«Ծնողներս ինձ 100 %-ով վստահում են». տիկտոկեր Մագան՝ ոճափոխությունների, ծնողների վերաբերմունքի և 13 տարեկանից աշխատելու մասին
Տիկտոկեր Մագա Հարությունյանը հաճախ է ոճափոխությունների դիմում: Վերջերս նա մազերի գույնը փոխել է մի քանի անգամ, հիմա վառ վարդագույնով է, ասում է՝ իրեն այդպես դուր է գալիս: Tert.am Life-ի հետ զրույցում Մագան խոսել է ոճափոխությունների, ծնողների արձագանքի, ինքնուրույն լինելու և 13 տարեկանից աշխատելու մասին:
Մագայի խոսքով՝ փոփոխություններն իր համար համարձակ են, բայց անում է, որովհետև հոգնում է նույն կերպարից:

«Հիմա նորից ուզում եմ կտրուկ փոփոխություն անել, բայց դեռ չեմ կարող ասել, թե ինչպիսի, որովհետև նույնիսկ ինքս կոնկրետ չգիտեմ: Բոլոր գույների մեջ էլ ինձ հանգիստ եմ զգում, բայց մազերիս կանաչ գույնի հետ կապված շատ լավ կարծիքներ եմ լսել ու լսում՝ չնայած դրանից արագ հոգնեցի և փոխեցի: Այնպես չէ, որ փոփոխություններից հետո ներսումս ինչ-որ բան փոխվում է, ուղղակի սիրում եմ աչքի ընկնող, տարբերվող բաներ: Ինքս եմ մտածել մազափունջը գունավոր ներկելու մասին, այդպիսի միտք ոչ ոքի մոտ չեմ հանդիպել: Իմ անելուց հետո նկատեցի, որ շատերն են անում, բայց վստահ չեմ, որ ինձնից հետո են արել, գուցե շատերն այդպիսի մազերով էին, ես չէի նկատել: Մարդիկ էլ կան, որոնք, իսկապես, ինձնից հետո են ներկել մազերը, բայց չեն խոստովանում, մտածում են դրա մեջ ինչ-որ վատ բան կա: Շատ եմ նկատել նույնիսկ, որ մեկնաբանություններ են գրում, թե երբ իրենք այդպիսի մազեր ունեին, Մագան ո՞ւր էր: Ոչինչ չեմ պատասխանում նման մեկնաբանություններին»,- ասաց նա:
Ըստ տիկտոկերի՝ մազերը ներկելուց հետո փողոցում ավելի շատ ուշադրության է արժանանում: «Նույնիսկ օտարերկրացիներին են կոմպլիմենտներ անում, մանավանդ մազերս շատ վառ վարդագույնով ներկելուց հետո: Եղել է, երբ հայերը ասել են, որ մազերս շատ գեղեցիկ են, շատ դրական արձագանքներ եմ լսել, ինչից ինձ լավ եմ զգացել,- ասաց նա և հավելեց, որ ոճափոխություններ է արել վերջին մեկ տարվա ընթացքում,- Գուցե շատ մարդկանց իմ ոչ հայկական ոճն ու արտաքինը դուր չգա, բայց ինձ դուր է գալիս: Այնպես չէ, որ հայկականի դեմ ինչ-որ բան ունեմ, ուղղակի արտասահմանյանն այս պահին ավելի ակտուալ է, ինձ ավելի է դուր գալիս»:

Մագան նկատեց, որ ընտանիքի անդամներն իր ոճային փոփոխություններին դրական են վերաբերում: «Երբեմն մայրս ասում է՝ կարծես թութակ լինես, բայց դա ուղղակի իր կարծիքն է, ինձ չի արգելել ոչինչ: Նրանք գիտեն, որ երբ ինչ-որ բան անում եմ, գիտեմ, թե ինչ եմ անում: Կարող են մտածել, որ դիմացինին, հարևանին դուր չեն գա իմ քայլերը, բայց ուշադրություն չեն դարձնում, ինձ 100 %-ով վստահում են, արգելքներ չեն դնում իմ առջև: Ծնողներս Տիկ-տոկի գործերին ևս չեն խառնվում, որովհետև շատ բան չգիտեն դրա մասին՝ չնայած տեսնում են, որ հումորային տեսանյութեր եմ նկարահանում, տեղադրում: Երբեմն զարմանում են, որ տեսանյութ նկարահանելու համար գումար եմ վաստակում: Գուցե վստահությունը նրանից է, որ վաղուց ինքնուրույն եմ, վաստակում եմ իմ սեփական գումարը»,- նշեց նա:
Տիկտոկերը պատմեց, որ առաջին անգամ գումար է վաստակել 13 տարեկանում: «Ընկերուհուս հետ ամսագիր էինք առաքում մարդկանց տներ, ինչի դիմաց շատ քիչ գումար էինք վաստակում, կարող էինք ամբողջ օրվա ընթացքում 1000 դրամ վաստակել: Ծնողներս չգիտեին, որ աշխատում եմ, նրանց այդ մասին ասել եմ մոտ 2 տարի հետո: Ես միշտ ունեցել եմ ամեն ինչ, բայց ուզում էի սեփական գումարս ծախսել: 15 տարեկանում աշխատել եմ հեռուստաընկերությունում՝ որպես երկրորդ ռեժիսոր: Երբ դարձա 18 տարեկան ու ծննդյանս օրը հարցրին, թե քանի տարեկան եմ, զարմացան, մտածում էին, որ ավելի մեծ եմ: Խաբել էի անձնակազմին, չէի ասել տարիքս, բայց դա նրանց կողմից վատ չընկալվեց, ողջունեցին, որ այդ տարիքից աշխատել եմ»,- եզրափակեց Մագան:








