«Երբ ասում եմ քանի տարեկան եմ, բոլորը զարմանում են». Ժաննա Վելիցյանը՝ ծննդյան օրը մեկ օր ուշ նշելու, մեծանալուց չվախենալու և անձնական կյանքն ինքնահոսի թողնելու մասին
Դերասանուհի Ժաննա Վելիցյանն օրերս դարձել է 27 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ծնունդը մեկ օր ուշ նշելու, ավելի երիտասարդ երևալու, երազանքների, նպատակների, ձեռքբերումների և անձնական կյանքի մասին:
Ժաննայի խոսքով՝ կեսգիշերին մոտ ընկերուհու հետ սրճարանում է եղել, չի էլ նկատել, որ արդեն 12-ն անց է, երբ մատուցողը «Ծնունդդ շնորհավոր» երգելով մոտեցել է:
«Նայում էի շուրջս՝ մտածելով, թե ո՞ւմ համար է նա երգում, հետո հասկացա, որ ինձ համար է: Հաջորդ օրը երեկոյան մի տեղ էի գնացել, որտեղ նորից մատուցողը տորթով մոտեցավ, շնորհավորեց: Իրականում, սրանք փոքրիկ դետալներ են, բայց հենց դրանցից է կազմվում մի ամբողջական էմոցիա: Անակնկալներ, առհասարակ, շատ եմ սիրում, նույնիսկ, երբ ընկերներս հարցնում էին, թե ի՞նչ գնեն ինձ համար, չէի ասում, որպեսզի անակնկալի գամ,- ասաց նա և հավելեց, որ ծննդյան օրը նշել են 1 օր ուշացումով, որովհետև այդ օրն ավելի հարմար էր,- Իրականում, օրը նշելու համար առանձնապես սիրտ չունեի, բայց նշեցի քիչ մարդկանցով, ներկա էին դերասանուհիներ Լիլիթ Սարգսյանը, Տաթև Հովակիմյանը, լավ օր ունեցա: Ի վերջո, բոլորս էլ մարդ ենք, բոլորիս էլ լիցքաթափվել է պետք»:

Դերասանուհին ընդգծեց, որ նախորդ տարվա իրադարձություններից հետո բոլորի միակ երազանքը խաղաղությունն է, բոլորն էլ դրա կարիքն ունեն:
«Առհասարակ, երազանքներս, նպատակներս իրականություն դարձնելու համար աշխատում եմ, քայլեր ձեռնարկում, չեմ նստում ու ուղղակի երազում: Դրանց իրականացման ժամկետները կախված են նրանից, թե ինչ ուժգնությամբ ես աշխատում, ինչի՞ հետ են դրանք կապված: Եթե կախված են ֆինանսից, կարող են մի փոքր դանդաղ իրականանալ: Առհասարակ, դեպի նպատակ տանող ճանապարհը բարդ է, կարող ես ընկնել, հետո վեր կենալ, իսկ դրա համար մոտիվացիա է պետք, ինքդ քեզ պետք է սթափ պահես, ընկերներդ կարող են քեզ ուժ տալ: Իմ ամենամեծ երազանքներից մեկն իմ մասնագիտությունն էր, որն ինձ բավականին բարդ տրվեց: Իմ կյանքում ոչինչ ինձ հեշտ չի տրվել, ես երկար աշխատել եմ ու հասել նպատակներիս»,- ասաց նա:
Ժաննան 27 տարեկան է, նա նշեց, որ իր տարիքը շատերին է զարմացնում: «Երբ ասում եմ քանի տարեկան եմ, բոլորը զարմանում են, ասում են՝ չի երևում: Կստեմ, եթե ասեմ, որ տարեցտարի մեծացող թվերն ինձ չեն վախեցնում, բայց սովորել եմ ինքս ինձ հետ ներդաշնակ լինել, ինչը տարիների հետ է եկել: Գիտակցում եմ, որ արդեն 27 եմ, բայց սիրում եմ ինձ այդ տարիքում, չեմ մտածում երեք տարի հետո 30 դառնալու, մինչև այդ հատուկ նպատակներ իրականություն դարձնելու մասին: Կան բաներ, որոնց վրա պետք է աշխատես, կան բաներ, որոնք պետք է ինքնահոսի թողնես: Եթե դրանց բալանսը պահես, խնդիրներ չեն լինի»,- նկատեց Ժաննան:

Դերասանուհին շեշտեց, որ 27 տարվա իր ամենամեծ ձեռքբերումն ընտանիքն է: «Ինձ համար ձեռքբերում է, որ ծնվել, մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ ընդունել են այնպիսին, ինչպիսին կամ: Մյուս ձեռքբերումս մասնագիտությունս է, որը պարզապես աշխատանք չէ, ապրում եմ դրանով: Ձեռքբերում եմ համարում նաև լավ ընկերներիս, կյանքումս ամենամեծ ձեռքբերումը հենց մարդիկ են»,- ասաց նա:
Խոսելով անձնական կյանքի մասին՝ դերասանուհին ասաց, որ չի կենտրոնանում այդ թեմայի վրա: «Անձնական կյանքս ինքնահոսի եմ թողել, չի կարելի անընդհատ մտածել դրա մասին, պետք է բաց թողնես, որպեսզի հետո վերադառնա քեզ: Պատճառն աշխատանքս չէ, երբեք չեմ հասկացել, թե աշխատանքն ինչպես կարող է խանգարել անձնական կյանքին: Չգիտեմ, թե իմ դեպքում ինչպես կլինի, բայց հիմա մտածում եմ, որ կարող եմ երկուսն էլ հասցնել»,- եզրափակեց նա:









