Եվրամիությունը հրաժարվել է երկարաձգել Հունաստանի բանակցությունների ժամկետները

17:27 • 09.02.12

Եվրամիությունը մտադիր չէ երկարացնել Հունաստանի երեք առաջատար քաղաքական կուսակցությունների առաջնորդների բանակցությունների ժամկետները` բյուջետային ծախսերը 300 մլն եվրոյով կրճատելու շուրջ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Bloomberg-ին, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ամադեու Ալթաֆաջ Տարդիուն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հույն քաղաքական առաջնորդների արդեն վեց օր տևող բանակցությունները կերկարացվեն մինչև 15 օրով:

Նախապես Հունաստանը պետք է տնտեսական ու բյուջետային բարեփոխումների նոր ծրագիր ներկայացներ դեռ երկուշաբթի:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հանդիպում է ունեցել միջազգային վարկատու «եռյակի»` Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որը, սակայն, ավարտվել է ապարդյուն: Երկրի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել էր, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ «եռյակի» առաջարկած նոր վարկային համաձայնագրի կետերից մեկի` կենսաթոշակների կրճատմանը վերաբերող հարցի շուրջ: