«Տարիքիս նայում եմ՝ հասկանալով, որ կյանքիս կեսն անցել է». Հասմիկ Կարապետյանի ծննդյան երեկույթ–համերգը, յուրահատուկ տորթն ու ամուսնու թանկարժեք նվերը
«Հոգիս» երգից մինչև «Ուշացածը». Հասմիկ Կարապետյանի համար ծննդյան օրն առաջին անգամ համերգային էր: Նա մեկ հարկի տակ էր հավաքել երկրպագուներին և ընկերներին:
Tert.am Life-ը ներկա է եղել Հասմիկի 44-ամյակին, ֆիքսել համերգի հետաքրքիր պահերն ու հյուրերին:
Երգչուհու խոսքով՝ ընտանիք կազմելուց հետո երկար տարիների լռությունից հետո որոշել է ծննդյան օրը համերգով նշել․ «Ինքս ինձ հարց տվեցի՝ ի՞նչ նվեր եմ ուզում տարեդարձիս համար, հասկացա՝ համերգ: Շնորհակալ եմ երկրպագուներիցս Սարիկին, որն այնքան նվիրված է իմ երգարվեստին ու ինձ: Նա խորհուրդ տվեց ծննդյանս օրը համերգ ունենալ: Եթե չպնդեր, չէի համարձակվի: Համերգը հիասքանչ անցավ, իր էներգետիկայով ավելի լավն էր, քան նախորդը»:

Ըստ Հասմիկի՝ համերգի ամենամիստիկ կողմն այն էր, որ երկու օր առաջ հիվանդացել է, սակայն համերգից առաջ ձայնը վերականգնվել է: «Ձայնս լրիվ կտրվեց, դժվարանում էի նույնիսկ խոսել: Ընկճախտի մեջ էի, հասկանում էի՝ այդ ձայնով չեմ կարող երգել: Աստծուն խնդրում էի, որ հրաշք լինի և կարողանամ երգել: Համերգին ներկա էր նաև Եվա Սուջյանը, որն ինձ խորհուրդ տվեց մի փոքր կոնյակ խմել: Դրանից հետո ավելի լավ երգեցի, քան նախորդ համերգին: Նույնիսկ Դեր Հովան ասաց, որ երբեք այդքան լավ չեմ երգել: Բարի ուժերն իմ կողմից էին, ամեն ինչ լավ անցավ»,- ասաց նա:
Երգչուհին խոստացավ, որ նման համերգներ էլի են լինելու: «Այս համերգները դեպի վերադարձ տանող փոքրիկ քայլեր են: Մեծ քայլեր չեմ կարող համարել, որովհետև դեռ հստակ ծրագրեր չունեմ: Հստակ է միայն այն, որ կունենամ նոր երգեր, համագործակցություններ, տեսահոլովակներ, համերգներ: Թե ինչ մասշտաբի կլինի այդ ամենը, չեմ կարող ասել, ինձ համար առաջնայինն իմ երեխաներն ու ընտանիքն են»,- նշեց նա:

Երեկոյին ներկա էին Արթուր Խաչենցը, Ավետ Բարսեղյանը: Հասմիկն ընդգծեց, որ Ավետը եկել էր՝ չնայած երեկ շատ զբաղված էր: «Ժամանակ գտավ, եկավ, բեմ բարձրացավ, ջերմությամբ և դրական էներգիայով լցրեց այն: Ավետին ճանաչում եմ արդեն 20 տարի, շատ եմ սիրում նրան, շնորհակալ եմ կյանքից, որ նման տեսակին կարող եմ ինձ հարազատ կոչել»,- ասաց Հասմիկը:
Երգչուհու տորթի վրա գրված էին իր երգերի անունները: Նա պատմեց, որ տորթն անակնկալ էր երկրպագուի՝ Սարիկի կողմից․ «Նույնիսկ չգիտեի, որ տորթ է պատվիրել, այն էլ՝ այդպիսին: Տորթի վրա երգերիս անունները գրելու գաղափարը նրանն էր, գույները ևս ինձ դուր եկան»:

Երեկոյի ընթացքում Հասմիկի ամուսինը՝ Շանթ Քիրմիզյանը, կնոջն անակնկալ մատուցեց և ժամացույց նվիրեց: «Ամուսինս ասաց, որ քաղաքում շատ գործեր ունի, առավոտյան շուտ գնաց: Ես ժամացույց կրելն այնքան էլ չեմ կարևորում, հեռախոսի վրա եմ ժամը նայում: Շանթը շատ է սիրում, միշտ ասում էր, որ ինձ շատ կսազի ժամացույց: Պարզվեց՝ ծննդյանս առթիվ ինձ համար շվեյցարական, թանկարժեք ժամացույց էր գնել: Ես ասացի՝ ինչո՞ւ է այդքան թանկ նվեր գնել: Որպեսզի ինձ մի փոքր լավ զգամ, ասաց, որ նվերը նաև մեր ամուսնության օրվա առթիվ է, որը վաղն է: Ամեն դեպքում, ժամացույցը շատ եմ հավանել, նուրբ ու կանացի է»,- ասաց Հասմիկը:
Երգչուհին այս տարի դարձավ 44 տարեկան: Նա շեշտեց, որ տարիքը չի զգում: «Դրանք ինձ համար պարզապես թվեր են: Գուցե շատերը ծիծաղեն, բայց 25 տարեկանի վրա կանգ եմ առել: Խոսքը ոչ թե մտավոր տարիքի, այլ ինքնազգացողության, թեթևության մասին է: Իհարկե, իմաստություն եմ ձեռք բերել, փոխվել, կյանքին այլ կերպ եմ նայում: Կնոջ մոտ 35-ից հետո իմաստություն է գալիս, իսկ 40-ից հետո ամեն ինչ ավելի գեղեցիկ է դառնում: Ինձ հիմա ավելի եմ հավանում, քան 20-30 տարեկանում: Այն ժամանակ դեռ հասուն չէի: Իհարկե, մեծացող թվերը վախեցնում են, որովհետև ուզում եմ հասցնել անելիքներս, նպատակներս: Թվին նայում եմ՝ հասկանալով, որ կյանքիս կեսն անցել է, արդեն 25 տարեկան չեմ: Մտածում եմ՝ միայն թե ժամանակս հերիքի»,- եզրափակեց նա:






























Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի







