23-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան»-ը․ կարմիր գորգն ու հայտնի հյուրերը
23-րդ անգամ մեկնարկեց Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Մինչև հուլիսի 19-ը փառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կինոփառատոններում ներկայացված ֆիլմեր՝ միավորելով կինոյի ճանաչված հեղինակներին, ոլորտի մասնագետներին և կինոսերներին մեկ հարթակում։
Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Ինչպես նաև Երևան է ժամանելու ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը՝ «Մեղսավորները» ֆիլմը հայ հանդիսատեսին ներկայացնելու։ Tert.am LIfe-ը ներկա է եղել փառատոնի բացման արարողությանը, ներկայացնում ենք կարմիր գորգի արարողությունն ու երեկոյի կարևոր դրվագները՝ ֆոտոշարքով։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրեց փառատոնի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ դեռ 2004 թվականին այն հիմնադրելու գաղափարը ծնվել էր իր երկու ընկերների հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի նման միջազգային կինոփառատոնի գոյությունը, որը տարիների ընթացքում դարձել է հայկական կինոյի և մշակույթի կարևոր հարթակ։
Բացման արարողության ընթացքում Հարություն Խաչատրյանը «Վարպետ» մրցանակը հանձնեց այս տարվա Միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Այնուհետև փառատոնի երեք հիմնադիրները հանդիսավորությամբ հայտարարեցին Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։

Երեկոյի կարևոր իրադարձություններից էր նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Բացման արարողության երաժշտական հատվածում աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը ներկայացրեց յուրահատուկ երաժշտական կատարում՝ նվիրված «Նամուս» ֆիլմի 100-ամյակին՝ հանդիսատեսին մատուցելով հատուկ իմպրովիզացիա։
Երեկոյի ընթացքում փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը խոսեց այս տարվա «Be a Poem» գաղափարի մասին՝ նշելով, որ այն ոչ միայն փառատոնի գլխավոր ուղերձն է, այլև անմիջականորեն առնչվում է բացման ֆիլմի գաղափարախոսությանը։ Այս տարվա գլխավոր պաստառը ևս նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի՝ հանդիսատեսին հրավիրելով ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրելու դրա ներսում։

«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհը նոր տեսանկյունից։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց՝ աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը», - նշեց Կարեն Ավետիսյանը:

Փառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Ռեժիսորն ընդգծեց, որ հայրենիքում՝ «Ոսկե ծիրանում», ֆիլմի համաշխարհային պրեմիերան ներկայացնելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։
«Մի բան է բացել Լոկառնոյի կինոփառատոնը, բոլորովին այլ բան է բացել իմ սիրելի հայրենիքի «Ոսկե ծիրանը»։ Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին։ Այդ սիրո նամակը փորձեցի վերածել ֆիլմի»,- նշեց Թամարա Ստեփանյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը՝ ներկայացնելով խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի հարուստ ծրագիր, հանդիպումներ համաշխարհային կինոգործիչների հետ, վարպետության դասեր և մասնագիտական քննարկումներ՝ ևս մեկ անգամ հաստատելով իր կարևոր տեղը միջազգային կինոփառատոնային քարտեզում։





















Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի











