«Ուզում եմ հայտնի մարդ դառնալ». ֆրանսիաբնակ տիկտոկեր Լարան՝ Անդրանիկ Հարությունյանի և Աղաս Մանուկյանի առաջարկների, մեկ ամսում Տիկ-տոկում գրանցած հաջողությունների և գլամուր աղջկա կերպարի մասին

14:57 • 15.04.21

Տիկ-տոկից լսարանին հայտնի Լարան՝ Լարիսա Սարգսյանը, հավելվածում գրանցվել է մեկ ամիս առաջ, կարողացել է կարճ ժամանակահատվածում հետևորդներ հավաքել և արդեն ունի 32.000 հետևորդ: Լարայի տեսանյութերի դիտումները տատանվում են 40-600.000-ի սահմաններում: Tert.am Life-ի հետ զրույցում Լարան պատմել է հավելվածում գրանցվելու պատճառի, իր հաջողության, մատուցած կոնտենտի, քննադատությունների և ստացած առաջարկների մասին:

Լարան 24 տարեկան է, ծնվել է Երևանում, 11 տարեկանում տեղափոխվել Ուկրաինա, այնտեղից էլ Ֆրանսիա, որտեղ ապրում է արդեն 7 տարի: Նրա խոսքով՝ պատահական է որոշել հավելվածում գրանցվել, չի պատկերացրել, որ կարճ ժամանակահատվածում այդքան հետևորդ կունենա:

«Տիկ-տոկի էջս բացել եմ մեկ ամիս առաջ, քանի որ իմ անձնական կյանքում բարդ ժամանակաշրջան էր: Մտածեցի, որ հավելվածն ինձ դրական էներգիա կտա ու տվեց: Կոնտենտս, հիմնականում, հումորային է, որովհետև ապրում եմ Ֆրանսիայում, կարոտում եմ իմ ժողովրդին, ուզում եմ այսպես շփվել նրանց հետ: Հաճախ եմ «Կիսաբաց լուսամուտներ» նախագծից նմանակումներ անում, դրանք բավականին շատ արձագանքների են արժանանում: Առաջին նմանակումս արել եմ «Աշոտիկ» երգի ներքո, ռաբիս ոճով հագնվեցի, նմանակեցի և ստացվեց, այդտեղից ամեն ինչ սկսվեց: Այդ տեսանյութը հիմա 105.000 դիտում ունի: Չեմ կարող ասել, որ այդ տեսանյութից հետո հետևորդներս միանգամից ավելացան, ես անընդհատ աշխատում էի, ամեն օր տեսանյութեր էի տեղադրում, փորձում էի էջս ակտիվ պահել: Նույնիսկ սցենար եմ գրում, որոշում, թե որ օրն ինչ տեղադրեմ»,- պատմեց նա:

Ըստ Լարայի՝ հավելվածում ներկայանում է մի քանի կերպարով: «Դրանցից մեկը «գլամուր» աղջկա կերպար է, դաստիարակչական բնույթ է կրում: Օրինակ, նա ինքնավստահ խոսում է, հետո տան տնտեսուհին գալիս է և սուրճը լցնում նրա վրա: Ուզում եմ ասել, որ պետք չէ այդպիսին լինել ու ավելորդ ինքնավստահություն ունենալ: Ունեմ կերպար, որն ուտեստ է պատրաստում, բայց ագրեսիվ ձևով: Անկեղծ ասած, այդ տեսանյութի նախնական տարբերակը շատ վաղուց տեսել եմ ռուս տիկտոկերի մոտ, բայց նրա դեպքում միայն խոսքն էր ագրեսիվ: Իմ դեպքում և՛ ագրեսիվ խոսում եմ, և՛ պատրաստում: Այդ տեսանյութն ունի 600.000-ից ավելի դիտում՝ չնայած շատ վատ մեկնաբանություններ կային: Մարդիկ հարցնում էին՝ ինչո՞ւ եմ ուտելիքի հետ այդպես վարվում, շատերը երազում են ուտել, բայց նրանք պետք է հասկանան, որ սա ուղղակի կերպար է»,- ասաց նա:

Տիկտոկերն ընդգծեց, որ հավելվածն իրեն ինքնավստահություն է տալիս: «Ուշադրության կենտրոնում եմ, մարդիկ դիտում են, նաև քննադատում, հետաքրքրվում իմ կյանքով: Առանց քննադատությունների ինձ համար անհետաքրքիր կլիներ, կնշանակեր, որ ես նրանց չեմ հետաքրքրում, իսկ հիմա մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, ես նրանց դեմ ոչինչ չունեմ: Ուղղակի զգացմունքային մարդ եմ, երբեմն, չափն անցնում են, այդ մեկնաբանությունները ջնջում եմ, բայց ամբողջը չեմ հասցնում: Օրինակ, ուտեստ պատրաստելու տեսանյութն ուներ 5000 մեկնաբանություն, չէի կարող այդքանը ֆիլտրել, վերջում փակեցի բոլոր մեկնաբանությունները»,- նշեց նա:

Լարան շեշտեց, որ Տիկ-տոկից դուրս ևս հետաքրքրություններ ունի: «Երգում եմ, այստեղ ավարտել եմ կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, բայց նոր եմ փորձում կարիերա սկսել: Տիկ-տոկում մի տեսանյութ կա, որտեղ երգում եմ, բայց չեմ ուզում կոնտենտս երաժշտական լինի, նախընտրում եմ հումորային ժանրը: Այս ամենից դուրս աշխատում եմ. ոսկյա զարդերի խանութում մենեջեր եմ»,- պատմեց նա:

Տիկտոկերն ասաց, որ վերջին անգամ դեկտեմբերին է Հայաստանում եղել, ծրագրում է նորից գալ: «Դեռ կգամ ուղղակի այցի, բայց հետագայում ուզում եմ մշտական բնակության տեղափոխվել: Ամեն օր այդ մասին եմ մտածում, շատ եմ ուզում, բայց միայն հետագայի համար ծրագրեր գծելուց հետո: Կարծում եմ` դա կլինի մոտակա մեկ տարվա ընթացքում: Ուզում եմ հայտնի մարդ դառնալ: Տիկ-տոկի շնորհիվ շատ առաջարկներ եմ ստացել, օրինակ, դերասան Անդրանիկ Հարությունյանն ասել է, որ երբ Հայաստան գամ, ինձ հետաքրքիր ինչ-որ կերպար կառաջարկի: Ինձ գրել էր նաև դերասան Աղաս Մանուկյանը, ով առաջարկում էր համատեղ ինչ-որ տեսանյութ նկարահանել: Ուղղակի դեռ հետաքրքիր թեմա չեմ գտել, ուզում եմ տարբերվող ինչ-որ բան մտածել»,- եզրափակեց նա:

«Ուզում եմ հայտնի մարդ դառնալ». ֆրանսիաբնակ տիկտոկեր Լարան՝ Անդրանիկ Հարությունյանի և Աղաս Մանուկյանի առաջարկների, մեկ ամսում Տիկ-տոկում գրանցած հաջողությունների և գլամուր աղջկա կերպարի մասին