Գագիկ Բաղդասարյանը գուցե մանդատը վայր չդնի, «քանի որ, նրանք կորցրել են իրենց պարկեշտությունը»
Գագիկ Բաղդասարյանը «Օրինաց Երկիր» կուսակցությունից հեռանալուց հետո, հայտարարել էր, որ վայր է դնում իր` պատգամավորի մանդատը, սակայն այսօր արդեն նախկին ՕԵԿ-ական պատգամավորը դժվարանում է պատասխանել այդ հարցին, թե վերջանականորեն հեռանում է Ազգային ժողովից, թե ոչ: «Ես ուզում էի հեռանալ ընդհանրապես «Օրինաց երկիր» կուսակցությունից և առայժմ Ազգային ժողովից, բայց քանի որ իրադարձությունները այնպիսի ընթացք ստացան, որ չեմ իմանում ինչ են ուզում ինձանից:
Ամբողջ օրը վարկաբեկում, փնովում են, չգիտեմ ինչ պիտակներ են կախում ինձ վրա, հիմա ես մտածում եմ` արդյոք այն մարդկանց հետ, ում հետ ես աշխատում էի, հարգում էի, ունե՞ն նրանք մի փոքրիկ հարգանքի նշույլ, որ թողնեն ինձ հանգիստ: Բայց, քանի որ, նրանք կորցրել են իրենց պարկեշտությունը, ես մտածում եմ, որ ԱԺ-ից մանդատս վայր դնեմ ու հեռանամ, կկորցնեմ իմ միակ պաշտպանվելու ամբիոնը, մտածելով, թե նրանք ինչերի են ընդունակ»,-ասաց Գագիկ Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչերի են ընդունակ Գ. Բաղդասարյանի նախկին գործընկերները, նախկին ՕԵԿ-ականը պատասխանեց, որ անպարկեշտությունների: Իսկ արդյո՞ք ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ վերջինս խոսել է` իր հեռանալու կապակցությամբ, Գ. Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ դրա ցանկությունն էլ չունի:
Գագիկ Բաղդասարյանը հավանական համարեց նաև, որ ինքը առաջիկայում կարող է մեծամասնականով առաջադրվել իրեն հարազատ Աջափնյակում, որտեղ, հիշեցնենք, մեծամասականով գործող պատգամավոր է ընտրված Հարություն Փամբուկյանը:
Գագիկ Բաղդասարյանին դեռ այլ կուսակցություններից հրավեր չի եղել,սակայն վերջինս նշեց, որ դեռ մտածում է, թե որ ուժի հետ են համընկնում իր գաղափարները:









