Պատերազմից հետո «Արցախի ձայնը» հնչում է. «Արցախի ձայներ»-ի, Շուշան Պետրոսյանի, Արթուր Գրիգորյանի, Դավիթ Ամալյանի, Սևակ Խանաղյանի մասնակցությամբ համերգի հետաքրքիր ու հուզիչ դրվագները
Պատերազմից հետո էլ «Արցախի ձայնը» հնչում է․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ հուզիչ մթնոլորտ էր: «Արցախի ձայնը» բարեգործական համերգին ելույթ ունեցան «Արցախի ձայներ» խումբը, Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, Սևակ Խանաղյանը, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, Վլադիմիր Արզումանյանը, Անետ Աղաբեկյանը: Համերգին ներկա էին պատերազմին մասնակցած զինվորները, նրանց ընտանիքները:
Tert.am Life-ը ներկա է եղել համերգին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել արտիստների հետ:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը համերգին կատարեց նաև «Անունս Արցախ է» ստեղծագործությունը, որի ժամանակ հուզվեց ոչ միայն երգչուհին, այլև հանդիսատեսը: Երգչուհին ընդգծեց, որ Արցախի հետ կապված ցանկացած բան իր համար յուրահատուկ նշանակություն ունի:
««Արցախի ձայներ» խումբն աչքիս առաջ է ձևավորվել: Երեխաներն իրենց առաջին քայլերն են արել բեմում, մեծացել, մրցանակներ ստացել, խմբի պատմությունն աչքիս առաջ է, բոլորն էլ ինձ համար հարազատ ու թանկ են: Լացուկոծ չեմ սիրում՝ չնայած ինքս փխրուն եմ դարձել բոլորիս հայտնի պատճառներով: Կարծում եմ՝ պայքարի մտքից, ամեն ինչ, բացի տղաներին հետ բերելու երազանքից հրաժարվել պետք չէ, պետք է ապրել գաղափարով, որ ամեն ինչ հետ կգա»,- ասաց նա:

Դավիթ Ամալյանն Արցախի երկրորդ պատերազմում կորցրեց որդուն, նա ևս բեմում էր: Նշեց, որ համերգը ոչ թե միջոցառում է, այլ խորհրդանիշ․ «Մասնակցելու համաձայնություն տվեցի, ինչի համար ուրախ եմ: Պետք է ընդունենք այն, ինչ ունենք, ապրենք այս ամենի հետ»:
Սևակ Խանաղյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմից հետո երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ: «Ելույթներ չէի ունենում, նոր երգեր չէի թողարկում, նույնիսկ Ինստագրամում «Սթորի» չէի տեղադրում: Բարդ է, բայց պետք է շարունակենք ապրել թեկուզ սրտում եղած ցավով, որը կարող է բուժել միայն ժամանակը: Պետք է ելույթներ ունենանք, համերգներ լինեն, պետք է պահպանենք մեր մշակույթն ու առաջ գնանք՝ դառնալով ավելի ուժեղ: Երգեցի «Արցախ»-ը, որը գրվել էր պատերազմից մեկ տարի առաջ, բայց թողարկեցինք այդ շրջանում՝ կարծելով, որ երգը մարդկանց կոգեշնչի, հույս, հավատ կտա: Առաջին անգամ «Արցախը» բեմում երգեցի, այն գրել ենք ես և լուսահոգի Սոսի Խանիկյանը, երգեցի նրա և մեր տղաների հիշատակին: Ուզում եմ միայն նման երգեր լսել Հայաստանի մասին, չեմ ուզում լսել ու երգել ստեղծագործություններ, որտեղ ասվում է, թե ինչպես ենք մենք տանջվել: Այո՛, մենք տանջվել ենք, բայց հաղթահարել ենք, ապրում ենք և դեռ երկար կապրենք»,- նշեց նա:

Համերգի ընթացքում Արթուր Գրիգորյանը երգեց «Արցախ» ստեղծագործությունը, երկրորդ անգամ նա բեմ բարձրացավ Վլադիմիր Արզումանյանի հետ կատարելու Արցախի մասին իր հեղինակած երգը: Երգի խոսքերի հեղինակն Անիտա Հախվերդյանն է:
Համերգը վարում էր հաղորդավար Գոռ Գլումովը, որը Արցախի երկրորդ պատերազմի օրերին ռազմաճակատում էր: Վերջերս լուսանկարներ տարածվեցին, որտեղ երևում էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի գմբեթները քանդել են: Գոռը շեշտեց, որ մենք դեռ կվերականգնենք գմբեթները:
«Ո՞վ ասաց, որ պետք է մեկ անգամ ազատագրենք Շուշին, գուցե մեր մեղքերի համար Աստված մեզ պատժեց՝ ասելով, որ պետք է պայքարենք ու ապացուցենք, որ ուժեղ ենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը շատ կարևոր է, իր դաստիարակած երեխաները Հայաստանի ապագան են: Պետք է հավատանք, ուժեղանանք, որ նորից Քոչարի, Յարխուշտա պարենք Ջդրդուզում, Քարվաճառում խորոված անենք, մեր երեխաներին տանենք Ծիծեռնավանք մկրտելու: Դրա համար պետք է հավատալ և բաց աչքերով նայել դեպի պայծառ ապագա, ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասաց նա:























































Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի







