Ալլա Ջիոևան կոմայի մեջ է. հարավօսական կին գործչի շտաբը` գրավված

21:40 • 09.02.12

Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Ցխինվալիում, այսօր Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևայի շտաբը գրավելու փորձ է արվել:

Ջիոևայի մամուլի ծառայության աշխատակից Իրինա Դոմբեգովան, Эхо Кавказа ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ մի խումբ համաձգեստով և դիմակավորված մարդիկ ներխուժել են շտաբ: Ավելի վաղ շտաբ է եկել դատախազության քննիչը և հայտարարել, որ Ջիոյևային կանչում են ցուցմունք տալու համար: Քաղաքական գործիչը հրաժարվել էր կատարել հրահանգը:

Ավելի ուշ, շտաբի գրոհի ժամանակ, Ջիոևան վատ է զգացել և կորցրել գիտակցությունը: Նախնական տվյալներով, նրա մոտ հիպերտոնիկ կրիզ է: Ալլա Ջիոևան ներկայում գտնվում է Ցխինվալի քաղաքի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա կողմնակիցները պնդում են, որ քաղաքական գործիչը կոմայի մեջ է:

Այս պահին Ջիոևայի շտաբը վերահսկվում է ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից, ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, ամբողջ թաղամասը` որտեղ գտնվում է նախագահի թեկնածուի շտաբը, շրջապատված է իրավապահ մարմինների կողմից: Շենքից և տարածքից հեռացվել են նրա կողմնակիցները, հեռացել են նաև այն շտապօգնության մեքենաները, որոնք տեղափոխել են գրոհի ժամանակ ծեծվածներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին նախատեսված էր Ալլա Ջիոևայի` որպես Հարավային Օսիայի նախագահի, երդման հանդիսավոր արարողությունը, որը նա ծրագրել էր անցկացնել հակադրվելով ներկայիս իշխանությունների կամքին, որոնք մարտի 25-ին նախագահական վերընտրություն են նշանակել: