«Պատրա՞տ եք արթուն մնալ ամբողջ գիշեր». Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը Երևանում՝ «Up All Night» շրջագայության շրջանակում

10:05 • 04.08.25

Օգոստոսի 3-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը հյուրընկալեց համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսին։ Երևանում անցկացված մենահամերգը պատմական էր թե՛ հայ հանդիսատեսի, թե՛ արտիստի համար․ Լոպեսն առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանի բեմում։ Tert.am Life-ը ներկա է եղել համերգին ու առանձնացրել կարևոր դրվագները: 

Երկրպագուները դեռ ժամեր առաջ հավաքվել էին մարզադաշտում՝ ապահովելու լավագույն տեղերը և հնարավորինս մոտիկից տեսնելու իրենց կուռքին։

Համերգն անցկացվեց երգչուհու «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում։

«Երջանիկ եմ լինել Հայաստանում, առաջին անգամ հանդիպել այստեղի երկրպագուներին», - ասաց Լոպեսը բեմից ու հարցերեց՝ պատրա՞տ եք արթուն մնալ ամբողջ գիշեր: 

56-ամյա փոփ դիվան իր անսպառ էներգիայով և շքեղ շոուով գերեց հայ հանդիսատեսին՝ երկժամյա հագեցած ելույթի ընթացքում կատարելով իր ամենահայտնի հիթերը։ 

Ի դեպ, հուլիսի 24-ին Ջեյ Լոի ծննդյան տարեդարձն էր, նա հայաստանյան երկրպագուների հետ ևս նշեց իր ծննդյան 56-ամյակը՝ կատարելով Birthday հիթը:

Տոնական և ջերմ մթնոլորտում նա ասաց, որ երևանյան երեկոն միշտ կմնա իր սրտում։ «Երախտապարտ եմ իմ երաժիշտներին, պարողներին, ամբողջ անձնակազմին, որոնց միջոցով կարողացանք ձեզ նվիրել այս երեկոն։ Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, սակայն մի բան կասեմ՝ զբաղվեք նրանով, ինչ սիրում եք, և պահեք նրանց, ում սիրում եք։ Ազատ եղեք ու երջանիկ, ինչպես ես եմ ինձ զգում այս պահին՝ ձեր շնորհիվ։ Շնորհակալ եմ, Հայաստան», – նշեց նա։

Երևանյան համերգը դարձավ Լոպեսի շրջագայության ամենաոգեշնչող կանգառներից մեկը՝ թողնելով անմոռանալի հիշողություններ թե՛ երկրպագուների, թե՛ արտիստի համար։ 

«Պատրա՞տ եք արթուն մնալ ամբողջ գիշեր». Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը Երևանում՝ «Up All Night» շրջագայության շրջանակում