Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանը՝ իր գործունեության, Լիդուշիկի հետ համագործակցության և նոր նախագծի մասին
Լրատվականի օպերատորից մինչև ռեժիսոր, պրոդյուսեր և լրատվականի պրոդյուսեր․ Արտյոմ Հարությունյանը 20 տարուց ավելի է, ինչ մեդիա ոլորտում է: Որպես ռեժիսոր նա աշխատել է լսարանին հայտնի մի շարք նախագծերում՝ «Կյանքի գինը», «Վերադարձ», «Եղբայրներ», «Սահմանին», «Հատուկ բաժին», «Խաղից դուրս», «Շահմարի առեղծվածը», «Փրկագին», «Բացիր աչքերդ», բացի այդ, նա նաև երգչուհի Լիդուշիկի տեսահոլովակների ռեժիսորն է:
Tert.am Life-ը ռեժիսորի հետ զրուցել է գործունեության, նախագծերի և նոր տեսահոլովակի մասին:
Արտյոմի խոսքով՝ 10 տարուց ավելի է, ինչ աշխատում է Լիդուշիկի հետ: «Երբ նոր էինք սկսել համագործակցությունը, Լիդուշիկը դեռ երեխա էր: Մեր միջև տարիների ընթացքում ձևավորված հարազատության զգացում կա, ճանաչում եմ նաև նրա ընտանիքին: Սովորաբար երեխաների հետ բարդ է աշխատել, բայց Լիդուշիկի հետ այդպես չէր, հաճույքով եմ աշխատել: 2-3 դուբլից ստացել ենք կադրն այն դեպքում, երբ նրա բոլոր տեսահոլովակները խաղարկային էին: Եթե համեմատելու լինենք, մեծերի դեպքում դուբլերն ավելի շատ են լինում: Լիդուշիկը տեսնում է իր երգը, նույնն էլ իմ դեպքում է: Հնարավոր է՝ առաջարկեն տեսահոլովակ նկարահանել, բայց որպես ռեժիսոր չտեսնեմ երգը, հրաժարվեմ։ Լիդուշիկի դեպքում նման բան չի եղել, արագ տեսնում եմ երգը»,- ասաց նա:

Ռեժիսորը պատմեց, որ այժմ աշխատում են Լիդուշիկի նոր տեսահոլովակի շուրջ: «Շատ մանրամասներ ասել դեռ չեմ կարող, բայց հետաքրքիր, օրիգինալ աշխատանք է սպասվում,- ասաց նա և Լիդուշիկի տեսահոլովակներից առանձնացրեց «Պարը», որի սցենարը շատ լավն է համարում: –Շատ էինք տանջվել տեսահոլովակի նկարահանումներին, բայց ստացել էինք ցանկալի արդյունքը: Կարծես փոքրիկ մանկական ֆիլմ լինի: Նախագծի շուրջ շատ երկար էինք աշխատել, բաց տարածքում տաղավար էինք պատրաստել, ծավալուն աշխատանք արել: Շատ լավն էր նաև «Սրտում առաջին սեր»-ը, որի նկարահանումներն իրականացրել էինք սահադաշտում, շատ ցուրտ պայմաններում: Այն ևս կարծես 18-րդ դարի կոլորիտով ֆիլմ լինի, եվրոպական ոճով նկարահանված տեսահոլովակ է»:
Ռեժիսորը նկատեց, որ պետք է ոչ միայն արտադրել նախագիծը, այլև զբաղվել դրա ճիշտ ներկայացմամբ: Այստեղ նրան օգնության են հասնում պրոդյուսերական հմտությունները։ «Ամեն ինչ ունի իր փաթեթավորումը, եթե այն ճիշտ է, բացառվում է, որ աշխատանքը հաջողություն չունենա: Ֆիլմի կամ տեսահոլովակի թիզերը մեզ կարող է գրավել, արդյունքում ամբողջը դիտենք: Հենց թիզերն էլ փաթեթավորումն է: Տարիների փորձով փաթեթավորման գաղտնիքների մի մասը գտել եմ»,- ասաց նա:
Տարիներ առաջ Արտյոմի նկարահանած «Կյանքի գինը» հեռուստասերիալը ժամանակին մեծ սեր էր վայելում Հայաստանում: Նա նշեց, որ այդ հեռուստասերիալի ժանրը Հայաստանում նորություն էր՝ և՛ դրամա էր, և՛ արկածային, և՛ թրիլլեր, սակայն հիմա այդ որակի սերիալներ չեն նկարահանվում։
«Բոլորս ոգևորությամբ էինք աշխատում, սերիաներն ամբողջ խմբով դիտում էինք: Հիմա նման որակի ֆիլմեր չեն նկարահանվում, որովհետև գովազդատուները նախընտրում են իրենց գովազդը ցուցադրել համացանցում: Նախկինում գովազդները միայն հեռուստատեսությամբ էին, և բավականին թանկ: Գովազդատուները նախընտրում են գումարը ծախսել համացանցային տիրույթում մի քանի, քան հեռուստատեսության մեկ գովազդի համար, համացանցում դիտումներն ավելի շատ են»,- շեշտեց Արտյոմը:

Ռեժիսորն իր նախագծերից «Շահմարի առեղծվածը» նմանեցրեց «Կյանքի գինը» հեռուստասերիալին․ «Մկրտիչ Սարգսյանի «Շահմարի առեղծվածը» ստեղծագործության հիման վրա նկարահանված համանուն հեռուստադրամայի մասին շատ արձագանքներ եմ լսել: Անգամ հեղինակի թոռնուհին է ինձ զանգահարել ու ասել, որ շատ է հավանել էկրանավորումը»։
Ռեժիսորն այժմ աշխատում է գեղարվեստական նոր ֆիլմի սցենարի շուրջ, որը ծրագրավորող երեխաների մասին է, արկածային ժանրում է:
Արտյոմը նկատեց, որ առաջարկ–պահանջարկ հարաբերակցության մեջ Հայաստանում հաճախ հաղթում է պահանջարկը, քանի որ ոչ ոք չի ուզում ռիսկի դիմել: Ըստ նրա՝ դա հասկանալի փաստ է՝ հաշվի առնելով հայկական շուկան։
«Մեզ մոտ չկա նոր բանի պահանջարկ, որովհետև ավելի որակյալը հասանելի է համացանցի միջոցով: Նախկինում, երբ Youtube-ը մեզ հասանելի չէր, կարող էինք նոր բան անել, և դա աշխատեր, իսկ հիմա այդ ամենը շատ արհեստական կլինի: Մարդկանց զարմացնելը շատ բարդ է: Արտերկրում կարողանում են զարմացնել, որովհետև մի նախագծի վրա աշխատում են մոտ մեկ տարի, մեծ ֆինանսներ են ներդնում, մեզ մոտ թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային ռեսուրսները սուղ են»,- եզրափակեց ռեժիսորը:








