Ընտրակարգի և ընտրակեղծիքների միջև որևէ կապ չի կարող լինել. Գրիգոր Մուրադյան

18:23 • 09.02.12

Մայիսին կայանանլիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը Արդադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը անհասկանալի է համարում:

«Ընտրակարգի և իրական կամ ենթադրյալ ընտրակեղծիքների միջև որևէ կապ չի կարող լինել: Ոչ մեծամասնական, ոչ համամասնական ընտրակարգը չի երաշխավորում ընտրությունների գործընթացի արդյունավետություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մուրադյան:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը մերժեց ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած մի շարք օրենքների փաթեթը, որը ներառում էր նաև հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ առաջարկը:
Գրիգոր Մուրադյանը իր ուշադրություն հրավիրեց նաև մեծամասնական ընտրակարգի առավելություններին:

«Մեծամասնականը ունակ է ապահովելու կապը կոնկրետ պատգամավորի և տարածքի բնակչության միջև, ինչը զուտ կուսակցությունների պարագայում այդքան էլ հնարավոր չէ: Նման պարագայում ընտրակարգերի զուգակցումը այս պահին համարում եմ արդարացված»,- ասաց նա:

«Ինչ վերաբերում է նրան, որ մեծամասնականով ներկայացվում են գործարար նպատակներ հետապնդողները, ապա դա չի նշանակում որ նրանք չեն ընդգրկվի կուսակցություններ»,-նշեց նա և կոչ արեց օրենքներին համապատասխան ընտրություններ կազմակերպել և ապահովել դրանց լեգիտիմությունը: