«Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ի կազմակերպած հավաքույթը՝ ոլորտի առաջատարներին համախմբելու նպատակով
Գեղեցիկ ծաղիկներ, լուսավորություն և ձևավորում․ հյուրերը միջոցառումների կազմակերպման մասնագետներն են, որոնք Հայաստանում առաջին անգամ հավաքվեցին կլոր սեղանների շուրջ: Հանդիսավարը ողջունեց ներկաներին, սակայն ավանդական շնորհավորանքի խոսքի փոխարեն կոչն էր՝ համախմբվել միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչներով և Հայաստանում զարգացնել ոլորտը:
Միջոցառումների կազմակերպման ոլորտի առաջատար ներկայացուցիչները՝ դիզայներներ, հանդիսավարներ, հարսանիքի կազմակերպիչներ, ֆոտո-վիդեո նկարահանողներ, դիմահարդարներ և ոլորտի մյուս ճյուղերի ներկայացուցիչներ համախմբվել էին «Օջախ» ռեստորանային համալիրում` քննարկելու բնագավառի խնդիրները, պատմելու սեփական փորձի մասին, ծանոթանալու միմյանց հետ և ստեղծելու ամուր գործակցության հիմք՝ ոլորտը զարգացնելու և միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:

Միջոցառումը կազմակերպել էր «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն, որի հիմնադիր Գայանե Խոջայանը Tert.am life-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման նպատակն է համախմբել ոլորտը՝ այն զարգացնելու միտումով:
«Իմ փորձով հասկացել եմ, թե որքան կարևոր է փորձի փոխանակումը: Միջոցառմանը ներկա են «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ի անդամները: Մեզ անդամագրված են ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ․ ռեստորաններ, հանդիսավարներ, նկարահանողներ, դիզայներներ, ֆլորիստներ, հարսի զգեստներ առաջարկող կազմակերպություններ, երաժիշտներ և այլ ոլորտների մասնագետներ: Սա ոլորտը համախմբելու առաջին, բայց ոչ վերջին փորձն է Հայաստանում: Նախաձեռնությունը ռիսկային էր, բայց գաղափարը ողջունվեց բնագավառի մասնագետների կողմից: Առաջիկայում նպատակ ունենք ոլորտի մասնագետների համար անցկացնել մրցանակաբաշխություն, որի նոմինանտները և հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային հեղինակավոր մրցույթների»,- նշեց Գայանե Խոջայանը:
«Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ի անդամների հանդիպման ժամանակ 12 խոսնակներ պատմեցին իրենց փորձի, անհանգստացնող խնդիրների մասին, հանդես եկան ոլորտը զարգացելու առաջարկներով: Ոլորտի յուրաքանչյուր ճյուղ՝ լինի դա դիզայն, դիմահարդարում, հարսանեկան պարի բեմադրություն, թե հարսանիքի կազմակերպում ունի իրեն բնորոշ խնդիրները: Հնչեցված խնդիրները տարբեր էին, սակայն բանախոսները միաբերան նշեցին՝ հանդիպումը կունենա իր դրական արդյունքը: «Խնդիրը միայն բարձրաձայն ասելով կարելի է լուծել». նշեց խոսնակներից մեկը, հավելելով` գործակցելով ոլորտը կդառնա ավելի լավը:

Գայանե Խոջայանը շեշտեց, որ այս ձևաչափի միջոցառումները կլինեն շարունակական: «Տարին գոնե 2 անգամ պետք է համախմբվենք: Առաջինը՝ տարեսկզբին, աշխատանքային պլան ու ստեղծագործական ոճ հստակեցնելու նպատակով, մյուսն էլ տարեվերջին՝ արդյունքների վերլուծության համար: Նմանօրինակ միջոցառումներն այս բնագավառում լայն տարածում ունեն արտերկրում, հենց դա էլ պատճառներից մեկն է, որ որոշ երկրներում միջոցառումների կազմակերպման ոլորտն ավելի զարգացած է»,- նշեց Գայանե Խոջայանը:
Նա նկատեց, որ «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն հիմնադրվել է 2019 թվականին: Ստեղծվել է թիմ՝ առաջատար մասնագետներով, որոնք նպատակ ունեն ինչպես աջակցելու ոլորտ նոր մուտք գործած ընկերություններին, այնպես էլ զարգացնելու ոլորտը, պատմելու փորձի մասին և համապատասխանեցնելու առաջարկները և գործելաոճը միջազգային ստանդարտներին: Կազմակերպությունը նպատակ ունի միջազգային և ազգային ընկերությունների հետ նախաձեռնել և իրականացնել հարսանիքների և միջոցառումների կազմակերպման զարգացման ծրագրեր՝ կազմակերպել և իրականացնել հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի նորարարության և գործունեության զարգացմանը նպաստող աշխատանքային քննարկումներ, դասընթացներ և այլ միջոցառումներ:

«Բացի դա, մենք նպատակ ունենք հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերին ընձեռել հնարավորություն մասնակցելու միջազգային մրցույթների, կոնգրեսների և մասնագիտական այլ միջոցառումների: Վերապատրաստում ստանալով 10-ից ավելի երկրում՝ ես գիտեմ դրա կարևորությունը մասնագիտական հմտությունները զարգացնելու համար: Նաև նպատակ ունենք օտարազգի առաջատար մասնագետներին հրավիրել Հայաստան, այստեղ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար»,- նշեց Գայանե Խոջայանը:
Նրա խոսքով՝ «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ի նպատակներից է նաև խթանել հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի միջև արդյունավետ գործակցությանը, օգնել հայ մասնագետներին դուրս գալ միջազգային շուկա, ուսումնասիրել գործարարության տարբեր ոլորտներում առկա առաջխաղացման խոչընդոտները, առաջարկել և իրականացնել դրանց լուծման հնարավոր տարբերակներ, օրենքով պաշտպանել գործարարությամբ զբաղվող հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի շահերը:
«Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ի անդամների հանդիպման գլխավոր գործընկերը Սիրուշոյի ապրանքանիշը՝ «Պռեգոմեշ»-ն էր, մյուս գործընկերներն էին «Օջախ» ռեստորանային համալիրը, «Ագնես Քեյկս»-ը, «111 Event Solutions»-ը, «Bella Flowers»-ը, «Aga Kankanyan» իմիջ կենտրոնը, «Rose Art»-ը, «Laki Dessert Art Studio»-ն, «Dona Nona Cakes»-ը, «Catali Event House»-ը, «Prestige Wedding Planner» ընկերությունը և «The House»-ը:
Շփվել, համախմբվել, վերապատրաստվել, զարգանալ և գործակցել. սա է «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ի հիմանական նպատակը:




Հեղինակ՝ Լուսինե Զարայելյան







