«Ես ու կերպարներս տարբեր ծայրահեղություններ ենք». Ելենա Վարդանյանը՝ «Լավագուն դերասանուհի» մրցանակի, թատրոնի և նախագծերի մասին
Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը, Երևանում նշանավորվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ: 21-րդ թատերական մրցանակաբաշխության շրջանակում «Լավագուն դերասանուհի» անվանակարգում հաղթող են ճանավել Ելենա Վարդանյանը Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում «Գարդենիա» ներկայացման մեջ խաղացած դերի համար և Մարիամ Ղազանչյանը՝ Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում «Երեք քույր» նորկայացման մեջ դերակատարման համար:
Tert.am Life-ի հետ զրույցում Ելենա Վարդանյանը պատմել է իր հույզերի, հետագա ծրագրերի և իր կյանքում թատրոնի կարևորության մասին:
«Երբ բեմից հնչում է քո անունը, հույզերդ աննկարագրելի են, , - ասաց դերասանուհին և շեշտեց, որ իր համար մրցանակ ստանալն անսպասելի էր: -«Գարդենիա» ներկայացումն ինձ համար այլ արժեք ունի և հենց այդ ներկայացման շնորհիվ մրցանակ ստանալն ուղղակի պատիվ էր, բառերով չեմ կարող նկարագրել հույզերս: Ես միշտ բեմ բարձրանալիս սպասում եմ ծափահարությունների, իսկ երեկ բեմից իջել եմ մրցանակով»:

Դերասանուհու խոսքով՝ իր համար լավագույն մրցանակը հանդիսատեսի սերն է․ «Կարծում եմ՝ցանկացած արտիստ միշտ քրտնաջան աշխատում է և անում հնարավոր ու անհնար ամեն բան իր գործը հաջողելու համար։ Դերասանը չի աշխատում հանուն հաղթանակների և մրցանակների, աշխատում է հանուն հանդիսատեսի, և իմ հաղթանակը հանդիսատեսի սերն է իմ կերտած կերպարի և իմ նկատմամբ»:
Ելենան շեշտեց, որ 14 տարի թատրոնում աշխատելուց հետո դերասանությունը դադարել է լինել իր մասնագիտությունը: «Սա իմ ապրելակերպն է տարիներ շարունակ: Կյանքում մենք շատ ենք ունենում վերելքներ, վայրէջքներ, նույնն էլ թատրոնում է։ Այն ինձ լիովին բավարարում է որպես դերասանուհի և հագեցնում մասնագիտական ծարավս,- ասաց նա և ընդգծեց, որ միայն թատրոնում դերասանը կարող է մարմնավորել շատ կերպարներ: -Թատրոնն ինձ համար կյանք է, սեր է, որտեղ ես վերապրում եմ կյանքի լավագույն զգացողությունները, որոնք բառերով չեմ կարող նկարագրել»:
Ելենան նկատեց, որ ինքը շատ է տարբերվում իր կերտած կերպարներից, հենց դա է իրեն գայթակղում այս մասնագիտության մեջ: «Ես ու կերպարներս տարբեր ծայրահեղություններ ենք, առօրյա կյանքում անգամ արտաքինս է այլ: Ես ընտանիքի մարդ եմ և ինձ համար ամենակարևորն այս կյանքում ընտանիքս է, ծնողներս ու ամուսինս»,- ասաց նա, ապա հավելեց, որ տևական ժամանակ է՝ չի նկարահանվում երկարաժամկետ նախագծերում։ -Դա ևս ինձ համար հետաքրքիր փորձ էր, բայց թատրոնի զբաղվածությանս արդյունքում չեմ հասցնում նկարահանվել երկարաժամկետ նախագծերում»:



Թերեզա Հովհաննիսյան







