«Սիրելիս միշտ հաշվի է առնում, թե ինչ եմ ուզում». Լիանա Հակոբյանը՝ 24-ամյակին սիրելիի նվերի և նիհարելուց հետո ավելի երիտասարդ երևալու մասին

14:57 • 23.07.21

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, որը հեռուստադիտողին հայտնի է «Ոսկե դպրոց» և «Դեպի ճամբար» նախագծերից, այսօր նշում է 23-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է օրվա ծրագրերի, սիրելիի անակնկալի և մեծանալուց վախենալու մասին:

Լիանայի խոսքով՝ երեկ սիրելիի հետ քաղաքից դուրս են եղել, երեկոյան շատ հոգնած եկել են իրենց տուն, սիրելին մնացել է, որ կեսգիշերին իրեն շնորհավորի: «Արդեն նվիրել է իր անակնկալը, բայց այդ մասին խոսել չեմ ուզում: Ուղղակի կասեմ, որ շատ եմ ուրախացել, հետաքրքիր ու անսպասելի նվեր էր: Այսօր էլ մեծ խնջույք չեմ ունենա, չեմ սիրում: Սիրելիիս հետ որոշեցինք, որ ինձ լավ կզգամ, եթե երկուսով նշենք օրը: Միասին կգնանք ատրակցիոններ, իսկ երեկոյան կնշենք մեր տանը»,- պատմեց նա:

Ըստ դերասանուհու՝ սիրելիի հետ իրեն զգում է այնպես, ինչպես ինքն իր հետ: «Մեծ սեր եմ տալիս ու հետ ստանում: Միշտ էլ շատ ուշադրություն եմ ստանում նրա կողմից, ծննդյան օրերը կապ չունեն: Մյուս օրերին նույնիսկ ավելի շատ եմ ուշադրություն ստանում, զգում եմ այնպես, կարծես ամեն օր իմ ծննդյան օրը լինի: Սիրելիս միշտ հաշվի է առնում, թե ինչ եմ ուզում, ինչն 1 ինձ դուր կգա: Նույնիսկ այսօր մտածում էի՝ ո՞ւր գնալ, որտե՞ղ անցկանցել օրը, իսկ նա ասաց՝ որտեղ ինձ լավ կզգամ, այնտեղ էլ կգնանք»,- ասաց նա:

Լիանան անկեղծացավ, որ մեծանալուց շատ է վախենում՝ չնայած դեռ 24 տարեկան է: «Միշտ ձգտել եմ մեծ երևալ, բայց հիմա մեծացել եմ ու հասկացել՝ գուցե ծերանամ, երիտասարդությունս գնալով մարի: Այդ մտքերը վախեցնում են՝ չնայած 24-ում կյանքը նոր է սկսվում: Նույնիսկ ծննդյանս օրվա համար արված ֆոտոշարքում խմորեղենի վրա ոչ թե 24, այլ՝ 4 թիվն է: Հիմա ուզում եմ փոքր լինել, սխալ եմ համարում: Իրականում, նիհարելուց հետո ինձ ավելի երիտասարդ եմ զգում, ինձ դուր են գալիս բաներ, որոնք ուրիշներին 18-ում են դուր գալիս, հոգիս երիտասարդացել է: Նախկինում ծննդյանս օրը ատրիակցոններ չէի գնա, բայց հիմա ուզում եմ գնալ: Դա նաև իմ սիրելիից է գալիս, նրա կողքին ինձ փոքր եմ զգում՝ չնայած ինձնից մի քանի ամսով է մեծ»- նշեց Լիանան:

Դերասանուհին նկատեց, որ փորձում է չշտապել, ժամանակից առաջ չընկնել ու հերթով իրականացնել նպատակները: «Ժամանակին մեկ տարի չեմ աշխատել, նկարահանվել, բայց այդ ընթացքն օգտագործել եմ նիհարելու համար: Իսկ դրանից հետո որպես մոդել հանդես գալու առաջարկ եմ ստացել: Հիմա ունեմ աշխատանք, եկամուտ: Պետք չէ շտապել, ամեն ինչ ճիշտ ժամանակին է լինում, բայց չպետք է ձեռքերը ծալած նստել, այլ պետք է քայլեր ձեռնարկել: Ես չեմ շտապում, երբեք ուշ չէ ինչ-որ բան անելու կամ սովորելու համար: Հիմա ուզում եմ անգլերեն սովորել, որովհետև ամաչում եմ,երբ փողոցում ինձ հարց տվող զբոսաշրջիկին բավարար պատասխանել չեմ կարողանում: Ուզում եմ լավ անգլերեն իմանալ: Նոր բաներ սովորելը թեթևացնում է կյանքը, մեկ-երկու քայլ առաջ տանում»,- ասաց նա:

Դերանուհին նաև շեշտեց, որ մարդիկ սովոր են բողոքել, ասել, որ հնարավորություններ չկան ու ոչինչ չանել: «Համաձայն եմ, որ մեր երկիրը ճգնաժամային իրավիճակում է, բայց դա չպիտի թույլ տա, որ ասենք՝ մեր երկիրն այս է, ոչինչ չենք անի: Հիմա նկատում եմ, որ մեր երիտասարդությունը նպատակներ չունի, աշխատունակ, սովորող չէ: Նեղսրտում եմ դա տեսնելով, որովհետև երիտասարդությունն է մեր ապագան»,- եզրափակեց նա:

«Սիրելիս միշտ հաշվի է առնում, թե ինչ եմ ուզում». Լիանա Հակոբյանը՝ 24-ամյակին սիրելիի նվերի և նիհարելուց հետո ավելի երիտասարդ երևալու մասին