«Բանգլադեշցի Համոն» պարտավորվել է. Ոստիկանություն
Tert.am-ի խնդրանքով Ոստիկանության հանրային կապերի և լրատվության վարչությունը մեկնաբանել է հունվարի 18-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով կալանավորված Աշոտ Ավետիսյանը ` «Բանգլադեշցի Համոյի» խափանման միջոցը փոխելու և կալանքի փոխարեն ստորագրությունը` քաղաքից չբացակայելու պայմանով խափանման միջոց ընտրելու այսօրվա որոշումը։ Ստորև ներկայացնում ենք Ոստիկանության պատասխանը.
«Աշոտ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու համար հիմք է հանդիսացել այն, որ քրեական գործով ավարտվել է ապացույցների հավաքման և ստուգման փուլը, որով իսկ վերացել են կալանավորման համար հիմք հանդիսացած հավանական ռիսկերն առ այն, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով:
Բացի այդ, խափանման միջոցները դրանք հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով, որից ելնելով Աշոտ Ավետիսյանը պարտավորվել է զերծ մնալ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց, մասնավորապես` առանց քննիչի կամ դատարանի թույլտվության չմեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, ինչպես նաև ներկայանալ քննիչի, դատախազի և դատարանի կանչով:









