«Պատմական պահ է, այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է»․ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքը բացվեց
Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնն արդեն նոր հասցե ունի՝ Անրի Վերնոյ 3։ Հիմնադրումից 35 տարի անց թատրոնը սեփական հարկի տակ ստեղծագործելու հնարավորություն ունեցավ։
«Այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է: Մեզ համար շատ հուզիչ է, որ թատրոնը 35 տարի շարունակ սպասում էր իր շենքին… ուզում եմ ասել՝ կանգ առ, ակնթարթ, ինչքան սիրուն ես: Մեզ համար այս պահն իսկապես գեղեցիկ է»,-ասաց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Նա վերհիշեց, ինչպես տարիներ առաջ՝ 1991թվականին, Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի, Դավիթ Հակոբյանի և լավագույն դերասանների հետ հիմնադրեց թատրոնը․
«Այն սկզբում գործում էր Ժուռնալիստների միությունում, հետո հանգամանքների բերումով տեղափոխվեց Գրողների միություն, ապա՝ թատերական ինստիտուտ ու այդպես դեգերում էր անվերջ։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս 35 տարիների ընթացքում կանգնած են եղել մեր թատրոնի կողքին կամ եղել են մեր հանդիսատեսը։ Այսօր պատմական օր է մեզ համար և մենք այն սերունդն ենք, ովքեր վայելում են այդ պահը։ Բոլորս ներդրել ենք մեր քարն այս շենքի կառուցման պատի վրա։ Թատրոնը կբացվի միանգամից 3 առաջնախաղով, իսկ հին ներկայացումները կադապտացվեն այս բեմին»․,- նշեց Նարինե Ղուկասյանն ու հավելեց, որ այսօր թատրոնի բեմում առաջին անգամ հանդիիսատեսի դատնի կհանձնեն Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացումը։

Թատրոնի շենքն առայժմ կունենա 2 դահլիճ։ Մեծ դահլիճը 237 հոգանոց է։ «Այնքան երկար ժամանակ ոչինչ չենք ունեցել, որ մեզ համար այս ամենը շատ-շատ է»,- անկեղծացավ գեղարվեստական ղեկավարը։
Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանն էլ հավելեց, որ ավելի քան 6 ամիս չեն ունեցել տանիք, շրջագայել են Հայաստանում ու Հայաստանից դուրս, ունեցել են բազմաթիվ մարզային ծրագրեր, մասնակցել մի շարք միջազգային և հանրապետական փառատոների:
Տնօրենի խոսքով՝ շենքը բացվում է փուլային տարբերակով․ «Սկզբում կբացվեն այն հատվածները, որոնք անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործունեության համար, իսկ ժամանակի ընթացքում բարելավումներ տեղի կունենան»,-նշեց Ղուկաս Մադոյանը։







Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի











