«Հայ մնալու չնչին, բայց վերջին մի հնարավորություն ունենք»․ Հայկ Ղուլյանը՝ նոր տեսահոլովակի և երգի գլխավոր ասելիքի մասին

16:59 • 29.04.21

«Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթող Հայկ Ղուլյանն օրերս  նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Երգիչը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է «Հայ ենք, հայ» կոչվող երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասները։

«Հայ ենք, հայ»-ի երաժշտության հեղինակը Հայկն է, խոսքերը գրել են Հայկն ու իր պրոդյուսերը՝ Ամարաս Գասպարյանը։

«Պետք է անդրադառնայինք այս թեմային․ որոշեցինք դա անել ոչ թե թույլ, այլ մարդկանց համախմբող և ոգեշնչող տեսանկյունից։ Կարծում եմ՝ դեռ ոտքի կանգնելու հնարավորություն ունենք։ Կապ չունի՝ ով որտեղ է ծնվել, ինչ է ուտում, կարևորն այն է, որ հայ լինի, դա պետք է լինի բոլորիս գլխավոր արժեքը։ Երգում նշվում է, որ գյումրեցի, ջավախեցի, բեյրութահայ, արցախցի, բոլորս էլ հայ ենք։ Պետք է ուս-ուսի, խելք-խելքի տանք ու առաջ շարժվենք, որովհետև, ըստ իս, հայ մնալու չնչին, բայց վերջին մի հնարավորություն ունենք»,- ասաց Հայկը։  

Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է։ «Երկար ենք մտածել տեսահոլովակի մասին, հասկացանք, որ պետք է մինիմալիզմի մեջ կարևոր բաներ նկարահանենք։ Ցույց ենք տալիս տարբեր բնակավայրերի տարազները, դետալային աշխատանք է ստացվել։ Սյուժեի միտքը թիմային աշխատանքն էր, ամեն ինչ միասին ենք քննարկել։ Կարող էինք երգի գործիքավորողի հետ տեսահոլովակը քննարկել, ռեժիսորի հետ՝ գործիքավորումը։ Պրեմիերայից հետո շատ լավ արձագանքներ եմ ստացել, այն մարդիկ, ովքեր հասկացել են, թե ինչ էինք ուզում փոխանցել տեսահոլովակի միջոցով, դրական են արձագանքել»,- նշեց նա։

Հայկի խոսքով՝ հիմա չպետք է նայել, թե հայրենասիրական երգերը որքանով են արդիական։ «Պետք է ինքներս դրանք արդիական դարձնենք։ Ստեղծված իրավիճակում ինքս չէի կարող սեր երգել, ինչը ևս իր տեղն ունի, և երգիչը պետք է նման երգեր էլ ունենա։ Հիմա այս թեմայի մասին պետք է երգենք, որպեսզի մարդկանց մոտ գոնե մի բան փոխվի։ Եթե 10 դիտողից 7-ի մեջ ինչ-որ բան փոխվի, հասկանան՝ կարևոր չէ, թե ով որտեղից է, կարևոր է համախմբվելը, արդեն իսկ լավ է»,- ընդգծեց նա։

 

Ըստ երգչի՝ այլ երգեր ևս նախապատրաստում է, բայց ուզում է հայրենասիրական երգերի գիծը պահել։ «Ուզում եմ ասելիք ունեցող ստեղծագործություններ երգել, ոչ թե ուղղակի այնպիսիք, որոնք կերգեմ հարսանիքներին կամ կլսեն մեքենայի մեջ։ «Հայ ենք, հայ» երգի գլխավոր ասելիքը համախմբումն էր, որի մեջ շատ ճյուղեր կան։ Պետք է հասկանանք, որ մեզ ոչինչ չպետք է խանգարի, թեկուզ քաղաքական կողմնորոշումները, որոնք կարող են անընդհատ փոխվել, պետք է ուղղակի հասկանալ իրար»,- ասաց Հայկը։  

Երգիչը նաև նկատեց, որ դրական է վերաբերում ժողովրդական երգերի նորովի ներկայացմանը։ «Առհասարակ, կարծում եմ, որ ժողովրդական, հայրենասիրական երգերը պետք է շատ լինեն։ Շատ լավ եմ վերաբերում նաև հին հայկական, աշուղական երգերի նորովի գործիքավորմանը։ Դեռ նման երգեր չեմ պատրաստել, բայց հաստատ հետագայում կանեմ նաև նման մի բան»,- եզրափակեց նա։

 

«Հայ մնալու չնչին, բայց վերջին մի հնարավորություն ունենք»․ Հայկ Ղուլյանը՝ նոր տեսահոլովակի և երգի գլխավոր ասելիքի մասին