«Կինս շատ նման է մայրիկիս, ես նրան խելագարի պես սիրում եմ». դերասան Վազգեն Հովհաննիսյանը՝ հայկական ավանդական հարսանիքի և կնոջ ու մոր հարաբերությունների մասին

18:03 • 08.06.21

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան Վազգեն Հովհաննիսյանն ամուսնացել է: 30-ամյա դերասանի ընտրյալը 29-ամյա Մարիանա Գրիգորյանն է: Վերջինս վոկալի ուսուցչուհի է։ Tert.am Life-ի հետ զրույցում Վազգենը պատմել է հարսանիքի մանրամասներն ու տրամադրել լուսանկարներ:

Նրա խոսքով՝ պետք է ամուսնանային ապրիլի 4-ին, բայց հարսանիքը հետաձգվել է: «Դրանից մեկ շաբաթ առաջ հորաքույրս մահացավ, հարսանիքը հետաձգեցինք: Չէինք էլ ուզում մեծ հարսանիք անել, բայց հորաքրոջս ամուսինն ասաց, որ պետք է նշենք, որովհետև հորաքույրս այդպես կցանկանար: Որոշեցինք հարսանիքը կազմակերպել, նորից պատրաստվեցինք և երկու օր առաջ ամուսնացանք: Նախօրոք եղանակի կանխատեսումներին հետևել էի, պետք է անձրև գար, բայց շատ արևոտ ու առանց տեղումների եղանակ եղավ»,- ասաց նա:

Ըստ Վազգենի՝ հայկական ավանդական հարսանիք են ունեցել, նույնիսկ մատանիներն են դեղին ոսկուց եղել:

«Դհոլ-զուռնայով գնացինք հարսիկի տուն, հետո Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում Աստծո օրհնությունը ստացանք, գնացինք մեր տուն, մայրս մեղրով ու լավաշներով դիմավորեց մեզ: Մայրս ու Մարիանան հրաշալի հարաբերություններ ունեն, տորթը, տարոսիկները միասին են ընտրել, ես չեմ խառնվել: Կինս շատ նման է մայրիկիս, կարծես մայր ու աղջիկ լինեն: Ամուսնությունից հետո ծնողներիս հետ ենք ապրում, քանի որ եղբայր չունեմ, ունեմ երկու քույր, որոնք ամուսնացած են: Կարծում եմ՝ մայրիկիս ու կնոջս լավ հարաբերությունները միշտ էլ լավ կպահպանվեն, իրար շատ են սիրում»,- նշեց նա:   

Դերասանը պատմեց, որ հարսի զգեստը նախքան հարսանիքը չէր տեսել: «Չնայած ես էի Մարիանային խանութներ տանում, բայց թաքցնում էր զգեստը: Մի անգամ փորձեցի գաղտնի նայել, բայց Մարիանայի քույրը նկատեց: Երբ հարսանիքի օրը կնոջս տեսա, չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Նա շատ գեղեցիկ աղջիկ է, բայց այդ օրը յուրահատուկ էր: Սպիտակ զգեստ հագնելն աղջկա երազանքն է, իսկ տղայինը՝ սիրած աղջկան այդ զգեստով տեսնելը»,- ընդգծեց դերասանը:

Վազգենն ասաց, որ ռեստորանում երեկոն անակնկալներով լի է եղել: «Անակնկալ մատուցեցինք հյուրերին և երգեցինք Քրիստինե Պեպելյանի ու Սարգիս Եղիազարյանի «Սեր իմ» ստեղծագործությունը, հետո Մարիանան ինձ անակնկալի բերեց և կատարեց Հայկոյի «Վերև» ստեղծագործությունը: Շատ զգացմունքային երգ է, շոկի մեջ էի, սառել էի ուղղակի: Նախկինում ինձ մոտ չէր երգել, ասում էր՝ կերգի, և դա եղավ մեր հարսանիքի օրը: Մարիանան ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, վոկալ է դասավանդում, շատ լավ ձայն ունի»,- պատմեց նա:

Դերասանը նաև նշեց, որ հարսանիքի հյուրերի թվում են եղել թատրոնի իր գործընկերները: «Խոսել էի տնօրենի հետ, խնդրել, որ այդ օրը դրված ներկայացումը հետաձգվի, դերասանները կարողանան գալ: Ի սրտե ուրախացան ինձ համար, շնորհակալ եմ նրանց»,- ընդգծեց նա:

Վազգենն ու Մարիանան իրար ճանաչում են 1 տարի 2 ամիս: Վազգենը նկատեց, որ  գուցե, կարճ ժամանակ է, բայց սպասելու կարիք չկար: «Ես կնոջս շատ եմ սիրում, խելագարվում եմ իր համար: Նախկինում էլի սերեր են եղել, բայց նման իրական սեր չեմ ունեցել: Մարիանան քրոջս ամուսնու բարեկամուհին է, այդպես ենք ծանոթացել: Առաջին հայացքից ինձ չի հավանել, բայց ես իրեն շատ եմ հավանել, մտել է սիրտս: Հետո շփվեցինք, հասկացանք իրար, այս տարվա հունվարի 1-ին նշանվեցինք»,- եզրափակեց նա:

«Կինս շատ նման է մայրիկիս, ես նրան խելագարի պես սիրում եմ». դերասան Վազգեն Հովհաննիսյանը՝ հայկական ավանդական հարսանիքի և կնոջ ու մոր հարաբերությունների մասին