և Բիայնայի միջև տարիքային տարբերությունը 1 տարի է, ընկերական շրջապատը նույնն է, հաճախում են երգի և դերասանական արվեստի պարապմունքների, որտեղից էլ, հիմնականում, հրավիրել էին ընկերներին: Ամեն ինչ իրենք էին կազմակերպել: Տորթը ևս Մելինեն և Բիայնան էին ընտրել, անգամ, գինն էին սակարկել, որպեսզի շատ թանկ չլինի, ինչը շատ եմ գնահատում: Խնջույքի ժամանակ աշխատում էի չխանգարել իրենց, դուրս էի գալիս, որպեսզի ազատ շփվեն: Իրականում, աղջիկներս շատ ինքնուրույն են, օգնում են ինձ ցանկացած հարցում: Երեկ՝ ծննդի վերջում, ստիպված երեխաներին մենակ թողեցի ու գնացի «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Գրիգորյանի նկարահանումներին, ամբողջ խումբն ինձ էր սպասում: Մելինեն ճանապարհել էր բոլորին, թույլ չէր տվել տարածքից դուրս գալ, մինչև ծնողները չէին եկել երեխաների հետևից»,- պատմեց նա:

Գոհարն ընդգծեց, որ երեխաները ժամանակից շուտ չեն մեծացել: «Երկուսն էլ երեխա են, ինչից շատ եմ ուրախանում: Իրենց պահվածքը մանկական է, գուցե նրանից է, որ չեմ թողնում հեռախոսի մեջ շատ ժամանակ անցկացնել: Առհասարակ, երեխաներս 10 տարեկանից հետո են հեռախոս ունեցել. դա մեր տանն օրենք է: Հիմա նոր սերունդը տարօրինակ բաներով է զբաղվում, վախենալու տեսանյութեր դիտում: Քանի որ 5 երեխայի հետ վերահսկողությունս կարող է քիչ լինել, ավելի հեշտ է մինչև 10 տարեկանն արգելել հեռախոսի կիրառությունը: Ես բացատրում եմ, թե ինչու չպետք է հեռախոս ունենան, չի եղել դեպք, որ գան, ինձ հարցնեն՝ բոլորն ունեն, իրենք ինչո՞ւ չունեն: Երբեմն, աղջիկներս նույնիսկ շնորհակալություն են հայտնում, որ ժամանակին իրենց թույլ չեմ տվել, գնահատում են, ասում են՝ իրենց տեսողությունը լավ է, սմարթֆոններից չի վատացել»,- պատմեց նա:
Մայրիկի խոսքով՝ ցանկացած արգելքի բացատրությունն ունի, ոչինչ հենց այնպես չի անում: «Պարտադիր բացատրում եմ երեխաներիս, թե ինչու չի կարելի, չեմ կարող ուղղակի ասել՝ մի՛ արա: Երեխան կսովորի այդ հրահանգներին և ինքնուրույն որոշումներ չի կայացնի: Ես բացատրում եմ, որպեսզի հետո ինքնուրույն որոշեն: Մելինեն և Բիայնան Coca Cola ըմպելիքի համը նույնիսկ չգիտեն, երբեք չեն փորձել, կարծում եմ՝ սա խստություն չէ, ես իրենց համար եմ անում: Ասում եմ՝ ես ձեզ այնքան եմ սիրում, որ ուզում եմ առողջ սնվեք: Իհարկե, երեխաները ոչ միշտ են ըմբռնմամբ մոտենում, երբեմն ուզում են ինքնուրույն փորձել ու սեփական փորձով համոզվել: Դե, հորոսկոպով խոյ են, համառություն ունեն, ավելի լավ, սիրում եմ, երբ մարդը բնավորություն է ունենում»,- ասաց նա:

Գոհարը նաև շեշտեց, որ աղջիկներն այն տարիքում են, երբ արդեն փորձում են շպարվել: «Մելինեն և Բիայնան, երբեմն, ձգտում են շպարվել, գեղեցիկ երևալ, փորձում են բոլորին դուր գալ, գուցե, սիրահարված են: Ծննդյան օրը թարթիչները մի փոքր ներկել էին, հետո խաղացել էին, քրտնել, լղոզվել էր: Ասացի՝ արժե՞ր շպարվել, որ հետո պետք է այդպես լիներ: Իրենք լավ են զգում, երբ առօրյայից մի փոքր տարբերվող տեսք են ունենում: Նրանց ընկերուհիներին հարցրի՝ իրենց մայրիկները թույլ տալի՞ս են շպարվել: Շատերն ասացին, որ այո, մի աղջիկ էլ ասաց, որ իր մայրն ընդհանրապես թույլ չի տալիս շպարվել: Իրականում, ինձ համար երկու տարբերակն էլ ընդունելի են, ամեն մայր ինքն է որոշում: Ես շատ խիստ չեմ, բայց թույլ չեմ տա, որ երեխաներս թեկուզ քիչ շպարված դպրոց հաճախեն»,- եզրափակեց Գոհարը:










Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի







